Բաքուն «Գյանջայի դեպքերի» մեղավոր է կարգել ՀՀ զինված ուժերին, հրապարակվել են զինվորականների անուններ. Ի՞նչ է որոշելու Փաշինյանը

Երեկ գրել ենք, որ մայիսի 29-ին Ալիևը Բաքվի դատարան է գործուղել Ապրիլյան քառօրյայի և հուլիսյան մարտերից «տուժածների» և հիշեցրել հուլիսյան մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մոր «ցուցմունքն» Ադրբեջանի ռազմական ղեկավարության դեմ:

Իսկ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

Մասնավորապես, «տուժող» Մայիս Միրզոևը հայտարարել է, թե մասնակցել է տարբեր ուղղություններով ծավալված մարտական գործողություններին, և հոկտեմբերին Հադրութի ուղղությամբ մարտերի ընթացքում վիրավորվել է՝ «հակառակորդը Հադրութի ուղղությամբ կիրառել է հրետանի և ականանետ»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը հարց է ուղղել Միրզոևին՝ «ով է առաջինը սկսել հարձակումը», ինչին նա արձագանքել է՝ «Մենք պատասխանել ենք հակահարձակմամբ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ, օրինակ, այս տարվա փետրվարին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, որն ադրբեջանցիները կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ, Իլհամ Ալիևը, ըստ էության, խոստովանել էր, որ և՛ 44-օրյա պատերազմը, և՛ 2023 թվականին Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիան» եղել են նախապես ծրագրված:

Ավելին, 2023 թվականին Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների համատեքստում մենք ներկայացրել էինք ադրբեջանցի շեխիդների հարազատների վկայությունները, որ Արցախի դեմ կռվել են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցներից, ոչ միայն բանակից:

Օրինակ, Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել էր, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, որը վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմի են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել:

Իսկ Բաքվի մայիսի 30-ի «դատավարության» ժամանակ 44-օրյա պատերազմի համատեքստում մեծ տեղ է հատկացվել «Գյանջայի դեպքերի» քննությանը, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր՝ հերթական անգամ ապացուցելու, որ «Գյանջայի դեպքերը» Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի «ձեռքի գործն է»:

Ավելի վաղ գրել ենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցաքննությունների միջոցով Ալիևը փորձում է «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը դնել ՀՀ զինված ուժերի կամ 2020 թվականի պատերազմի ժամանակ պաշտոնավարած պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի վրա:

Եթե նույնիսկ ընդունենք, որ Հարությունյանի «ցուցմունքները» կամ ադրբեջանական մեղադրանքներն իրականությունից հեռու չեն, ապա առանց ՀՀ երկրի ղեկավարի և իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի իմացության նման բան հնարավոր չէր, ինչի մասին տողատակ կամ ապացույց կարելի է գտնել պատերազմի օրերին տված հենց Նիկոլ Փաշինյանի մի քանի հարցազրույցում և դրանցում առկա ձևակերպումներում:

Իսկ իրականում՝ ում վրա էլ դրվի «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը, այն դրվում է Հայաստանի Հանրապետության վրա, և այստեղ ամենևին էլ անձերի խնդիր չէ:

Այսինքն, սա օգտագործվելու է Հայաստանի դեմ՝ որպես ճնշման գործիք Նիկոլ Փաշինյանի հետ առանց այդ էլ պարտադրված խաղաղության բանակցություններում:

Վերադառնալով մայիսի 30-ի «դատական» նիստին՝ նշենք, որ Բաքուն հեռուն է գնացել և «դատավարության» ժամանակ «Գյանջայի դեպքերի» համատեքստում ՀՀ զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանումների և զինվորականների անուններ է հրապարակվել, երբ, օրինակ, 2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն հայտարարել էր, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ, իսկ ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել:

Ինչպե՞ս է այսօր Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում դիմակայել Ադրբեջանի հայտարարած իրավաքաղաքական պատերազմին, կարող ենք միայն ենթադրություններ անել:

Գուցե մի օր, ինչպես մի առիթով գրել ենք, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ընդունի՞ Ալիևի պահանջը և հետաքննի «Գյանջայի դեպքերը», ու մեղավոր կարգի Արցախի նախկին նախագահին ու ՊԲ-ին, կամ ՀՀ ռազմական ղեկավարությանը:

Նշենք, որ Հայաստանի դեմ ուղղված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը» կշարունակվի հունիսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս