Իրանի վերադարձը՝ գլոբալ խա՞ղ. Ինչպե՞ս կանդրադառնա ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայաստանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագիրն արդեն պատրաստ է»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը՝ հաջորդ գրառման մեջ շարունակելով, որ «այս հոյակապ համաձայնագիրը խաղաղություն և անվտանգություն կպարգևի ողջ տարածաշրջանին»։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբդին վաղ առավոտյան հաստատել է համաձայնագրի ձեռքբերման մասին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ «անհապաղ և մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։ Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը բաղկացած է 14 կետից և վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը նախատեսում են անհապաղ և մշտական դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Միաժամանակ ԱՄՆ-ը պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը։ Հուշագրում նախատեսվում է 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերացնել Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը, ինչպես նաև դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի սահմաններին մոտ գտնվող տարածաշրջաններից։ Փաստաթուղթը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում և իրանական նավթի վաճառքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների կասեցում։ Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր՝ 300 միլիարդ դոլարի ծավալով։ Բացի այդ, նախատեսվում է 60-օրյա բանակցային գործընթաց՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։

Իրանը, իր հերթին, պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։ Միաժամանակ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում չպետք է նոր պատժամիջոցներ սահմանի և չպետք է ընդլայնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ պետք է ապաշրջափակվեն Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի ակտիվները, ստեղծվի համաձայնագրի կատարման վերահսկման մեխանիզմ, իսկ վերջնական համաձայնությունը հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով։ Նշվում է, որ վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել մի շարք նախապայմաններ, ներառյալ՝ Իրանի սառեցված միջոցների առնվազն կեսի ապաշրջափակումը, նավթային պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։

Կարդացեք նաև

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է իրանական կողմի պնդումներն այն մասին, թե Թեհրանը միլիարդավոր դոլարների սառեցված միջոցներ կստանա մինչև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ այդ ձևակերպումը որակելով՝ որպես «իրականության խեղաթյուրում»։ Խոսելով Axios-ի հետ՝ պաշտոնյան հերքել է այն լուրերը, թե Իրանն անվերապահ հասանելիություն կստանա արգելափակված 12 միլիարդ դոլարի ակտիվներին նախքան 60-օրյա բանակցային փուլի սկիզբը։

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է պաշտոնյան։

«Սա «վճարում՝ արդյունքի դիմաց» (pay-for-performance) սկզբունքով գործարք է, և որևէ սառեցված միջոց չի ապասառեցվի, քանի դեռ իրանցիները չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները»։

Իրանցի պաշտոնյաներն իրենց հերթին հայտարարել են, որ վերջնական բանակցությունները կսկսվեն միայն առանցքային պարտավորությունների կատարումից հետո, ներառյալ՝ սառեցված ակտիվների մի մասի ազատումն ու ծովային բլոկադայի վերացումը։

Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակված չէ, սակայն արտահոսքերը ցույց են տալիս՝ հակամարտող երկու կողմերը նույն նախագծային փաստաթուղթը ներկայացնում են սեփական քաղաքական շահերին ու լսարանին համապատասխան։ Փաստաթղթի բուն տեքստը (14 կետերը) հավանաբար գոյություն ունի, սակայն Իրանը շեշտադրում է այն, ինչ ԱՄՆ-ը «պարտավոր է անել», իսկ ԱՄՆ-ը շեշտում է, որ այդ ամենն Իրանը կստանա «միայն իր պահանջները կատարելուց հետո»։ Այնուամենայնիվ միջազգային առաջնորդներն արդեն ողջունում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը։ Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը համատեղ հայտարարությամբ պատրաստակամություն են հայտնել մեղմել Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ։

