Որոշումը կայացվել է Ադրբեջանի գործադիրում. դատավարությունն ընթանում էր քաղաքական պատվերի հիման վրա. Սիրանուշ Սահակյան
Երեկ Արաբական Միացյալ Էմիությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանին և Ալիևին մրցանակ է շնորհվել՝ «երկու երկրների միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը» հետևողականորեն առաջ մղելու համար։
«Զայեդ» մրցանակը նրանց հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Այս մրցանակը ստանալուց հետո մեկ օր էլ չանցած, հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, նրանք 2023 թվականի սեպտեմբերից պատանդի կարգավիճակում պահվում էին Բաքվում։ Այսպիսով՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ վճիռներն ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին ժամեր առաջ։
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Նախորդ տարվա ավարտին Բաքվի ռազմական դատարանում մեղադրող դատախազները դատարանից պահանջել էին ցմահ դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ մյուս անձանց՝ 15-20 տարվա ազատազրկման։
Երեկ Աբու Դաբիում որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չհիշեց Բաքվի բանտերում գտնվող գերիների, ռազմագերիների մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ի սկզբանե ակնկալիքներ չեն ունեցել Բաքվի դատարանից, սպասելի էր, որ Բաքվի դատարանը բավարարելու է դատախազական մեղադրանքները։
«Մենք գործ ունենք քաղաքական պատվերի հիման վրա ընթացող հետապնդումների և դատավարությունների հետ։ Այս դատավարությունների ելքերը մշակվել են գործադիր իշխանությունում, և դատախազությունն ու դատարաններն ընդամենը կատարողներ են։ Դատավճռի հրապարակումից հետո, մենք վերահաստատեցինք, որ դատավորներն ավելի շատ վավերացնող նոտարական գործառույթ են իրականացրել և որևէ կերպ օբյեկտիվ ճշմարտությունը վեր հանելու, մեղադրյալների ներգրավվածությունն արարքների կատարումը պարզելու, պատիժն անհատականացելու խնդիր չեն ունեցել։
Առհասարակ ադրբեջանական դատարաններում հայերի առնչությամբ որևէ դատավարություն չի կարող լինել անկախ ու անաչառ, քանի որ պետական մակարդակով կա հովանավորվող խտրականություն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։
Ըստ Սիրանուշ Սահակյանի, հատկապես արդար դատական ակտեր չեն կարող Բաքվում իրականացվել, երբ խոսքը վերաբերում է գերզգայուն քաղաքական խնդրի՝ Արցախի ինքնորոշման իրավունքին, որի մերժման վրա կառուցված է ադրբեջանական ինքնությունը և Ադրբեջան պետության ողջ գաղափարախոսությունը։
«Կարծում եմ՝ մենք պայքարը պետք է իրականացնենք միջազգային մեխանիզմների գործադրմամբ, որպեսզի ապալեգիտիմացնենք ադրբեջանական դատարանների այս կեղծ դատավարություններն ու դատավարության մեղադրական վճիռները։ Մեխանիզմներ կան, ինչպես գիտեք՝ ադրբեջանական քաղբանտարկյալներն օգտվում են հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։
Մեր գնահատմամբ՝ այս ատյանը կենսունակ է, կարող է խնդիրներ լուծել, ուստի պետք է ամբողջ ծավալով օգտվենք այս մեխանիզմի տված հնարավորություններից և համակցենք ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմների, քաղաքական հայտարարությունների հետ, որոնք խիստ կարևոր են այս անձանց ազատ արձակումը երաշխավորելու համար»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։
Հարցին՝ նոնսենս չէ՞, երբ Ալիևը Աբու Դաբիում ստանում է մարդասիրական մրցանակ, բայց իր երկրում, օրինակ, պահում է հայ պատանդներ, գերիներ, միջազգային հանրությունը սա հաշվի չի՞ առել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ միջազգային հանրությունն այլ դիտանկյունից է հարցերին մոտենում, հատկապես հիմա, երբ բազմաթիվ կառույցներ բացառապես չեն առաջնորդվում մարդու իրավունքներով, արժեքաբանությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Դրա համար էլ գործընթացները գնահատելիս՝ պետք է նկատի ունենանք, արդյո՞ք դրանք իրավական հենք ունեցող կառույցներ, մեխանիզմներ են, թե՞ այստեղ առավելապես դոմինանտ է քաղաքական, դիվանագիտական տարրը, որտեղ արդարությունն ու սկզբունքները կարող են անտեսվել։ Միշտ չէ, որ խաղաղության ու մարդասիրության հետ կապված մրցանակները կարող են արտացոլել իրականությունը, դրանք կարող են լինել դիվանագիտական ժեստեր և միտված լինել ապագա խնդիրների լուծմանը։ Սա առավելապես գնահատում եմ դիվանագիտության համատեքստում, քան մարդու իրավունքների և իրավական լուծումների»։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Բաքվում գերության մեջ են՝ Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
