Ալիև-Փաշինյան նախաստորագրած համաձայնագիրն «արձակե՞լ» է Բաքվի «ձեռքերը» ՀՀ նախկին նախագահներին և պատերազմի հերոսներին պահանջելու հարցում

Վերջին օրերին 168.amանդրադառնում է օգոստոսի 11-ին հրապարակված Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում առկա անվտանգային, քաղաքական, իրավաքաղաքական «ականներին»:

Ադրբեջանական քարոզչամեքենան, մասնավորապես, ադրբեջանական report.az-ը վերլուծություն է հրապարակել, որտեղ ակնարկում է, որ վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը կարող է «ՀՀ նախկին նախագահներին Հաագայի դատարան հասցնել»:

Ադրբեջանական քարոզչամեքենան այս համատեքստում որպես հիմք՝ հատկապես հիշատակում է Ադրբեջան-Հայաստան նախաստորագրված համաձայնագրի 9-րդ հոդվածը, որը սահմանում է.

Կարդացեք նաև

«Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:

Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»:

Ըստ այդմ՝ Ադրբեջանը «սպառնում է», որ ցանկացած պահի կարող է «Խոջալուի ցեղասպանության» (այս թեման Բաքվի «դատավարության» օրակարգում է) «մեղավորներին» պատասխանատվության ենթարկելու արդարություն պահանջել, և, որ «պաշտոնական Բաքուն կարող է օգտվել նույնիսկ Դեյթոնյան համաձայնագրի փորձից»:

Բաքվում նկատում են, որ սա կարող է ձեռնտու լինել նաև Նիկոլ Փաշինյանին:

Այսինքն, ինչպես և մշտապես զգուշացրել ենք՝ Ալիևը չի հրաժարվելու Բաքվի «դատավարությունից», որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ, ուստի խաղաղության, թշնամանքի վերացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանն ինքը դրան չի ձգտում:

Արդյո՞ք սա չի նկատում Նիկոլ Փաշինյանը, թե՞ այս գործում նրան միայն հետաքրքրում է սեփական իշխանության պահպանումը և հետագայում թուրքական «երաշխավորությամբ» վերարտադրվելը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի տարեվերջին, ինչպես հայտնել էր 168.am-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում էր ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Սրանից առաջ Ալիևն ինքն էր հայտարարել, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք» է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»՝ այն համարելով երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը:

Բացի այս, Ալիևը պահանջել էր հետաքննել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին վերագրվող «Գյանջայի դեպքերը», որը ևս Բաքվի «դատավարության» հիմնական թեմաներից է:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցն իր հոդվածում հիշեցրել է նաև, որ 2021 թվականի հունիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ, և դրանից բացի, հրապարակվել են այլ անձանց անուններով ցուցակներ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Ջալալ Հարությունյան և այլք:

Հիմա սա խաղաղության գնա՞լ է, թե՞ ռազմավարական գործարք, ինչը 2024 թվականի նոյեմբերին Ալիևին առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.

«Ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»:

Տեսանյութեր

Լրահոս