Հայտարարություններով են հանդես եկել այլ երկրներ ու կենտրոններ ևս։ Այս ֆոնին, սակայն, Իսրայելը հայտարարում է՝ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է. «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ քաղաքականություն, ըստ որի՝ Իսրայելի պաշտպանական ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ առանց որևէ ժամկետի սահմանափակման՝ պաշտպանելու սահմանները և իսրայելական համայնքները ջիհադիստական տարրերից»։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքվելիք շրջանակային համաձայնագիրը, չնայած այս պահին տարբեր մեկնաբանություններին, հավակնում է փոխել գլոբալ քաղաքականության տրամաբանությունը։ Դոնալդ Թրամփի բնորոշմամբ՝ այս «պատմական մեծ գործարքը» ոչ միայն Մերձավոր Արևելքի անվտանգության նոր ճարտարապետության հիմքն է դնում, այլև ուղղակի կարող է ազդել հարակից տարածաշրջանների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վրա։ Արևմտյան խոշոր մայրաքաղաքների՝ Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի և Հռոմի արագ արձագանքն ու պատժամիջոցների մեղմման պատրաստակամությունը ցույց են տալիս, որ եվրոպական գերտերությունները տնտեսական հսկայական կարիքներ ունեն։ Իրանական նավթի վերադարձը համաշխարհային շուկա և նախատեսվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող են էականորեն նվազեցնել էներգակիրների գները՝ մեծ շունչ տալով համաշխարհային տնտեսությանը։ Սակայն այս համաձայնության ամենաթույլ օղակն, ըստ փորձագետների, մնում է Իսրայելի կոշտ դիրքորոշումը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունն այն մասին, որ իրենց զորքերը չեն լքելու հարավային Լիբանանը, Գազան և Սիրիան, վկայում է այն մասին, որ Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը դեռ ամուր չէ, չի հաջողվել հասնել լիակատար տարածաշրջանային կոնսենսուսի։ Իսրայելը Վաշինգտոնի ու Թեհրանի դիվանագիտական խաղը դիտարկում է որպես էքզիստենցիալ սպառնալիք իր անվտանգությանը, ինչը նշանակում է, որ նույնիսկ, եթե հունիսի 19-ին Ժնևում փաստաթուղթը ստորագրվի, ռազմական բախումների վերսկսման ռիսկը մնալու է չափազանց բարձր։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր առողջացումն ու պատժամիջոցների աստիճանական հանումն արմատապես փոխում են նաև Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը։

Մեկուսացումից դուրս եկող Իրանը, տնտեսական հսկայական պոտենցիալով, բնականաբար, փնտրելու է դեպի Եվրոպա տանող կայուն և անվտանգ տարանցիկ ուղիներ Հայաստանով։ Այս կոնտեքստում Իրանին կարող է հետաքրքրել նաև ԹՐԻՓՓ պրոյեկտը։

Այս ամենն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, քանի որ Հայաստանի շուրջ ապաշրջափակման օրակարգն ակտիվ քննարկումների ու համաձայնությունների փուլում է, և հենց այս շրջափուլում Թեհրանի շուրջ իրավիճակի կայունացումն էականորեն մեծացնում է վերջինիս կշիռը նաև Հարավային Կովկասում:

ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի իրագործումն անկյունաքարային նշանակություն կունենա Թեհրանի դիրքերի ամրապնդման համար՝ նրան միջազգային մեկուսացումից վերադարձնելով գլոբալ քաղաքական ու տնտեսական ազդեցիկ հարթակներ, ինչը հատկապես տեսանելի կլինի էներգետիկ շուկայում նավթային պատժամիջոցների կասեցման և տարածաշրջանային հանգույցների իրավական լեգիտիմացման շնորհիվ։

Այս գլոբալ աշխարհաքաղաքական վերափոխումն ուղղակիորեն կպրոյեկտվի Հարավային Կովկասի վրա, որտեղ Թեհրանը, ձերբազատվելով արևմտյան ճնշումներից, շատ ավելի վճռական քաղաքականություն կվարի՝ թույլ չտալով տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի բացարձակ հեգեմոնիայի հաստատում։ Հայաստանի համար Իրանի հնարավոր վերելքը կարող է տարբեր հնարավորություններ ստեղծել: Այն ունակ է, ամենակարևորը, հավասարակշռել ռեգիոնում Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը, ինչը Երևանին թույլ կտա ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի համար սա ոչ միայն տնտեսական հնարավորություն է, այլև աշխարհաքաղաքական մարտահրավեր, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելն այս ֆոնին փորձելու են էլ ավելի մեծ ինտենսիվությամբ առաջ մղել սեփական օրակարգերը: Հայաստանի հաջողությունն Իրանի շուրջ այս հնարավոր կոնֆիգուրացիայում կախված կլինի նրանից, թե որքանով Երևանը կկարողանա օգտագործել Իրանի բացվող պոտենցիալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930