Թուրքիայում կհիմնվի մարդանման ռոբոտի արտադրության 1-ին գործարանը
Թուրքիայում գործող «DOF Robotics» տեխնոլոգիական ընկերությունը հիմնելու է մարդանման (հումանոիդ) ռոբոտի արտադրության առաջին գործարանը։ Այն կհիմնվի Ստամբուլի արդյունաբերական գոտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերությունը գործարանի ստեղծման նպատակով կկատարի 25 մլն դոլարի ներդրում ու զգալիորեն կընդլայնի առկա արտադրական ենթակառուցվածքները։ Գործարանի ներկայիս տարածքը կազմում է 4000 քմ։ Ապագայում նախատեսվում է այն հասցնել 16000 քառակուսի մետրի։
Նոր արտադրամասում կիրականցվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետազոտությունից մինչև ծրագրային ապահովման մշակում, ավտոմատացման համակարգերից մինչև մեքենայական մշակում, եռակցում, ներկում, հավաքում, էլեկտրական ավտոմատացում, ծրագրային ապահովման ինտեգրում և գործարանային փորձարկում։
Ընկերության նախագահը նշել է, որ տեղում աշխատելու են թուրք ինժեներներ, և լինելու է հումանոիդ ռոբոտների սերիական արտադրություն։
Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ ծառայողական ռոբոտների համաշխարհային շուկայի ծավալը մինչև 2028 թվականը կգերազանցի 73 մլրդ դոլարը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ ռոբոտների տարեկան արտադրության ծավալը մինչև 2029 թվականը կգերազանցի 60 միլիոն միավորը։

