Ախալքալաք-Կարս երկաթուղային գիծը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է. այն ստեղծվել էր Հայաստանին շրջանցելու, տնտեսական ու լոգիստիկ շրջափակման մեջ պահելու համար. Շիրազ Խաչատրյան
Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտարարելով, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։
Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ նաև Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և՝ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել էր նա:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, ինչի ռիսկերին ավելի ուշ մենք անդրադարձել ենք, որ Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը», և սա կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում:
Մենք նաև գրել ենք, որ Բաքուն դժգոհություն է հայտնել Կարս-Գյումրի երկաթգծի հետ կապված և զգուշացրել, որ այն զուտ հայ-թուրքական նախագիծ դիտարկելն անտեսում է տարածաշրջանային իրականությունը:
Ավելի ուշ վրացական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջությամբ կգործարկվի արդեն մայիսի վերջին։
Սրան հաջորդեց ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը, որ մայիսի 26-ին Թբիլիսի-Բաքու ուղևորատար գնացքը կվերսկսի աշխատանքը, ինչը, ըստ էության, հուշում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործման անցնելու մասին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությանը, ապա դեռ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այստեղ «ստորջրյա քարեր» կան, ինչը փորձել ենք անել «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում:
«Առաջին հայացքից Փաշինյանի հրապարակած այս ինֆորմացիան կարող է դրական, տնտեսական մեծ հեռանկարներ խոստացող տեղեկատվություն թվալ, բայց սա՝ միայն խաբուսիկ հայացքից։ Ըստ իս՝ սա հերթական քարոզչական աղմուկն է, որի տակ թաքնված են շատ ավելի բարդ, վտանգավոր ու դժվարին հարցեր։ Նախ՝ այս հայտարարությունն իր մեջ ակնհայտ աշխարհաքաղաքական բաղադրիչ է պարունակում, հատկապես՝ վերջին ժամանակափուլում կրկին լարված հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին:
Փաշինյանն այսպիսով ուղերձ է հղում արտաքին կենտրոններին ու հանրությանը, թե Հայաստանի լոգիստիկ հնարավորություններն ավելանում են, և այլընտրանք է գտնվել։ Բայց եկեք հերթով անցնենք ու իրերն իրենց անուններով կոչենք,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով,- Նախ՝ Ախալքալաք-Կարս (Բաքու-Թբիլիսի-Կարս) երկաթուղային գիծը բացառապես թուրք-ադրբեջանական ռազմավարական պրոյեկտ է։ Գաղտնիք չէ, որ այս նախագիծն ի սկզբանե ստեղծվել էր հենց Հայաստանը շրջանցելու, մեզ տնտեսական ու լոգիստիկ շրջափակման մեջ պահելու համար։ Եվ հիմա, եթե Հայաստանը փորձելու է իր լոգիստիկան ու բեռնափոխադրումները կազմակերպել այդ ճանապարհներով, ապա լայն իմաստով նա պարզապես հայտնվելու է թուրք-ադրբեջանական ուղղակի վերահսկողության ու կախվածության տակ:
Վերջին ժամանակահատվածում, հատկապես Կարս-Գյումրի երկաթգծի պրոյեկտի հնարավոր քննարկումներն ադրբեջանական կողմից նույնիսկ լուրջ դժգոհություն ու մտահոգություններ առաջացրեցին, քանի որ ընդհանուր քարոզչական մթնոլորտը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ իբր կառուցողական է, բայց իրականում հստակ գծվում է հետևյալ վտանգավոր միտումը՝ կա՛մ Հայաստանը շրջափակման մեջ է մնալու, կա՛մ գործելու է բացառապես ադրբեջանա-թուրքական վերահսկողության ու թելադրանքի պայմաններում: Բացի այդ, Փաշինյանն իր էջում հպարտորեն քարտեզ է հրապարակել, թե երկաթգիծն ինչպես է Թուրքիայի տարածքով դուրս գալիս դեպի Եվրոպա։
