«Փաշինյանի ավազակապետության հաստատումը»․ Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանի ավազակապետության հաստատումը․
ԲՀԿ-ի դեմ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։
Տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարողացել է ձևավորել պրոֆեսիոնալ, կազմակերպված և հանրային վստահություն վայելող քաղաքական թիմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր վարչական և ռեպրեսիվ ռեսուրսները՝ կանխելու ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում։
Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է, որովհետև այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը, խոչընդոտում է մեկ անձի կամքով կառավարվող քաղաքական համակարգի ձևավորմանը և զսպում է փաստացի վարչապետի ակնհայտ ավտորիտար նկրտումները։
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Հատկանշական է, որ հենց այդ տեղամասերում ԲՀԿ-ն գրանցել էր միջին ցուցանիշից էապես բարձր արդյունքներ։
Այս որոշման հետևանքով ԲՀԿ-ից փաստացի գողացան հինգ պատգամավորական մանդատը։
Սակայն խնդիրը միայն ԲՀԿ-ին չի վերաբերում։ Խնդիրը Հայաստանի պետականության և ժողովրդավարական համակարգի ապագան է։
Այս որոշմամբ ՔՊ-ն վերականգնում է Ազգային ժողովում 3/5 մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս առանց քաղաքական համաձայնության և ընդդիմության մասնակցության կատարել սահմանադրական նշանակումներ, ընդունել սահմանադրական օրենքներ և ամբողջությամբ վերահսկել պետական կարևորագույն ինստիտուտների գործունեությունը։
Այն, ինչ տեղի է ունենում, դժվար է անվանել ընտրական գործընթաց։ Սա ընտրողների կամքի խեղաթյուրում է, քաղաքական բանդիտիզմի հերթական դրսևորում, իշխանության կողմից պետական լծակների կիրառմամբ իրականացվող քաղաքական «ռեյդերություն»։
Մեր թիմը հետևողականորեն օգտագործելու է բոլոր իրավական, քաղաքական և հանրային գործիքները՝ պաշտպանելու քաղաքացիների ձայնը և վերականգնելու արդարությունը։
Սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել մի իրողություն․
Հայաստանում դրվում են Փաշինյանի ավազակապետության, քաղաքական ամենաթողության և ինստիտուցիոնալ կամայականության հիմքերը»։

