Բաժիններ՝

Ո՞ր արցախցիները չեն կարող մասնակցել ԱԺ ընտրություններին. ՆԳՆ–ն պարզաբանում է

Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ՀՀ–ում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը Արցախից տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող տեսանյութ էր տարածել։ Նա նշել է, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։ Նա տեսանյութում հստակ ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է անեն արցախցիները` ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել համապետական ընտրություններին։

Ավելի վաղ Երիցյանը նաև հղում էր կատարել Վարչական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած 3 դատական ակտի, որոնցով ՆԳՆ–ին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցրել են ներառել Արցախի անձնագիր ունեցող անձանց ընտրացուցակներում։

ՆԳՆ–ն պնդում է` Վարչական դատարանի կողմից կայացված նման վճիռներ չկան ու այդ վճիռները կայացրել է Քաղաքացիական դատարանը:

Գերատեսչությունն այդ վճիռները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031