Բժիշկը կոչ է արել չփորձել ծարավը հագեցնել գարեջրով
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացրել է SM-Clinic-ի գաստրոէնտերոլոգ Ելենա Բուտենկոն: Այս սովորության հետևանքների մասին բժիշկը պատմել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։
«Ալկոհոլն ակտիվանում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ»,- բացատրել է Բուտենկոն։
Սակայն, ըստ բժշկի, այս ազդեցությունը ժամանակավոր է: Ալկոհոլի ընդունման ավելացմանը զուգընթաց անոթային ռեակցիաները փոխվում են՝ բացասաբար ազդելով արյան շրջանառության վրա: Նա զգուշացրել է, որ արյան անոթների սկզբնական լայնացումից հետո զարգանում են սպազմեր, որոնք հանգեցնում են ներքին օրգանների արյան հոսքի նվազմանը: Հետևաբար, բժիշկը կոչ է արել մարդկանց հույսը չդնել նույնիսկ սառը գարեջրի կամ գինու վրա: Ավելին, շոգի պատճառով նման անոթային լարվածությունը կարող է վատթարացնել բարեկեցությունը, ընդգծել է Բուտենկոն:
Ինչպես նշել է գաստրոէնտերոլոգը, անոթների լայնացումը հաճախ գլխացավ է առաջացնում, և երբ այն զուգակցվում է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետ, գերտաքացման ռիսկը միայն մեծանում է: «Մարդը կարող է սխալմամբ կարծել, որ զովանում է, մինչդեռ իրականում նրա մարմինը դժվարանում է պահպանել նորմալ ջերմակարգավորումը: Արդյունքում, գերտաքացման և նույնիսկ ջերմային հարվածի ռիսկը մեծանում է»,- նշել է մասնագետը:

