Խուժանություն… Էս մարդիկ ուղղակի թքած ունեն սահմանադրության և օրենքների վրա. Էլինար Վարդանյան

Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով երեք ընտրատեղամասում հունիսի 7-ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրական շեմը։

ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ Ազգային ժողովի ընտրության նախնական արդյունքների ամփոփման ժամանակ դիտավորյալ է ավելի քիչ ձայն հաշվառվել ԲՀԿ-ի օգտին, քան իրականում կուսակցությունը ստացել էր ընտրողների քվեարկության արդյունքում։

«Եթե մեկ բառով ասեմ և փորձեմ կիրթ արտահայտվել, դա պարզապես աբսուրդ է։ Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Տեսեք՝ ինչ եղավ։ Սկզբում, երբ հունիսի 8-ի առավոտյան ամփոփվում էին նախնական արդյունքները, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հատել 4 տոկոսի շեմը։ Հետո, երբ մենք ուսումնասիրեցինք, տեսանք, որ նույնիսկ առանց վերահաշվարկի իրենց մուտք արած թվերը չեն համապատասխանում մեզ մոտ եղած արձանագրությունների քաղվածքներին։ Իրենք, իհարկե, ասում են, որ դա տեխնիկական թերություն է եղել, բայց ես ունեմ ներքին համոզմունք, որ դա դիտավորյալ արված քայլ էր, որպեսզի հենց նախնական արդյունքների ամփոփման փուլում չֆիքսեն, որ չորս ուժ անցել է խորհրդարան»,- մեկնաբանեց Էլինար Վարդանյանը։

Կարդացեք նաև

Էլինար Վարդանյանն ընդգծում է՝ նախքան հունիսի 14-ին վերջնական արդյունքների ամփոփումը հրապարակվեցին վերահաշվարկի արդյունքները, որով արձանագրվում էր, որ ԲՀԿ-ն հաղթահարում է 4 տոկոսի ընտրական շեմը, որից հետո անվավեր ճանաչվեցին քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասում, իսկ դա նշանակում է, որ այդ ընտրատեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչելն ազդում է ընտրությունների արդյունքների վրա։

«Որ մի կողմ եք դնում ավելի քան 2000 քաղաքացիների ձայները, ձեզ համար միևնույն են այդ ձայները՝ հարցի մի կողմն է, բայց մյուս կողմից՝ ստացվում է այն, որ դուք ուղղակիորեն միջամտում եք ընտրությունների արդյունքներին։ Այն, որ այդ երկու ընտրատեղամասում խնդիրներ եղել են, բոլորս տեսել ենք, բայց շարքային քաղաքացին, որ գնացել է քվեարկելու, ի՞նչ մեղք ունի, որ ԿԸՀ-ն և ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց ընտրատեղամասերում չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել ընտրություններ։

Ստացվում է, որ ԿԸՀ-ն որոշում է՝ իմ ձայնն արժեք ունի՞, թե՞ չունի, և դա այն պարագայում, որ իրենց մեղքով են տեղի ունեցել ընտրախախտումներ, և այստեղ միանշանակ Ընտրական օրենսգրքի պահանջը կայանում է նրանում, որ որոշ ընտրատեղամասերում անվավեր ճանաչված արդյունքների պարագայում պետք է նշանակվի վերաքվեարկություն։ Սա իմպերատիվ պահանջ է։ Այստեղ չի կարող լինել երկընտրանք»,- ընդգծում է պատգամավորը։

Էլինար Վարդանյանը հավելում է, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե վերոնշյալը հնարավոր չէ, ապա ամբողջ ընտրություններն են անվավեր ճանաչվում։

«Եվ հիմա ի՞նչ արեցին՝ խուժանություն։ Այլ կերպ չես կարող բնութագրել։ Գիտեք, այս մարդկանց համար սահմանադրությունը, օրենքները որևէ նշանակություն չունեն։ Էս մարդիկ ուղղակի թքած ունեն սահմանադրության և օրենքների վրա»,- հավելում է զրուցակիցը։

Էլինար Վարդանյանը նաև խոսեց այն մասին, որ ԲՀԿ-ն, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարդանյանի խոսքով՝ այս պահին ԲՀԿ-ն և մյուս ուժերը պատրաստում են իրենց դիմումները՝ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։

Էլինար Վարդանյանը որևէ ակնկալիք չունի ՍԴ-ից, բայց կարծում է, որ միանշանակորեն պետք է դիմել ՍԴ՝ այդ դիմումներով ընտրական ողջ գործընթացի ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրախախտումները ֆիքսելու նպատակով։

«Պետք է ընդգծել, որ ընտրությունը միայն հունիսի 7-ի քվեարկությունը չէր և քվեարկության արդյունքները հաշվելը չէր։ Ընտրությունը ողջ պրոցեսն է, իսկ այսպիսի խայտառակ ընտրություն նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Այս ընտրությունները կազմակերպվել են բացառապես տեռորի շրջանակներում։ Առաջին հերթին՝ նախընտրական փուլում անհավասար պայմաններ էին ստեղծվել իշխանության և մնացած քաղաքական ուժերի համար։ Այն, ինչ կարելի էր իշխանությանը, չէր կարելի ընդդիմությանը։

Այն, ինչի համար ընդդիմությանը ենթարկում էին քրեական հետապնդման, նույնի պարագայում իշխող ուժի նկատմամբ որևէ վարույթ չէր իրականացվում։ Սպառնալիքները, ատելության խոսքը, քրեական հետապնդումները, վարչական ռեսուրսի կիրառումը, դրան զուգահեռ՝ մարդկանց վախեցնելը՝ այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ ընտրական ողջ գործընթացի վրա»,- հավելում է Էլինար Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները  թիվ 12/13, 10/51, 36/65 ընտրական տեղամասերում։ Արդյունքում՝ ԲՀԿ-ի քվեները նվազել էին, և կուսակցությունը չէր հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը։ ԿԸՀ-ի ամփոփած վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 58 287 քվե կամ քվեների 3.98 տոկոսը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930