Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ երկիրն է ապրելու համար. ո՞ւմ համար է կյանքը լավացել

Իշխանությունները հպարտանում են, որ Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ շատ ցածր է։ Բայց արի ու տես, որ Հայաստանն ապրելու համար ու կյանքի որակով ամենաթանկ երկիրն է Հարավային Կովկասում։

Դժվար է պատկերացնել, որ գնաճ չունեցող երկրում ապրելն այդքան թանկ է։ Բայց Հայաստանում այդպես է։ Այդ են վկայում կյանքի արժեքի ու որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն՝ Numbeo-ի տվյալների բազայի արդյունքները։

Կյանքի թանկությամբ Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, նույնիսկ Ռուսաստանից։ Այն Ռուսաստանից, որտեղ պատժամիջոցների պատճառով վերջին տարիներին գնաճի տեմպերը կտրուկ արագացել են։ Անցած տարի Ռուսաստանում գնաճը կազմեց ավելի քան 7 տոկոս, բայց նախորդ տարվա 9.5 տոկոսից հետո։ Դրան նախորդած տարում էլ գնաճը եղել էր 7.4 տոկոս։

Թուրքիայի մասին անգամ խոսելն է ավելորդ։ Արդեն մի քանի տարի է, ինչ գնաճն այդ երկրում բացարձակ ռեկորդներ է գրանցում։ Անցած տարի գնաճը Թուրքիայում գերազանցեց 31 տոկոսը։ Նախորդ տարի շատ ավելի բարձր էր՝ 44 տոկոս։ Մեկ տարի առաջ էլ եղել էր գրեթե 65 տոկոս։

Կարդացեք նաև

Փոխարենը՝ Հայաստանում գրեթե գնաճ չկա կամ շատ ցածր է, բայց ապրելու թանկությամբ այն անցել է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Թուրքիայից։  Հայաստանը 87-րդ տեղում է, Թուրքիան՝ 93, իսկ Ռուսաստանը՝ 104-րդ։

Հայաստանն ապրելու համար անհամեմատ ավելի թանկ երկիր է, քան Ադրբեջանը։ Վրաստանի մասին էլ չենք խոսում։ Վրաստանը Հարավային Կովկասի ամենաէժան երկիրն է ապրելու համար, նաև կյանքի որակով։ Ու դա միայն այս ցուցանիշներով չէ, որ արտահայտվում է։ Իրականում է այդպես. Վրաստանում կյանքն անհամեմատ ավելի էժան է, քան Հայաստանում։ Դրա համար էլ շատերը նախընտրում են իրենց հանգիստը Վրաստանում կազմակերպել, քան Հայաստանում։ Եվ դա միայն Հայաստանի քաղաքացիներին չէ, որ վերաբերում է։ Նույն Ռուսաստանի քաղաքացիներն ավելի հաճախ Վրաստան են այցելում, քան Հայաստան։

Հայաստանը դարձել է ապրելու համար Հարավային Կովկասի ամենաթանկ երկիրը, չնայած պաշտոնապես Հայաստանում գրեթե գնաճ չկա կամ անհամեմատ ցածր է, քան այլ երկրներում։ Օրինակ՝ անցած տարի գնաճը Հայաստանում կազմեց ընդամենը 3.3 տոկոս, դրանից առաջ կազմել էր 1.5 տոկոս։

Մեկ տարի առաջ ընդհանրապես գնաճ չէր գրանցվել, նույնիսկ 0.6 տոկոս գնանկում էր արձանագրվել։

Ու այսքանից հետո, Հայաստանն ապրելու համար ամենաթանկ երկիրն է տարածաշրջանում, ինչպիսին նախկինում երբեք չի եղել։ Տարիներ առաջ Հայաստանը գուցե ապրելու համար ավելի թանկ էր, քան Վրաստանը, բայց ոչ երբեք ավելի թանկ, քան Ռուսաստանը։

Թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում գնաճ չկա կամ շատ ցածր է, իսկ կյանքն ավելի թանկ է ու որակապես ցածր, քան այն երկրներում, որտեղ գնաճի տեմպերն անգամներով, երբեմն՝ տասնյակ-անգամներով ավելի բարձր են, մնում է մեծագույն գաղտնիք։ Չնայած իրականում դրանում ոչ մի գաղտնիք էլ չկա. Իրական թանկացումները Հայաստանում կապ չունեն գնաճի հետ։ Թանկացումները հիմնականում այն ոլորտներում են, որոնց ազդեցությունը շատ ավելի մեծ է քաղաքացիների կյանքի վրա, քան արձանագրվող գնաճն է։

Նորություն չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայություններն անհամեմատ ավելի բարձր տեմպերով են թանկանում։ Մի քանի տարի առաջ դրանք ռեկորդային բարձր տեմպերով թանկացան ու հիմա, չնայած գնաճը որոշ չափով թուլացել է, նախկին թանկացումների ազդեցությունները շարունակում են պահպանվել։

Դրա համար արտաքուստ Հայաստանում գնաճ չկա կամ շատ ցածր է, բայց գներն ահավոր բարձր են, իսկ կյանքը՝ թանկ։ Միայն անցած տարի արձանագրված ընդամենը 3.3 տոկոս գնաճի պայմաններում տավարի միսը Հայաստանում թանկացել է 11.7 տոկոսով, խոզի միսը՝ 12.7 տոկոսով, գառան միսը՝ 14.1 տոկոսով, ձուկը՝ 18.3 տոկոսով, արևածաղկի բուսական յուղը՝ 8.2 տոկոսով, սուրճը՝ 9.5 տոկոսով, կակաոն՝ 31.9 տոկոսով, ձուն՝ 7.2 տոկոսով, մակարոնեղենը՝ 7.9 տոկոսով, հնդկացորենը՝ 9.4 տոկոսով, ոլոռը՝ 10.4 տոկոսով, կարագը՝ 7.2 տոկոսով, տրանսպորտը՝ 24.5 տոկոսով, կրթությունը՝ 8.5 տոկոսով, և այսպես շարունակ։

Այսպիսի թանկացումների պայմաններում ինքնախաբեություն է, երբ իշխանություններն ասում են, քանի որ աշխատավարձերը Հայաստանում ավելի արագ են աճել, քան պաշտոնապես արձանագրվող գնաճն է, դա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Վիճակագրորեն գուցե այդպես է, բայց ոչ իրական կյանքում։ Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության եկամուտները չեն հասցնում կյանքի թանկացումների հետևից։ Դրա համար էլ սոցիալական իրավիճակը մեր երկրում գրեթե չի բարելավվում։ Շատերի վիճակը նույնիսկ վատանում է, ու դա տեղի է ունենում պաշտոնապես արձանագրվող բարձր տնտեսական աճերի, ինչպես նաև աշխատատեղերի, աշխատավարձերի հայտարարվող ավելացումների պայմաններում։

Հայաստանում կյանքի թանկությունը միայն պարենային ապրանքների թանկությամբ չի սահմանափակվում։ Այն, որ ապրելը մեր երկրում ամենաթանկն է Հարավային Կովկասի երկրների համեմատ, կապված է նաև բնակարանների գների, առողջապահության, տրանսպորտի որակի ու մի շարք այլ գործոնների հետ։ Այս բոլորի արդյունքում է Հայաստանը դարձել տարածաշրջանի ամենաթանկ երկիրը։

Դրանում իր ուղիղ ազդեցությունն է ունեցել հարկային այն քաղաքականությունը, որն իրականացվել է մեր երկրում։ Մի կողմից՝ դրսից թելադրված գնաճը, մյուս կողմից՝ հարկային բեռի համատարած ծանրացումները, տույժ-տուգանքների կտրուկ ավելացումները, որոշ ծառայությունների վճարների անգամներով ու տասնյակ անգամներով բարձրացումները բերել են ապրելու պայմանների վատացման։ Կյանքի թանկացումը Հայաստանում ոչ մի կերպ չի համապատասխանում քաղաքացիների ֆինանսական բեռի ավելացմանը։

Միայն այն, որ վերջին տարիներին հասարակության սոցիալապես անապահով 600-650 հազար քաղաքացիների նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրացել, բավարար է պատկերացում կազմելու համար։ Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ աղքատության պատկերը մեր երկրում գրեթե չի փոխվում։ Բնակչության 40 տոկոսի եկամուտները շարունակում են աղքատության վերին գծից ցածր լինել։

Բացառությամբ որոշ խավերի ու իշխանավորների, թանկացումների ազդեցությունը մարդկանց գրպանի վրա շատ ավելի մեծ է, քան եկամուտների ավելացումը։ Ի հեճուկս իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների՝ դա բերել է երկրում՝ ինչպես հասարակության տարբեր շերտերի միջև բևեռացման խորացման, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի վատացման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս