ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՏԻ` ՊԱՐՏՎՈՒՄ Է… ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ «ՊԼԱՆ Բ»-ԻՆ. ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի և Քաղպայմանագրի վիճակը տխուր է առաջիկա ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը ցույց է տալիս, որ նա գիտի ընտրությունների իրական պատկերի ու իր պարտվելու հավանականության մասին։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մասին։

«Փաշինյանի և Քաղպայմանագրի վիճակը տխուր է, և դրա լավագույն ցուցիչը մարդու հոգեվիճակն է։ Երբ մարդու մոտ պրոբլեմներ կան, նրա պահվածքը ցույց է տալիս իր ներքին հոգեվիճակը, լարումները, բռնկումները։ Ուզո՞ւմ ես հասկանալ՝ նայում ես Փաշինյանի վերջին 7-8 օրվա հոգեվիճակին։ Սա այն Փաշինյանը չէ, որ ավտոբուսով ընկերների հետ, որի իրավունքը չուներ, գնում էր, մարդկանց հետ սիրով հանդիպում էր, սրտիկներ էր ցույց տալիս։

Ճիշտ է, ինչ-որ խիստ խոսքեր լինում էին, բայց նա այնքան համբերատար էր, սիրով մարդկանց ասածներն ընդունում էր, իսկ հիմա Արցախ բառն ասում ես՝ պայթում է, կորուստներից ասում ես՝ միանգամից վիրավորական արտահայտություններ։ Սա իր հոգեվիճակն է, և այդ հոգեվիճակը փոխանցվում է նաև իր թիմակիցներին»,- մեկնաբանեց Հայկ Նահապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն ու հոգեվիճակը քարոզարշավի վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ կարևոր ցուցիչ է։ Փորձագետի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Փաշինյանը հաճախակի կորցնում է ինքնատիրապետումը, որը խոսում է իր ներքին հոգեվիճակի մասին։ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան պայմանավորված է հենց այս հանգամանքով։

«Ենթադրում եմ, որ Փաշինյանն ամենայն հավանականությամբ գիտի իրական թվերի և իր պարտվելու հավանականության մասին։ Տարբեր գնահատականներով՝ Երևանում և մարզերում՝ գյուղական բնակավայրերում, իր վարկանիշի անկման թիվը երկնիշ է։ Սա ինքնին ցուցիչ է։ Սա նշանակում է, որ Փաշինյանը 400 000 ձայն էլ կարող է չհավաքել։ Փաշինյանը վստահաբար գիտի անկման մասին»,- կարծում է Նահապետյանը։

Վկայակոչելով տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալները՝ Նահապետյանը կանխատեսում է, որ եթե ԱԺ ընտրություններին մասնակցի մոտ մեկուկես միլիոն քաղաքացի, ապա Փաշինյանի ֆիքսված ընտրազանգվածի տոկոսը քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թվի մեջ բավականին ցածր է լինելու։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ սա նշանակում է, որ եթե ըստ սոցհարցումների՝ ընդդիմադիր երեք հիմնական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի ձայների տոկոսային հանրագումարն ավելի մեծ է, քան ՔՊ-ինը, ապա գործող իշխանության համար ամենաանցանկալի սցենարն է դառնում Գյումրիի ընտրությունների կրկնությունը։

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ եթե Փաշինյանին առաջիկա օրերին չհաջողվի բարձրացնել իր վարկանիշը, այդ դեպքում իր թիկունքին կանգնած կառույցներն ու պետություններն անցնելու են, այսպես ասած՝ «Պլան Բ»-ին։

«Նախընտրական ակտիվությունն այսօր բավականին բարձր է, և Փաշինյանն էլ գիտի այդ մասին, 2021-ի ԱԺ ընտրությունների կամ Երևանի ավագանու ընտրությունների նման չէ, տարբեր գնահատականներով՝ 60-65 տոկոս, նույնիսկ կարող է՝ 70 տոկոս, և այս դեպքում իր պարտությունը 100 տոկոս է։

Ենթադրում եմ, որ ինքն այդ մասին գիտի, և եթե ԱՄՆ պետքարտուղարի այցից և մայիս 28-ի շքերթից հետո իր վարկանիշը կտրուկ չբարձրանա, այդ դեպքում այն կառույցները և երկրները, որոնք շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, անցնելու են երկրորդ պլանին կամ «Պլան Բ»-ին, իսկ երկրորդ պլանն, ըստ իս, մոլդովական սցենարն է, այն է՝ ընտրություններից հանել մեկ կամ երկու ընդդիմադիր քաղաքական ուժի տարբեր պատրվակներով, ընդ որում, ասեմ, որ իշխանություններն արդեն նախապատրաստում են քաղաքական հող դա անելու համար»։

Փորձագետը հավելում է՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին և նրանց դեմ սկսված տեղեկատվական արշավին։

«Մոլդովայում երկու ընդդիմադիր ուժի թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։ Եթե իրենք ընտրություններից մի քանի օր առաջ գնահատեցին, որ Փաշինյանը չի հաղթելու, և այս երեք ուժերը, որոնք անցնում են խորհրդարան, գումարային առումով նրանց ձայները 5, 6, 7 տոկոսով ավելին է լինելու, իսկ դա էական տարբերություն է, այդ դեպքում կփորձեն պայքարից դուրս թողնել մեկ կամ երկու ուժի։

Եթե նույնիսկ հնարավոր չլինի հանել նրանց, կամ դա կարող է բերել ներքաղաքական ցնցումների, կա երրորդ սցենարը՝ արտակարգ իրավիճակ ներքաղաքական լարվածության կամ սահմանին բախումների ու կրակոցների պատճառով։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ Ալիևի և Էրդողանի ցանկալի թեկնածուն Փաշինյանն է»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Այս իրավիճակում ռազմական փորձագետն ընդգծում է՝ Հայաստանի քաղաքացիներից ու ամեն մի ընտրողից է կախված Հայաստանի ճակատագիրը։ Նահապետյանի խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված իր զավակի ապագան.

«Հունիսի 7-ը ես նույնականացնում եմ իմաստային առումով 1918-ի Սարդարապատի ճակատամարտի հետ։ Վերջին հաշվով, եթե Սարդարապատի ճակատամարտում հայկական կողմը պարտվեր թուրքական էլիտար ստորաբաժանումներին, Հայաստան այլևս չէր լինի։ Ես զուգահեռում եմ հունիսի 7-ը 1918-ի մայիս 28-ի հետ, որովհետև թուրքական բանակը Թուրքիայի քաղաքական ղեկավարության հանձնարարականով պիտի ամբողջությամբ հայազրկեին այս տարածքը, որն ամբողջովին պիտի գրավվեր, իսկ դրանից հետո հասկանալի է, չէ՞, թե ինչ էր սպառնում հայությանը։

Սակայն մենք կարողացանք այդ հաղթանակը կերտել, քանի որ ճակատամարտ չգնացողը դասալիք էր համարվում։ Հիմա հունիսի 7-ն իր նշանակությամբ հավասարազոր է մայիս 28-ին, որովհետև մեծ հաշվով՝ թյուրքական աշխարհը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց հովանավոր պետությունների, խնդիր են դրել «Մեծ Թուրանից» հանել հայկական սեպը»։

Հայկ Նահապետյանը նաև հավելում է, որ իր կարծիքով՝ Իրանի դեմ պատերազմի հնարավոր արդյունքներից ելնելով՝ Թրամփի վարչակազմը մտավախություն ունի, որ կարող է կորցնել ԹՐԻՓՓ-ը Հայաստանում, այդ պատճառով է ԱՄՆ պետքարտուղարը շտապում Երևան՝ ԹՐԻՓՓ-ի մասին փաստաթուղթ ստորագրելու նպատակով։

Ռազմական փորձագետի խոսքով՝ կարևորը պահի լրջությունը և մեր երկու հարևանների ծավալապաշտական ծրագրերի նպատակը հասկանալն է։ Ըստ ռազմական փորձագետի՝ հունիսի 7-ը նոր Սարդարապատ է, քանի որ թյուրքական աշխարհն ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց հովանավոր պետությունների խնդիր են դրել բրիտանա-թուրքական ծրագիր հանդիսացող «Մեծ Թուրանից» հանել հայկական սեպը, այսինքն՝ աշխարհագրորեն վերացնել Հայաստանը։ Իսկ եթե հայկական սեպը հանվի, կորցնելու ենք պետականությունը։ Նահապետյանի խոսքով՝ մենք ենք Փաշինյանի իշխանությանը հեռացնողը, և Հայաստանի քաղաքացու ձայնն է հունիսի 7-ին որոշելու Հայաստանի զարգացման ուղղությունը։

Ըստ փորձագետի՝ վտանգը դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին.

«Հիմա թյուրքական աշխարհը նույն գործն է շարունակում, գործիքներն են տարբեր։ Թյուրքական աշխարհի և բրիտանա-թուրքական պրոյեկտի նպատակն է այս տարածաշրջանից մեզ դուրս մղելը, հետևաբար եթե հունիսի 7-ին օրվա իշխանությունները վերարտադրվում են, իրականացնելու են թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հովանավոր պետությունների ծրագիրը։ Ես դեմ եմ։ Գերակշիռ մեծամասնությունը դեմ է։ Խնդիրն այն է, թե դեմ լինելով՝ մենք ինչքանով ենք կամք դրսևորում գնալու ընտրատեղամաս։

Հո մենք չե՞նք ասում՝ զենք վերցրեք, գնացեք ճակատամարտի, բայց ընդամենը պետք է քաղաքացիական պատասխանատվություն։ Եթե մենք հասկանանք սա, կլինի մոտիվացիա անպայման հունիսի 7-ին գնալու ընտրությունների։ Երբ մենք կարևորենք և հասկանանք վտանգի չափը, դա կարող է մարդուն ուղղակի կամ անուղղակի ստիպել, որ ինքը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս»։

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի ընտրություններին ընտրական իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 2 489 031 (2 մլն 489 հազար 31) քաղաքացի։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031