Փաշինյանը կիսում է Հայաստանը

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը չի ճանաչում, ուժերի մի մասը պատրաստվում է դրանք բողոքարկել Սահմանադրական դատարանում: Սրանով Հայաստանի հետընտրական իրականության հարաբերական նորմալությունն ավարտվում է և սկսվում է իշխանության դեգրադացիան, որը որպես հետևանք՝ հանգեցրել է նաև պետության դեգրադացիային:

Ընտրությունների արդյունքները չի ճանաչում նաև իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա հայտարարում է, թե ՔՊ-ին տրված բոլոր ձայներն «աուտենտիկ են», ընդդիմության օգտին քվեարկածները՝ գնված, ընտրակաշառքով ստացված: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում այն նույն ընտրությունների արդյունքները, որոնց միջոցով ինքը ևս 5 տարի փորձելու է սոսնձվել իշխանությանը:

Դրա հաջորդ քայլը պետք է լիներ խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը և նոր ընտրության նշանակումը, բայց քանի որ Փաշինյանը գիտի՝ երկրորդ անգամ նույնիսկ վերջին տիեզերական մասշտաբի ապօրինություններով չի կարող ապահովել նույն արդյունքը, նման քայլի չի դիմում:

Արդյունքում ստացվում է իրավիճակ, որում Հայաստանում գործելու է միայն ընտրողների մոտ 50 տոկոսի համար պատասխանատու իշխանություն, քանի որ մյուս քաղաքացիներին՝ ավելի քան կես միլիոն մարդու, այդ նույն իշխանության ղեկավարը հայտարարում է հանցագործ, կաշառակեր:

Կարդացեք նաև

Խնդիրը տվյալ դեպքում միայն սահմանադրության, օրենքների, անմեղության կանխավարկածի, քաղաքական ավանդույթի բռնաբարությունը չէ, Փաշինյանը դրանք՝ առանձին-առանձին ու բոլորը միասին, ոտնահարել է այնքան ու այնպես, որ երբևէ իշխանությունը կորցնելուց հետո կարող է ազատազրկվել մի քանի հարյուր տարի պատժաչափով:

Շատ ավելի վտանգավոր է այն, որ իշխանությունը, որը, որպես կանոն, անկախ ընտրություններում իր օգտին քվեարկած քաղաքացիների քանակից, բոլոր քաղաքացիների իշխանությունն է, իրեն հռչակում է միայն ՔՊ-ին ձայն տվածների իշխանություն: Սա ոչ միայն քաղաքական անոմալիա է, այլ պետական ու հանրային կառույցի կազմալուծում, քաղաքացիների կեսից ավելիին պետության պատասխանատվությունից դուրս դնելու ակնհայտ քայլ: Հեռու չէ այն օրը, երբ պետության այս կամ այն պոզիտիվ պարտականությունը կատարելիս քաղաքացիներից կարող են պահանջել իրենց քվեարկությունը հաստատող ապացույց, և բոլոր նրանք, ովքեր ՔՊ-ին ձայն չեն տվել, կարող են, ասենք, զրկվել կենսաթոշակից կամ բժշկական օգնությունից: Դրա հակառակ դրսևորումն էլ կարող է արտահայտվել ՔՊ-ին չընտրած քաղաքացիների կողմից պետությունը, պետության հանդեպ պարտականությունները բոյկոտելու տեսքով: Ասենք, մարդիկ կարող են չվճարել հարկերը կամ հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ պատճառաբանելով, որ իրենց ընտրած ուժից գողացել են ձայները: Եվ որևէ հանդիմանանքի ի պատասխան՝ հանդիմանողի աչքը կոխեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ընդդիմությանն ընտրած ձայների գնված լինելու մասին:

Նիկոլ Փաշինյանը՝ միջոցների մեջ խտրություն չդնելով ամրացնելով սեփական իշխանությունը՝ քայքայում է պետությունից մնացած վերջին փշրանքները: Ընտրությունների վերաբերյալ նրա այս գնահատականը Հայաստանը դարձնում է ներքնապես կիսատ պետություն, որը միայն իշխանությանն ընտրածների երկիրն է, իսկ չընտրածները դառնում են անպետություն քաղաքացիներ: Նրանց Փաշինյանը ոչ թե սրտիկ է ցույց տալիս, այլ միջնամատ, ինչի համար երբևէ պատասխան է տալու: Ոչ միայն դատարանում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930