Նախընտրական իլյուզիաներ և սառը ռեալպոլիտիկ. ունի՞ Հայաստանն իրական տնտեսական այլընտրանք

Հայաստանում օր օրի թեժացող նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է արտաքին քաղաքական մեծ բաղադրիչով՝ ՀՀ իշխանությունների հասցեին Ռուսաստանից հնչող կոշտ քննադատությամբ, Արևմուտքից՝ անվերապահ աջակցության խոսքերով, այցերով, ժեստերով։ Եվ մինչ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ փուլում Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և երեք երկկողմ փաստաթուղթ ստորագրում հայկական կողմի հետ՝ բարձրացնելով հայ-ամերիկյան համագործակցությունը համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով ՀՀ-ին կոչ է անում կողմնորոշվել՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ լքել կառույցը։

Այս ամենն ուղեկցվում է նաև Ռուսաստանից փոքր տնտեսական սանկցիաներով, պայմանավորված Հայաստանից ՌԴ մատակարարվող մի շարք ապրանքների որակական հատկանիշներով, որոնք ՀՀ իշխանությունները համարում են բնականոն աշխատանքային խնդիրներ, որևէ արտառոց իրավիճակ չտեսնելով այդ ամենում։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանում իշխանության կողմից մեծ թափ է առել, այսպես կոչված, լրտեսների, գործակալների թեման, թեման շրջանառվում է հնարավոր ամեն կերպ՝ նախընտրական դիսկուրսում առանցքային թեմայի վերածելով ՌԴ-ից, այսպես կոչված, միջամտության թեման։ Եվ որքան Հայաստանի ներսում սրվում է Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը, դիսկուրսը, այնքան սրվում են Ռուսաստանից հնչող հայտարարությունները՝ վերածվելով սպառնալիքների։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս շատ խիստ քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի և իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, այն համեմատելով Ուկրաինայի օրինակի հետ։ Մեդվեդևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը կվնասի ամբողջ հայ ազգին և երկրի տնտեսությանը։

«Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ»,- նշել էր Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

Կարդացեք նաև

ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն էլ առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը:

«Տասնամյակներ շարունակ ռուսական գազը Հայաստանի համար եղել է ոչ միայն ապրանք, այլ նաև դաշնակցային ճարտարապետության տարր։ Եթե այդ համակարգը քայքայվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի առևտրային գնով։ Այդ դեպքում առաջարկվում է այն բարձրացնել մինչև եվրոպական գների մակարդակ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 400-600 դոլար»,- Պետդումայում անցկացված՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասել է Լուգովոյը։

Բացի այդ, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է նաև «սահմանափակել» արտոնյալ մաքսային կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել ռուսական տնտեսական տարածքից, ինչպես նաև իրականացնել Հայաստանի՝ Ռուսաստանի հանդեպ միջպետական պարտավորությունների ամբողջական աուդիտ։

ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ պնդել է, թե, ի տարբերություն Եվրամիության, «ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է փոխադարձ հարգանքի ու իրավահավասարության հիմքի վրա»: Նա նաև ասել է, թե եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ գազի սուբսիդիաները ՌԴ օգնությունն են Հայաստանին, և դրանք Ռուսաստանի հաշվին են արվում։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է տրվում, այն երկնքից չի ընկնում։ ՀՀ–ին տրվող արտոնությունը Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է` օրինակ` հիմա, երբ գազը եվրոպացիներին վաճառվում է 500-800 դոլարով, ոչ ոք նրանց չի օգնում իր հաշվին, ամերիկացիները նրանց օգնում են մեծ գումարի դիմաց։ Նա Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։

«Դա պետք է «Գազպրոմին» հարցնեք, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Այնտեղ արտոնյալ գին կա, կարող է ավելի բարձր կամ ցածր լինել, և այն կարող է վերանայվել, ու կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Դա կորպորատիվ հարց է, պետք է դիմել «Գազպրոմին»»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս քննարկվում է Հայաստան արտոնյալ գներով գազ մատակարարելու մասին համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը։

Պեսկովը նաև ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, նա աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի, երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, դա հասկանալի է»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում:

Թեմային ակտիվորեն անդրադառնում են ռուսական ԶԼՄ-ները։ ՌԻԱ Նովոստի-ն, ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, գրում է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը ռիսկի է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է գազի գնի հետ կապված ուղիղ ու անուղղակի սպառնալիքներին՝ ասելով, թե անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, օրինակ, թանկ գնով, այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»: «Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ լինել Եվրամիության կազմում: Էդ ես չեմ որոշելու, էդ դուք եք որոշելու: Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այլընտրանքներ: Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում, որովհետև իրենք պետք է առաջարկ անեն հայ ժողովրդին, ասեն՝ էս լավ բանը կանենք, էն կանենք, իրենք, հակառակը՝ ասում են՝ էս վատ բանը կանենք»,- նշել է Փաշինյանը: Ընդգծելով՝ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, նա ասել է. «Դա նշանակում է, որ Հայաստանը՝ ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր»։

Սակայն հարցն այն է, թե որքանո՞վ Հայաստանն իսկապես ունի իրական տնտեսական ու արտաքին քաղաքական այլընտրանքներ Արևմուտքի տեսքով։ Այս հարցադրումը դառնում է այն ջրբաժանը, որտեղ ավարտվում է նախընտրական հռետորաբանությունը և սկսվում է սառը ռեալպոլիտիկը։ Երբ մի կողմ ենք դնում քարոզչական էֆեկտներն ու էմոցիոնալ շեշտադրումները, ստիպված ենք լինում իրավիճակը գնահատել բացառապես թվերի, աշխարհագրական դիրքի և ինստիտուցիոնալ իրողությունների լեզվով։ Իսկ այդ տվյալների համադրումը փաստում է, որ ներկա փուլում Հայաստանը չունի Ռուսաստանին փոխարինող արագ և համարժեք տնտեսական այլընտրանք, մինչդեռ Եվրամիությունը ՀՀ-ին մոտալուտ անդամակցության որևէ իրավական կամ քաղաքական երաշխիք չի առաջարկում։

Հայաստանի տնտեսական համակարգը տասնամյակներ շարունակ կառուցվել է ռուսական ենթակառուցվածքների և սպառման շուկայի հետ կառուցվածքային սերտաճման տրամաբանությամբ, որտեղ ԵԱՏՄ-ից հնարավոր ելքը վտանգում է ապրանքաշրջանառության էական տոկոսը՝ հիմնականում հայկական արտահանման կենսական ճյուղերը։

Եվրոպական շուկան գործում է խիստ սակագնային քվոտաների, տեխնիկական կանոնակարգերի և որակական չափորոշիչների համակարգով, որոնց համապատասխանեցման համար հայկական բիզնեսից տարիների ադապտացիա և հսկայական կապիտալ ներդրումներ կպահանջվեն, իսկ դեպի ԵՄ տանող լոգիստիկ ինքնարժեքն անհամեմատ բարձր է, քանի որ Վերին Լարսի անցակետին տրանսպորտային ռեալ փոխարինող ներկայումս գոյություն չունի։

Էլ ավելի խոցելի է էներգետիկ բաղադրիչը. Մոսկվայից հնչող ազդակները գազի սուբսիդավորումը դադարեցնելու և գինը եվրոպական մակարդակի (400-600 դոլար) հասցնելու վերաբերյալ ուղիղ սպառնալիք են Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը, իսկ Փաշինյանի պնդումը, թե այդ ռիսկին հնարավոր է հակադրել «ավելի շատ փող ունենալու» բանաձևը, չի հենվում տնտեսագիտական որևէ հստակ հաշվարկի վրա, քանի դեռ տարածաշրջանում բացակայում է նույնիսկ կնքված խաղաղության պայմանագիրը և ապաշրջափակված չեն սահմանները։

Այս ֆոնին Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը չի կարող դիտարկվել՝ որպես այլընտրանք, քանի որ Բրյուսելը ներկայումս չունի պաշտոնական ակտիվ ընդլայնման օրակարգ, ԵՄ-ն, դատելով հայտարարություններից, պատրաստ է ընդլայնել միայն ֆինանսական աջակցությունն ու խորացնել գործընկերությունը, բայց ինստիտուցիոնալ անդամակցության իրական գործընթացն աղոտ է թվում։ Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարիների փորձը ցույց է տալիս, որ թեկնածուի կարգավիճակից մինչև լիարժեք անդամություն ճանապարհը չափազանց երկարաձգված է, քաղաքականացված, իսկ Հայաստանը չի կարող զուգահեռաբար գտնվել երկու տարբեր մաքսային տիրույթներում։

ԵԱՏՄ-ից ելքը կնշանակի ՌԴ-ի հետ ազատ առևտրի ռեժիմի ավտոմատ չեղարկում, ինչի տնտեսական հետևանքները կլինեն ակնթարթային, մինչդեռ ԵՄ-ի հետ նոր տնտեսական կապերի հաստատումը կպահանջի տասնամյակներ։ Նույնիսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը և հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին հայտարարություններն ունեն հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ. Վաշինգտոնի առաջնահերթությունը TRIPP երթուղու գործարկումն է՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների դուրսբերման նպատակով, որտեղ Հայաստանին հատկացված է մարտավարական գործիքի դեր, սակայն այդ նախագծերը չեն ներառում անվտանգային կամ ֆինանսական այնպիսի երաշխիքներ, որոնք կփոխհատուցեն Մոսկվայի հնարավոր պատժամիջոցների հասցրած վնասները։

Նախընտրական տակտիկական նկատառումներով Ռուսաստանի հետ դիսկուրսի սրումը, «լրտեսական» օրակարգերի և «արտաքին միջամտության» թեմաների շրջանառումը կարող են ապահովել կարճաժամկետ ներքաղաքական դիվիդենտներ և մոբիլիզացնել արևմտամետ էլեկտորատը։ Սակայն ռազմավարական հեռանկարում, առանց կենսունակ տնտեսական ու քաղաքական այլընտրանքների ձևավորման, Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզումը հղի է անդառնալի կորուստներով։

Արևմուտքն ապահովում է քաղաքական հովանոց և դիվանագիտական աջակցություն, սակայն հրաժարվում է ստանձնել Հայաստանի տնտեսական և անվտանգության երաշխավորի դերը։ Հետևաբար, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առկա ընտրությունը ներկա պայմաններում կեղծ օրակարգ է. ԵՄ-ն Հայաստանին իր կազմում չի սպասում, իսկ ԵԱՏՄ-ից ելքի գինը, թեև ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե չունեն նման օրակարգ, կարող է գերազանցել Հայաստանի դիմադրողականության ռեսուրսները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031