Մինչ ՇՊՀ դասախոսներն ու այլ աշխատակիցներ գոյատևում են ցածր աշխատավարձերով, ռեկտորը ԲՈՒՀ-ը լցրել է իր բարեկամներով ու շատ փող է տալիս
«Հեղափոխական» իշխանության խոստումներից մեկը 2018 թվականին այն էր, որ նոր իշխանությունն այսուհետ մասնագիտական առաջխաղացման հարցում բացառում է ծանոթ-բարեկամ-խնամի հիվանդագին մոտեցումը՝ նախապատվությունը տալով արհեստավարժ կադրերին: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ սա ևս ժողովրդին խաբելու քարոզչական հնարքներից էր:
Շիրակի պետական համալսարանից (ՇՊՀ) 168.am-ին մտահոգ լուրեր են հասնում, որ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, լինելով իշխանության սիրելի կադրը, համալսարանում առաջխաղացում է ապահովում իր հարազատ-բարեկամների համար:
Խոսենք փաստերով…
Այսպես, համալսարանի պահեստապետ Սուրիկ Հովսեփյանը ռեկտորի աներձագն է: Համալսարանի «Մարդկային ռեսուրսների կառավարման, փաստաթղթաշրջանառության և իրավական ապահովման բաժնի» պետ Արտաշես Հովհաննիսյանը ռեկտորի բարեկամն է: Արտաշես Հովհաննիսյանի որդին՝ Արման Հովհաննիսյանը ևս, առկա բաժնի ուսանող լինելով, աշխատում է համալսարանում: Ռեկտորի մյուս աներձագի դուստրը՝ Շուշան Մարտիրոսյանը, ռեկտորի գործավարից և այլ «մանր» հաստիքներից հետո աշխատանքային կտրուկ թռիչք է կատարել: Նա վերջերս նշանակվել է համալսարանի «Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն»-ի տնօրենի տեղակալ՝ չունենալով գիտական աստիճան, դասախոսական աշխատանքի փորձ (ՇՊՀ-ի պաշտոնական կայքէջում նրա ինքնակենսագրությունը, ի տարբերություն կենտրոնի մյուս աշխատակիցների ինքնակենսագրությունների, փակ է.- Գ.Ս.), բայց շատ արագ ձևակերպվել է հայցորդ. մոտ ապագայում երևի ռեկտորի կամ պրոռեկտորի հավանական թեկնածու է համարվում:
Հետաքրքիրն այն է, որ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի՝ մայիսի 8-ի նիստով բարձրացվել են համալսարանի 2 աշխատակիցների աշխատավարձերը: Ընդ որում՝ մեկ աշխատակիցը ռեկտորի աներձագի դուստր Շուշան Մարտիրոսյանն է, որի աշխատավարձը 1 դրույքաչափի համար 200 000 ՀՀ դրամից դարձել է 250 000 ՀՀ դրամ՝ այն հիմնավորմամբ, որ փոխտնօրենը ծանրաբեռնված է աշխատանքային պարտականություններով. կարծես թե Շուշան Մարտիրոսյանից առաջ աշխատող մարդիկ պարապ էին:

ՇՊՀ-ում այս խտրական վերաբերմունքը մեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, վարչական ցածր օղակի աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրացել, չնայած իրականում հենց նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունն է խիստ ավելացել, ու սա այն դեպքում, երբ ուսանողական վարձավճարները կտրուկ ավելացել են:
Մեր տեղեկություններով՝ ռեկտորն անցած ուսումնական տարվա ավարտին հիմնական աշխատողներին պարգևատրել է աշխատավարձի 50 տոկոսով (նկատի ունենալով ռեկտորի՝ Հանրապետության մակարդակով բարձր աշխատավարձը՝ 700 000 ՀՀ դրամ, ապա առաջինը հենց նա է օգտվել), իսկ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձը համալսարանում ստացել են շատ վաղուց՝ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանից առաջ տարբեր տոների առթիվ պարգևավճարներ համալսարանի աշխատողները ստացել են շատ երկար տարիներ:
Ինչ վերաբերում է ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դիրքորոշմանը, ապա համալսարանի աշխատակիցները հայտնեցին, որ Լևոն Բարսեղյանը շատ թույլ պատկերացում ունի համալսարանի կառավարման, խնդիրների մասին, զբաղված է ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերով, և այս առումով ռեկտորի դիրքերն ավելի ուժեղ են:
Զարմանալի է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների համար Շուշան Մարտիրոսյանը բավարարել է «Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն»-ի տնօրենի տեղակալի պաշտոնի անձնագրի պահանջները (եթե, իհարկե, կա նման պաշտոնի անձնագիր:– Գ.Ս.):
2024 թվականի ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում ևս նշված է, որ դասախոսական կազմի աշխատավարձը ցածր է, ավելի ցածր, քան մյուս մարզերում:

