«Մեծ յոթնյակը» և ԱՄՆ-ը համաձայնեցրել են Ուկրաինայի համար հրթիռների և ՀՕՊ համակարգերի արտադրության արտոնագրերը
Եվրոպայում «Մեծ յոթնյակի» (G7) երկրները և ԱՄՆ-ը համաձայնեցրել են ուկրաինական ընկերություններին հեռահար շառավղով հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության արտոնագրների տրամադրումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է այդ որոշումը։
Հայտարարությունն արվել է ֆրանսիական Էվիան քաղաքում G7-ի առաջնորդների եռօրյա հանդիպման հետնապատկերին, որին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն։ Գագաթնաժողովի արդյունքներով երկրները միաժամանակ հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին՝ նպատակ ունենալով դադարեցնել ավելի քան չորս տարի շարունակվող Ուկրաինայի դեմ պատերազմը։
Աղբյուրի տվյալներով՝ նախատեսվում է արևմտյան երկրների արտոնագրերով ոչ միայն հակաօդային պաշտպանության համակարգերի, այլև մեծ հեռահարության հարվածային զինատեսակների արտադրություն գործարկել։
Ֆրիդրիխ Մերցը հաստատել է, որ խոսքն արտադրության ընդլայնման մասին է՝ անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունեցող ընկերությունների արտոնագրման հաշվին։ Ըստ նրա՝ ներկա արտադրական հզորությունները բավարար չեն, և եվրոպական ու ուկրաինական ձեռնարկությունների մասնակցությունը հնարավորություն կտա փոխհատուցել պակասուրդը։
Նա նշել է նաև, որ ամերիկյան ընկերությունները կկարողանան արտոնագրեր տրամադրել եվրոպական արտադրողներին՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համագործակցության պատրաստակամության համար։
Որոշումն ընդունվել է G7-ի համատեղ հայտարարությունից հետո, որում երկրները խոստացել են ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռաորսիչների և հեռահար համակարգերի մատակարարումները Ուկրաինային, ինչպես նաև դիտարկել արտոնագրման ընդլայնումը՝ նրա պաշտպանական արտադրությունն ամրապնդելու նպատակով։
Ուկրաինան, որը բախվում է լայնամասշտաբ հրթիռային հարվածների և ՀՕՊ միջոցների պակասի, շարունակում է կախված մնալ արևմտյան դաշնակիցների աջակցությունից։ Առանձնահատուկ նշվում է, որ Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը և տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի զգալի պաշարների սպառումը լրացուցիչ կերպով սրել են նման զինատեսակների գլոբալ պակասը։
Հաղորդվում է նաև, որ մերձավորարևելյան կարգավորման շուրջ բանակցությունների հետնապատկերին ուրբաթ Շվեյցարիայում ակնկալվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրում։

