Պաշտպանության բանակն իր կարգապահությամբ, խստությամբ կյանքս ամբողջովին փոխեց. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«20 տարի առաջ այս օրը բանակ գնացի: Հիշում եմ հավաքակայանում, ըստ ուղղությունների, բուհեր ավարտածների անունները հերթով հնչում էին:
Իմը վերջերում հնչեց: Սկզբում չհասկացա, թե ուր եմ մեկնում, որովհետև ինձ հայտնի բոլոր ուսումնական զորամասերն արդեն հնչել էին:

Ավելի ուշ ասացին` Ղարաբաղ: Ճիշտ է օրվա ընթացակարգային արարողություններից արդեն հոգնել էի, բայց մի տեսակ թեթևություն զգացի. արցախյան պատերազմի վերաբերյալ տարբեր հերոսական դրվագներ մտքիս եկան, հոգեպես ինձ ամուր զգացի:

Թեպետ բարձրախոսով դրսում հայտարարվում էր, սակայն հավաքակայանից դուրս գալիս էլ, ավանդույթի ուժով, ընկերներիս ու հորս կողմ նայելով, ավտոբուսի պատուհանից գոռացի` «Ղարաբաղ»:

Հաջորդ օրը հասանք Արցախի ՊԲ Իվանյանի հավաքակայան, որտեղից նախ մեկնեցի Հայկազովի հրետանային ուսումնական զորամաս` սերժանտական, ապա սպայական դասերի, իսկ հետո Մատաղիս (Թալիշի գումարտակ, դասակի հրամանատար):

Պաշտպանության բանակն իր կարգապահությամբ, խստությամբ և ծառայության նկատմամբ մշակույթով կյանքս ամբողջովին փոխեց:
Իմ կյանքի գլխավոր դպրոցը դարձավ բանակը, որի վրա կառուցվեցին նախասիրություններս, կարիերաս ու հետագա աշխատանքային տարիներս:
Պաշտպանության բանակն ինձ համար անմնացորդ ծառայության, պատվի, արժանապատվության, սխրագործության և տղամարդկության իսկական խորհրդանիշ է, որով հազարավոր մարդիկ են անցել` շարքայինից մինչև գեներալ:

Այսօր էլ, որ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո, նաև ՊԲ դարբնոցի և նրանով անցած մարդկանց շնորհիվ է:

Փառք ու պատիվ ՊԲ մարտիկներին,
հավերժ փառք մարտական հերթապահության, դիվերսիաների և պատերազմների հետևանքով նահատակված մեր հերոսներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930