Փաշինյանը դիմել է հանցավոր մեթոդների՝ ընտրությունների կեղծման, նա չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Լևոն Զուրաբյան

Այսօր հարցի գինը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանում ունենալու է 65, թե՞ 60 մանդատ։ Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսուհետև ոչ լեգիտիմ է։ 2026 թ․-ին ժողովուրդը չի՛ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա կեղծարար է, ուզուրպատոր, իշխանություն յուրացնող։ Լեգիտիմություն այլևս գոյություն չունի։ Այսինքն, այս ճգնաժամի իրական պատասխանը պետք է լինի Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչումը և նոր ընտրությունների անցկացումը։ Սա միակ ելքն է, որը կարող է մեր ազգին լեգիտիմության բերել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ  ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այն, թե հնարավոր կլինի՞ դա պարտադրել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, կախված է իր գլխավոր ընդդիմախոսներից՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերից։ Նրանք միասին հավաքել են ձայների այն փաթեթը, որը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայներին։ Արևմուտքը, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, աչք է փակել այս ընտրությունների խախտումների վրա, և արդեն տարբեր ղեկավարների շնորհավորանքների շնորհանդես է։ Այս պահին պետք է լուծել 5 մանդատի հարցը։ Ընտրությունների անվավերությանը հասնելը պիտի լինի նպատակ, բայց եթե դրան չենք հասնում, գոնե պետք է որքան հնարավոր է՝ կանխել Հայաստանի բռնապետացումը»,- ասաց քաղաքական գործիչը։

«Փաշինյանի բացարձակ անձնիշխանության հաստատումը կանխելու համար շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի մանդատների թիվն իջեցվի առնվազն մինչև 60-ի, և նա խորհրդարանում չունենա 3/5։ Դա անմիջապես բավականին լուրջ զսպիչ մեխանիզմներ կդնի իր իշխանության վրա։ Այսինքն, Փաշինյանին քիչ է կեղծված 60 մանդատը, նա ուզում է կեղծված 65 մանդատ։ Ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը, բոլոր օրենքների խախտումով, հայտարարեց, թե պատմական հաղթանակ է տարել, երբ ԿԸՀ-ն տեղամասերի ընդամենը 10 %-ն էր մշակել։ Բոլոր թիմերի վրա գործադրվել է շատ մեծ ճնշում իրավապահ, կարելի է ասել՝ իրավախախտ մարմինների կողմից»,- նշեց Զուրաբյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ զանգվածային ձերբակալությունների նպատակն ընդդիմության կազմակերպական ուժը թուլացնելն էր, վախի մթնոլորտ ստեղծելը․

«Հինգ կեղծված մանդատը Փաշինյանին չզիջելը շատ էական հարց է։ Դրանց տիրանալու դեպքում նրա անձնիշխանությունն ավելի է լկտիանալու։ 2026 թվականի ընտրությունների ամբողջ բովանդակությունն այն էր, որ այս սուտասանին, ազգակործան պատուհասին, ի վերջո, պետք է ուղարկել պատմության աղբանոցը, որովհետև նա չի կարող երրորդ անգամ խաբել սեփական ժողովրդին։ Բայց այս անգամ նա դիմեց հանցավոր մեթոդների՝ ընտրությունների կեղծման։ Սա արդեն լեգիտիմության ճգնաժամ է, որն ունի իրավական հիմքեր, այսինքն՝ Փաշինյանն այլևս չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Ինքն այս պահին արդեն լեգիտիմ չէ, և դա ահավոր հետևանքներ ունի մեր պետության ամրության տեսակետից»:

«Հիմա արդեն կարևոր չէ՝ Փաշինյանն ինչ է խոստացել, որովհետև նա երկու անգամ իր խոստացածը ձախողել է, լրիվ հակառակն է արել։ Իսկ հիմա նաև լեգիտիմ չէ։ Ծրագրային դրույթների կատարում դու կարող ես պահանջել լեգիտիմ ղեկավարից, որը խոստումներով է ընտրվել։ Իշխանազավթից ծրագիր պահանջելն ուղղակի ծիծաղելի է։ Ի՞նչ պահանջես ուզուրպատորից։ Նրանից պետք է պահանջել միայն մի բան՝ որ նա իշխանությունը հետ տա ժողովրդին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930