Այսինքն՝ նա փորձում է ցույց տալ մյուս դերակատարներին, թե իբր նոր ելք է ճարել դեպի Եվրոպա դուրս գալու համար։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր ու պրագմատիկ հարցը՝ լավ, եվրոպական ուղղությամբ գնում ես, բայց ինչի՞ համար։ Դու այսօր ի վիճակի՞ ես իրական արտահանում կազմակերպել դեպի Եվրոպա, կամ՝ եվրոպական շուկան ընդհանրապես պատրա՞ստ է ընդունել քո ապրանքներն ու պրոդուկտը՝ հաշվի առնելով իրենց խիստ ստանդարտները։
Ի վերջո, ի՞նչ ես ներկրելու Եվրոպայից այդ ճանապարհով և ինչպիսի՞ գներով ու ինքնարժեքով է դա հասնելու հայ սպառողին։ Ու նման բազմաթիվ հարցեր կան: Առանց այս հարցերին հստակ պատասխանների, «նոր բացվող կոմունիկացիաների» մասին շոուները զուտ քաղաքական փուչիկներ են:
Մեզ անընդհատ մատուցվող այս «մեծ իրադարձություններն» իրականում քողարկում են այն ծանր իրողությունը, որ քաղաքական ու տնտեսական գայթակղիչ խոստումների տակ Հայաստանն իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը քայլ առ քայլ դնում է սպառնացող հարևանների հայեցողության տակ»:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ևս շտապել է հիշեցնել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղային գիծը Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային միջանցքի բաղադրիչ է, և, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի կառուցման արդյունքում Հայաստանը հայտնվեց ռազմավարական կարևորություն ունեցող տրանսպորտային երթուղուց դուրս։
«Հայկական լոբբին պայման էր առաջադրել, որ Հայաստանը նույնպես պետք է միանա այդ միջանցքին, սակայն ադրբեջանական կողմը, իր վրա վերցնելով ֆինանսավորումը, կանխեց Հայաստանին մեկուսացումից դուրս բերելու փորձերը»,- գրել է ադրբեջանական «Հաքքինազը»՝ նկատելով նաև, որ «տեսականորեն Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանի համար կարող էր թույլ տալ երկրին արտահանել իր ապրանքները Թուրքիա, իսկ այնտեղից՝ եվրոպական շուկա՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման ֆոնին»։
Իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սկսվելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը, որի ռիսկերին դեռ ապրիլին ենք անդրադարձել:
Մասնավորապես, ապրիլին մեզ հետ զրույցում Շիրազ Խաչատրյանը նշել էր, որ այդ նախագծերը, ըստ էության, տեղավորվում են Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարության մեջ, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իր ազդեցության խորացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկման ընդլայնմանը։
«Անկարան այսօր ձգտում է ոչ միայն բացել նոր կապուղիներ, այլև ձևավորել այնպիսի տրանսպորտային ճարտարապետություն, որտեղ ինքն է հանդիսանում առանցքային հանգույցն ու միջնորդը՝ կապելով Անդրկովկասը Կենտրոնական Ասիայի և ավելի լայն թուրքալեզու աշխարհին։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան, ստեղծելով շրջանցիկ հաղորդակցության ուղիներ, փորձում է նվազեցնել Հայաստանի աշխարհագրական «մեկուսացման» գործոնը ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ սեփական տարածաշրջանային դիրքերն ամրապնդելու նպատակով։
Այսինքն՝ Հայաստանը դուրս է բերվում «մեկուսացումից», բայց միաժամանակ ներգրավվում է այլ կախվածությունների համակարգի մեջ, որտեղ վերահսկողության առանցքային լծակները գտնվում են արտաքին կենտրոններում։
Գյումրի-Ախուրյան ուղղությունն այս տրամաբանության մեջ դիտվում է՝ որպես Թուրքիայի համար լրացուցիչ մուտք դեպի Հայաստանի տարածք և տարածաշրջան, մինչդեռ Երասխ-Նախիջևան հատվածն ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի ապահովման հետ։ Այս երկրորդ ուղղությունն արդեն ընդգրկվում է այն գործընթացների մեջ, որոնք հաճախ բնորոշվում են՝ որպես «միջանցքային քաղաքականություն», որտեղ առաջնային է ոչ թե տվյալ պետության սուվերեն վերահսկողությունը, այլ արագ և անխափան տարանցումն արտաքին դերակատարների համար»,- եզրափակել էր փորձագետը:



