Ալիևը Բաքվի դատարան է գործուղել Ապրիլյան քառօրյայի և հուլիսյան մարտերից «տուժածների». ում էր ժամանակին մեղադրում հուլիսյան մարտերում ոչնչացված ադրբեջանցի գեներալի մայրը

Այս տարվա փետրվարին 168.amգրել է, որ Բաքվի «դատավարության» ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողները հիշել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմն ու 2020 թվականի հուլիսյան մարտերը՝ շեշտելով, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատական» գործընթացն իրականում ընդդեմ Հայաստանի Հանրապետության է:

Իհարկե, վերը նշված մարտական գործողությունների վերաբերյալ այլ անդրադարձներ ևս եղել են, այդ թվում՝ մայիսի 29-ի «դատական» նիստին, որտեղ իբր լսել են Ապրիլյան պատերազմի և հուլիսյան մարտերից կամ հայկական կողմի գործողություններից «տուժածներին»:

Օրինակ, «տուժած» ոմն Էլմիր Աբբասովը, ով նշել է, թե Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Տերտերի շրջանում է վիրավորվել, որտեղ զինվորական ծառայության է եղել, հայկական զինված ուժերին մեղադրել է պատերազմական օրենքները խախտելու համար, և անգամ «քաղաքացիական բնակչության նկատմամբ է արգելված զինամթերք օգտագործվել՝ թունավոր և հրկիզող արկեր»:

Կարդացեք նաև

Իր հերթին՝ հարցաքննության ընթացքում, ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ մասնակցել է Ապրիլյան քառօրյա մարտերին։

«Ես մասնակցել եմ 2016 թվականի օպերացիաներին, եղել եմ բանակի հրամանատար։ Անկեղծ ասած, առաջին անգամն է, որ լսում եմ այստեղ ներկայացվածի մասին»,- ասել է նա։

Մնացականյանը հետաքրքրվել է, թե ինչ զինվորական պաշտոն և կոչում է ունեցել Էլմիր Աբբասովը նշված իրադարձությունների ժամանակ, և ստացել պատասխան՝ նա այդ ժամանակ ծառայել է կապիտանի կոչումով և եղել հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար։

Նշենք, որ այլ «դատական» նիստերի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս, Լևոն Մնացականյանը հայտարարել էր, որ իրեն 2016 թվականի օպերացիաներին ներգրավելու անհրաժեշտություն չի եղել, հակառակ դեպքում, իհարկե, ապահովելու էր իր ներգրավվածությունը:

Մեկ ուրիշ անգամ էլ, ըստ ադրբեջանական կողմի, Լևոն Մնացականյանը խոսելով Ապրիլյան պատերազմից՝ նշել էր, որ իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին:

Այսինքն, ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ էության, հակասական տեղեկություններ է փոխանցում դատական նիստից՝ դա վերագրելով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը:

Մայիսի 29-ի դատական նիստի ժամանակ մեկ այլ «տուժած» էլ՝ Էլվին Քերիմովը, հայտարարել է, թե իբր «Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղը Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի կողմից հրետանային կրակի տակ է եղել», ինչի հետևանքով էլ ինքը վիրավորվել է: Ապրիլյան պատերազմին առնչվող «տուժածների» վկայություններն այսքանով չեն սահմանափակվել:

Ի դեպ, մի առիթով գրել ենք, որ Ադրբեջանն իր հրետանին 2016-ին, դրանից առաջ էլ տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին, այսօր էլ այլ կերպ է նրանց «թիրախ» դարձնում:

Իսկ մայիսի 29-ի «դատավարությանը», ինչպես արդեն նշեցինք, չի անտեսվել նաև 2020 թվականի հուլիսյան մարտերի թեման, որի համատեքստում դարձյալ ՀՀ զինված ուժերին ինչ-որ «տուժածներ» մեղադրել են խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Բնականաբար, այս համատեքստում չի անտեսվել 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին ադրբեջանցի գեներալի ոչնչացման փաստը և ոչ միայն:

Դատարան ներկայացած «տուժածներից» մեկը պնդել է, թե իբր «հայկական հրետանին թիրախավորել է շտապ օգնության մեքենաները և բուժանձնակազմին»:

Նշենք, որ Ադրբեջանը հուլիսյան մարտերի ժամանակ, մասնավորապես, կորցրել էր իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին և այլ սպաների:

Իսկ ավելի ուշ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել էր, որ իրականում իր տղային «սպանել է» Ադրբեջանի ԳՇ այսօրվա պետ Քերիմ Վելիևը, ով այդ ժամանակ երկրի պաշտպանության փոխնախարարն էր, այսինքն, տարբեր շարժառիթներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Փոլադ Հաշիմովին ուղարկել է մարտական գործողությունների վայր՝ հաշվարկով, որ նա այնտեղից չի վերադառնա:

Տևական ժամանակ է, Ալիևն ու իր ընտանիքը հատուկ ուշադրության են արժանացնում ոչնչացված ադրբեջանցի գեներալի մորը, իսկ նրա սուր հարցազրույցները գրեթե հնարավոր չէ գտնել համացանցում:

Նշենք, որ Բաքվի «դատավարությունը» շարունակվել է մայիսի 30-ին, որի ժամանակ էլ Ադրբեջանը գտել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին «տուժածների», որոնցից մեկը վստահեցրել է, թե իբր հոկտեմբերի 28-ին «ՀՀ զինված ուժերի կողմից «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառվել Բարդա քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է»:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչ հոդվածի սկզբում նշեցինք, Բաքվի «դատավարությունը» Հայաստանի Հանրապետության դեմ է, և ճնշման գործիք խաղաղության բանակցություններում, իսկ հայկական կողմը ոչինչ չի անում առնվազն քարոզչական-տեղեկատվական մակարդակում՝ ցույց տալու համապատասխան փաստեր, որոնցից մի քանիսը մենք ներկայացրեցինք:

Տեսանյութեր

Լրահոս