
«Հայաստանը վտանգի տակ է դնում ինքն իրեն՝ ներգրավվելով ընթացիկ հակամարտության մեջ». Ջեֆրի Սաքս

«Նախ և առաջ, Թրամփի ուշադրության տևողությունը գուցե 99 րոպե է, բայց ոչ 99 տարի։ Ուստի այն գաղափարը, թե աշխարհում ինչ-որ բան կարող է 99 տարով լինել, լիովին անհեթեթ է»,- այսպես է աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն արձագանքում Սյունիքով Ադրբեջանին տրվելիք «անխոչընդոտ ճանապարհը» 99 տարով վարձակալելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը:
Groong Podcast-ի հետ զրույցում նա նշում է, որ Թրամփի ասածին մեծ նշանակություն չի տալիս, բայց մեկ այլ կարևոր հարց է առաջանում՝ հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը, և ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ Ադրբեջանի ներգրավվածությունը, և հարց է բարձրացնում՝ մի՞թե դա այն է, ինչի մեջ Հայաստանը ցանկանում է ներքաշվել:
«Ադրբեջանը, ըստ ներկայիս հանրային քննարկումների, գրեթե դե ֆակտո դաշնակից է Իսրայելին՝ Իրանի դեմ պատերազմում։ Մենք չգիտենք դրա ամբողջ ծավալը, բայց բազմաթիվ տեղեկություններ կան, որ Մոսադը և Ադրբեջանի անվտանգության ծառայությունները սերտ դաշնակցում են։ Շատ քննարկումներ կան այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ բազա էր Իրանի դեմ 12-օրյա պատերազմի համար։ Աստված իմ, մի՞թե դա այն է, ինչի մեջ Հայաստանը ցանկանում է ներքաշվել: Իսկապե՞ս: Ցեղասպան քաղաքականություն վարող Իսրայելի կառավարության պայմաններո՞ւմ։ Անկեղծ ասած, ես նույնիսկ մոտ էլ չէի գնա դրան… Հայաստանը վտանգի տակ է դնում ինքն իրեն՝ ներգրավվելով ընթացիկ հակամարտության մեջ»,- ասել է Սաքսը:
Ջեֆրի Սաքսի խոսքով՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը հզոր հարևաններ են և պետք է զգուշորեն վերաբերվել նրանց.
«Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին խաղաղ հարևանություն ունենալու մեջ. արդեն հազարավոր տարիներ է, ինչ այստեղ հեշտ ժամանակներ չեն, բայց դա պահանջում է մեծ զգուշություն և խոհեմություն։ Միացյալ Նահանգներն այս պահին չի տեղավորվում «զգուշավոր և խոհեմ» բնորոշման տակ։ Այն ավելի շուտ տեղավորվում է «կարճատես, մանիպուլյատիվ և իր բարեկամներին վտանգի ենթարկող» բնորոշման տակ։ Ես հաճախ մեջբերում եմ Հենրի Քիսինջերի հայտնի խոսքը․ «Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բայց բարեկամ լինելը՝ մահաբեր»։ Ես երբեք, որպես ինքնիշխան երկիր, չէի հրաժարվի իմ տարածքի որևէ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունից, հատկապես, երբ խոսքը տարածքի այսքան զգայուն հատվածի մասին է։ Ես երբեք, երբեք թույլ չէի տա, որ ԱՄՆ-ի անվտանգության գործողությունները մտնեն իմ տարածք, անգամ, եթե դա արվի, այսպես ասած, միջանցքը պաշտպանելու համար։ Սա ինքնին արդեն սադրանք է: Ենթադրենք, ԱՄՆ-ը ասաց՝ «սա մեր միջանցքն է, և, բնականաբար, մենք կհսկենք այն»: Դա նշանակում է ռազմական կամ կիսառազմական ներկայություն Իրանի սահմանին: Կատակո՞ւմ եք: Ո՞վ կցանկանար դա, անկեղծ»:
Նա շեշտեց, որ Հայաստանը չի կարող անվտանգության երաշխիքներ ստանալ հազարավոր մղոններ հեռու գտնվող ԱՄՆ-ից: Նա Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուղիղ, այլ ոչ թե միջնորդավորված դիվանագիտական աշխատանքի մեջ է տեսնում հնարավոր լուծումը, գումարած՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը.
«Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ մյուս երկուսից որևէ մեկը որևէ վճռական առավելություն ստանա այս տարածաշրջանում, ուստի կա փխրուն հավասարակշռություն, որի դեպքում այս խոշոր տերություններն ասում են՝ եկեք հանգիստ թողնենք իրավիճակը, մենք ցանկանում ենք կայությունուն Հարավային Կովկասում, ինչը կարևոր է և՛ Հյուսիս-Հարավ, և՛ Արևելք-Արևմուտք միջանցքների համար: Եվ միայն դրա համար, այդտեղ հնարավորություն կա տնտեսական և անվտանգային հարցերում հասնել փոխմբռնման, քանի որ ձեր հզոր և դժվարին հարևանները չեն ցանկանում իրենց համար ավելի դժվարացնել իրավիճակը՝ ի տարբերություն մյուս տերությունների: ԱՄՆ-ը որևէ դերակատարություն չի կարող ունենալ այդտեղ… Շատ հաճելի է, որ Փաշինյանը Սպիտակ տանը նստել է Դոնալդ Թրամփի հետ, բայց բացարձակապես անիմաստ է Հայաստանի առօրյա իրական պատմության համատեքստում, որտեղ ԱՄՆ-ը որևէ նշանակություն չունի տարածաշրջանային տերությունների միջև ուժերի հավասարակշռության առումով։ Արևելք-Արևմուտք միջանցքը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, բայց Հայաստանի համար Հյուսիս-Հարավ միջանցքը նույնպես օգտակար է։ Եվ եթե մեկը չեղարկում է մյուսը, ուրեմն՝ դուք պարզապես բացարձակապես հիմնարար սխալ եք թույլ տվել»:
Պրոֆեսոր Սաքսն անհանգստացած է, քանի որ այս ամենը դիտարկում է «այն անվերջ խաղերի համատեքստում, որոնք ԿՀՎ-ն և ուրիշները խաղում են՝ ըստ էության Ռուսաստանին և Իրանին նյարդայնացնելու համար»։
«Երբ ես ասում եմ նյարդայնացնել, նկատի ունեմ ավելի վատ բան, քան պարզապես զգացմունքների վրա ազդելը, այսինքն՝ հակամարտություններ հրահրելը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ քննարկումներին, նա, մեղմ ասած, շատ քիչ հավանական է գտնում, որ Հայաստանը երբևէ կմիանա Եվրամիությանը:
Թարգմանությունը՝ 168.am-ի