![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվի դատավարությունն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության. պետական մեղադրողը հիշել է Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան մարտերը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/69a7449a-46ac-4638-80e1-74df1e3af511.jpg)
Փետրվարի 11-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն առաջադրված շինծու մեղադրանքներով ընթացող դատավարության ժամանակ ադրբեջանցի պետական մեղադրողները նրանց «կատարված հանցագործության կոնկրետ դրվագներ» են ներկայացրել. որոնք ընդգրկում են, օրինակ, 1991 թվականը՝ Շուշիի շրջանի ուղղությունը, 2010 թվականը՝ Վարանդայի շրջանը, և այլն:
Բայց ուշագրավն այն է, որ Ադրբեջանի պետական մեղադրողը հայ ռազմաքաղաքական էլիտայի դեմ «հանցագործության դրվագներ» ներկայացնելիս հիշատակել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի հուլիսյան մարտերը և 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ փորձելով ցույց տալ, թե իբր թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը:
Այն դեպքում, երբ 2016 թվականին Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը և կատարել դիակների խոշտանգում, ողջ մարդկանց գլխատում: Նույնը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, 2022 թվականին արդեն ՀՀ տարածքում սանձազերծված սեպտեմբերյան մարտերի ժամանակ:
Դեռ չենք խոսում այս դեպքերից առաջ հայ գերիների խոշտանգման և սպանության դեպքերի մասին: Այսինքն, իր պարտությունները շատ ծանր տանող Ադրբեջանի ռազմական հանցագործությունները շատ ավելի ապացուցելի են, որի ուղղությամբ հայկական կողմը միջազգային հարթակներում պետք է հետևողական աշխատանք իրականացնի, այս մասին ՀՀ իշխանություններն անընդհատ պիտի խոսեն: Ավելին, պետք է օգտագործել այն ապացույցները, երբ Ադրբեջանն իր հրետանին 2016-ին, դրանից առաջ էլ տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին:
Իսկ նշվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի դատավարության համատեքստում Ադրբեջանի նպատակն ավելի հեռահար և լայն է՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և հայ գերիների դատավարությունը Հայաստանի Հանրապետության դեմ է, և Ադրբեջանը փորձելու է մաքսիմալ «օգուտներ» քաղել սրանից:
Նիկոլ Փաշինյանը, ով հուլիսյան մարտերի հաղթանակը, ինչ-որ պահի խանդից ելնելով՝ նաև իրեն վերագրեց և հանկարծ հիշեց իր կարգավիճակը, իսկ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ Սարդարապատում կազմակերպեց հուլիսյան հաղթանակի մասնակիցների պարգևատրումը, պատրա՞ստ է ինչ-որ պահի պատասխանատվություն կրել, թե՞ այս դեպքում ևս պատասխանատվությունը բանակն ու բանակի այդ ժամանակվա ղեկավարությունն է կրելու, և ոչինչ, որ Տավուշում սահմանազատման ապօրինի գործընթացի արդյունքում հուլիսյան և դրանից առաջ ՀՀ ԶՈւ հաջողությունները ոչնչացվել են:
Իսկ Բաքվի դատավարության ժամանակ ներկայացված ռազմական էպիզոդներում ուրույն տեղ են գրավել «Գյանջայի դեպքերը», որի հետ կապված Փաշինյանն իր վախերն ունի, և սա, թերևս, պայմանավորված է ոչ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցուցմունքով, որը Փաշինյանն ավելի ուշ համարեց «հոգեմետ միջոցներով կորզված», այլև այն, որ Ադրբեջանը շարունակում է պնդել՝ Գյանջային «հարվածել են» ՀՀ տարածքից:
Եվ ոչինչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ պատերազմի օրերին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի հրթիռ, արկ և նույնիսկ գնդակ չի արձակվել, երբ 2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն հերթական անգամ հայտարարել էր, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:
Ավելին, ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել, որ Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերն Ադրբեջանի հերթական փորձն է՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը:
«Գյանջայի դեպքերն» ինչ-որ պահի Բաքուն կարող է օգտագործել Հայաստանի դեմ իր հարձակումների լեգիտիմացման համար, և Նիկոլ Փաշինյանի ոչ էմոցիոնալ պահվածքը, ոչ էլ Արցախի ուղղությամբ սլաքն ուղղելը չի փրկելու: Ի վերջո, ինքն է խոստովանել, որ ամեն ինչից տեղյակ է եղել և իմացել է «առաջին ձեռքից»՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից:
Այնպես որ, Բաքվի դատավարությունն ամեն անգամ կարող է Հայաստանի Հանրապետության շուրջ օղակն ավելի ու ավելի սեղմել, իսկ քո՝ հակառակորդիդ վրա հարձակվելու ցանկության բացակայությունը դեռ չի չեզոքացնում քեզ վրա հակառակորդիդ հարձակվելու ցանկությունը, այստեղ արդեն մարտավարության և մեթոդների հարց է: