Հայաստանը կհայտնվի 75% շրջափակման մեջ. Իրանը խիստ զգուշացրել է. Նախիջևանից զորքը և զենքը դուրս չեն բերվել, հետախուզական դրոններով հսկում են սահմանները. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այսօր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կա 3 օրակարգ. այսպես կոչված՝ խաղաղության օրակարգ, դելիմիտացիա, դեմարկացիա և կոմունիկացիաների ապաշրջափակում։

Խաղաղության օրակարգի մասին՝ դեռևս մարտին երկու կողմերը հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագիրը» պատրաստ է, բայց եթե իսկապես այդ պայմանագիրն արդեն պատրաստ է, և կողմերն այլևս չեն շարունակելու ինչ-որ բանակցություններ, նույնիսկ մեկ ստորակետ չեն փոխելու, ապա ինչո՞ւ այն դեռևս հրապարակված չէ։ Եթե չի փոխվելու, պիտի ստորագրվի, հետո վավերացվի, այնուհետև ԱԺ-ն ընդունի, և այլն։ Հետևաբար՝ շատ մեծ հարց է, թե ինչո՞ւ մենք ծանոթ չենք բովանդակության հետ, եթե ոչ մի բան չի փոխվելու։

Կարդացեք նաև

Ինչպես հասկացանք՝ Աբու Դաբիում կողմերը չէին քննարկում ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Դիվանագիտական տեսանկյունից սա մեզ համար խնդիր է, որովհետև քննարկվում է միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որովհետև մեզ համար այն որևէ նշանակություն չունի։ Մեզ համար կարևոր է երկաթգիծը՝ Նախիջևանով դեպի Իրան և ճանապարհ, օրինակ՝ Ադրբեջանով Ռուսաստան։ Բայց ինչպես տեսանք, այս հարցն Ադրբեջանի կողմից օրակարգում չկա։

  • Մենք տեսնում ենք, որ այս գործընթացի հիմնական «պրովայդերը» դարձել է Թուրքիան։ Երբ Հայաստանն ու Ադրբեջանն ասում են, որ նախընտրում են երկկողմ բանակցություններ, մենք չենք տեսնում «սենյակում գտնվող փղին, որը Թուրքիան է։

Իրականում ընդհանուր այս օրակարգը թուրքական օրակարգ է՝ չապաշրջափակել այլ կոմունիկացիաները, ֆիքսվել միայն «Զանգեզուրի միջանցքի» վրա։ 

  • Իրականում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի համար շատ մեծ տարբերություն չկա՝ այնտեղ կլինի Ռուսաստանի, Ամերիկայի, թե այլ երկրի ներկայություն, իրենց համար կարևորը, որ այնտեղ չլինի Հայաստանի 100 տոկոսով ներկայությունը։ Եվ եթե մինչ այդ Ռուսաստանում քննարկվում էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կլինեն այդ կոմունիկացիայում՝ անցակետում, ապա այս կոնտեքստում պարզ չէ, թե որքանով Հայաստանն այնտեղ ներգրավված կլինի։
  • Եթե մենք չգիտենք «Խաղաղության պայմանագրի» բովանդակությունը, առավել ևս մենք չգիտենք՝ այդ արտապատվիրակման ձևաչափն ինչի մասին է։ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ «մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը», բայց ինչպես Ալիևը նշեց՝ «այնտեղ չպետք է լինեն հայերը»։ Եթե մենք չենք վերահսկում մեր կոմունիկացիաները, դա նշանակում է «միջանցք», կապ չունի՝ որ երկիրն է վերահսկում, խնդիրն այն է, որ հայկական կողմն այնտեղ ընդհանրապես չկա, և այս օրակարգի առաջ մղողը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Հետո, երբ 100 տոկոս Հայաստանի վերահսկողությունը նվազի, հասնի 50 տոկոսի, ավելի հեշտ կլինի այդ 50 տոկոսն էլ չեզոքացնել, և կլինի Հայաստանի զրո ներկայություն։ Հետո կբացվի այդ «Թուրանի» միջանցքը, որի վտանգների մասին Իրանում խոսում են. փաստացի սա է օրակարգը։
  • Սա Թուրքիայի ու Ադրբեջանի համար դիվանագիտական հաղթանակ է, որովհետև փաստացի Ադրբեջանն ասաց, որ «մեզ համար կարևոր է՝ բացվի ճանապարհը Հայաստանի տարածքով, և ինչպես ուզում եք՝ բացեք»։

Որևէ մեկը տեղյակ չէ՝ ինչ են առաջարկում Հայաստանին, բացի նրանցից, ովքեր բանակցում են։ Լայն հասարակությունը, նաև փորձագիտական համայնքն ընդհանրապես տեղյակ չէ իրական բովանդակությունից՝ գաղտնի ձևաչափով քննարկվում է։ Բայց այստեղ կարևորն այլ հարց է՝ փաստացի այս օրակարգը բերում է նրան, որ տարածաշրջանում աճում է  Թուրքիայի դերը, որովհետև նույնիսկ Կենտրոնական Ասիայի երկրների փորձագետների հետ երբ շփվում ենք, իրենք ասում են, որ իրենց համար այդ դիվերսիֆիկացիան կարևոր է, չեն ուզում իրենց հույսը կապել միայն Ադրբեջանի հետ։ Իրենց համար կարևոր է նույնիսկ ունենալ երկաթուղի Իրանի տարածքով՝ դեպի Սև ծով, սա կարող է լինել Նախիջևանով, Հայաստանով, Վրաստանով, կամ կարող է լինել նույնիսկ Թուրքիայով, որովհետև Կասպից ծովով տրանզիտն իրականում դժվար է։

Կենտրոնական Ասիայի երկրներն ուզում են, որպեսզի Իրանը՝ որպես տարածաշրջանի հաբ, զարգանա, չլինի միայն Թուրքիայի դոմինանտությունը։

  • Ամերիկյան առաջարկը բաղկացած է երկու մոտեցումներից. առաջինը՝ արտապատվիրակումը, երկրորդը՝ այդ տարածքի 100 տարով վարձակալությունը: Դա կարող է լինել մեծ խաղ, որ առաջարկում են այդ երկու մոտեցումները, Հայաստանը դրանցից մեկը մերժում է, և փաստացի օրակարգում մնում է երկրորդ տարբերակը, որպեսզի այդ ճանապարհը վարձակալեն և չլինի արտապատվիրակում:

Երկրորդը, մենք տեսնում ենք, որ այս օրակարգին հիմնականում դիմադրում էր ոչ թե Ռուսաստանը, այլ Իրանը: Երբ Աբու Դաբիի բանակցություններից վերադարձան պատվիրակությունները, առնվազն երեք շփում՝ հեռախոսազանգ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի միջև: Մեր մոնիտորինգը ցույց էր տալիս, որ իրանական պետական և այլ մամուլում ամենօրյա ռեժիմով, անդադար դատապարտվում է այս պլանը, որ ինչ-որ միջազգային՝ արևմտյան ինչ-որ կազմակերպություն պետք է լինի Իրանի հետ սահմանի վրա: Իրանի պաշտոնյաները՝ ԱԳՆ, Անվտանգության խորհրդի և այլ մակարդակներով,  փորձագետներով դատապարտում են այս օրակարգը՝ նշելով, որ Իրանի համար սա անընդունելի է, և իրենք որևէ մեկին թույլ չեն տա այդտեղ կանգնել: Ի տարբերություն Ռուսաստանի, սա Իրանի համար ունի կենսական նշանակություն, իսկ Ռուսաստանի համար կարևորն այն է, որ իր ազդեցության գոտին պահի:

  • Սյունիքում սահմանին ռուսական սահմանապահ զորքերի ներկայություն կա, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ամերիկյան մասնագետները գետնի վրա լինելու ռուս սահմանապահների հետ:

Մեր սահմաններին հիմա կան ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, եթե այս պլանն իրագործվի՝ կլինեն նաև ամերիկյան մասնավոր ընկերության ներկայացուցիչներ, հիշենք նաև, որ Ադրբեջանի զորքեր կան մեր տարածքում, որոնք օկուպացրել են այդ տարածքները… դա նշանակում է արդեն, որ մենք մեր սահմանների հետ խնդիր ունենք: Փոխանակ մենք վերցնենք և ինքներս հսկենք մեր սահմանները, ինտերնացիոնալիզացիայի ենք ենթարկում մեր ընդհանուր սահմանները, որը խնդիր է նաև մեր հարևանների համար, տվյալ դեպքում՝ հատկապես Իրանի համար:

Ռուսաստանի հիմնական մտավախությունն այն է, որ, ինչպես եկավ ԵՄ դիտորդական առաքելությունը, և փաստացի դրանից հետո դուրս եկան ռուս սահմանապահները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Արցախ սահմանից, նույն բանը կարող է տեղի ունենալ նաև Հայաստան-Իրան սահմանին: Այսինքն՝ եթե այնտեղ գան ամերիկացիները, ապա վաղ թե ուշ այդտեղից դուրս կգան ռուս սահմանապահները: Նույնը նաև տեղի կունենա Հայաստան-Թուրքիա սահմանի հետ:

  • Ըստ Իրանի և Ռուսաստանի տրամաբանության՝ եթե այդ պլանն իրագործվի, Սյունիքի տարածքը կդառնա ՆԱՏՕ-ի սահման: Իրանն այն կոչում է ՆԱՏՕ-Թուրանի միջանցք: 
  • Իրանի կողմից ռեակցիան բավական կոշտ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում և, ամենայն հավանականությամբ, Իրանը տարբեր խողովակներով ՀՀ իշխանություններին զգուշացրել է, որ այս սցենարներն անընդունելի են իր համար:

 – Էրդողանը մի քանի անգամ, այդ թվում՝ 2024թ., հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի»  հարցում Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը համաձայն են, կա  միջազգային կոնսենսուս, և միակ խոչընդոտողն Իրանն է, որին չեն կարողանում համոզել:

-Իրանի մեր գործընկերներն ասում են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում ամենակարևորն անվտանգության հարցն է, և հետո նոր՝ տնտեսականը: 

– Իրանն ունի բավական լուրջ լծակներ Հայաստանի դեմ, որը կապված է մեր ազգային անվտանգության հետ. օրինակ, ՀՀ ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը գնում է Իրանի տարածքով: Եթե մենք ուզում ենք հասնել Արաբական Էմիրություններ կամ Պարսից Ծոցի երկրներ, Չինաստան կամ Հնդկաստան, մենք օգտվում ենք Իրանի տարածքից, տրանզիտից: Զենքի մատակարարումը ևս հնարավոր է դառնում Իրանի տարածքով: Այսինքն՝ Իրանը կարող է ՀՀ-ի դեմ գործի դնի իր լծակները, եթե տեսնի, որ Հայաստանը փաստացի գործում է Իրանի շահերի դեմ: Բայց մենք տեսանք, որ Հայաստանը մեկ քայլով հետ նահանջեց այդ օրակարգից՝ ասելով, որ չեն ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը, քանի որ ինքնիշխանության զիջման վտանգ կա: 

  • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմաբազայի կառուցման մասին հիմնականում ծայրահեղ-աջական ճամբարն է խոսում Ադրբեջանում, որն իրականում շատ մեծ դեր ունի իրենց հասարակական կարծիք ձևավորելու գործընթացում, և իրենք խոսում են ոչ միայն Թուրքիայի բազայի մասին, այլև ասում են, որ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանում լինի ՆԱՏՕ-ի բազա։

Այն լինելու է Թուրքիայի բազա, բայց բոլորը հասկանում են, որ սա խնդիր է Իրանի և Ռուսաստանի համար, բայց շատերն ուշադրություն չեն ուզում դարձնել, որ այնտեղ Թուրքիայի ներկայությունը կա, և, որը գլխավոր խորհրդատուն է Ադրբեջանի զինված ուժերի։

Թուրքական այդ սպայակազմը գտնվում է այնտեղ և Նախիջևանում, որն այսօր տարածաշրջանում ամենամիլիտարիզացված կետն է։ Մենք գիտենք, որ թուրքական բանակն ադրբեջանական բանակի համազգեստով գտնվում է Նախիջևանում, և սա Իրանի համար ևս լուրջ խնդիր է։ Դրա համար Իրանը 2020թ. Արցախի պատերազմի ժամանակ, երբ իր զորքի քանակն ավելացավ Նախիջևան-Հայաստան-Արցախ-Ադրբեջան սահմանում, մինչ այսօր իրենք գրեթե այնտեղ են մնում։ Մենք չենք տեսնում, որ ցամաքային ուժերի քանակը կտրուկ նվազել է։

Նրանք խոսում են Կասպից ծովի մոտ ռազմական բազա տեղադրելու մասին. Արևմուտքն ուզում է Կասպից ծովով կտրել Ռուսաստանն Իրանից և մտնել Կենտրոնական Ասիա, և, հետևաբար՝ միակ տեղը, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կարող են շրջափակել՝ Կասպից ծովն է։ Եվ որպեսզի կարողանան չեզոքացնել Իրանի ու Ռուսաստանի ուժերը Կասպից ծովում, այնտեղ պետք է լինի Թուրքիայի ներկայությունը, որովհետև Ադրբեջանը բավարար ուժ չունի այդ ամենը միայնակ անելու:

– Մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիվանագիտական բոլոր ջանքերն ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուն: Հայաստանի մոտեցումը հետևյալն է. քանի որ Թուրքիայի դերը տարածաշրջանում աճում է, հետևաբար՝ ՀՀ-ն պետք է ամեն գնով բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

– Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի երկրորդ ռաունդի. ԱՄՆ-ը փորձում է այս պատմական պահն օգտագործել, տարածաշրջանը դարձնել թուրքական ազդեցության գոտի:

– Սիրիայի ահաբեկչական իշխանությունը երկու նպատակ ունի՝ միջազգային լեգիտիմություն ստանա. Սիրիայի նախագահը տարածաշրջանից դուրս այցելել է երկու երկիր՝ Ֆրանսիա և Ադրբեջան: Երկրորդը՝ տնտեսական բարեփոխումների հասնել ադրբեջանական գազի միջոցով՝ իրենց էլեկտրիֆիկացիայի խնդիրները լուծելով: Եվ երրորդը, Թուրքիան փորձում է աութսորս անել իր ռազմավարական հարցերն իր դաշնակիցներին:

– Սիրիայի պառակտումը փաստացի շարունակվում է: 

  • Թուրքական բանակը՝ ադրբեջանական համազգեստով, գտնվում է Նախիջևանում: 

– Երկու կարևոր փաստերի արձանագրում: Երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժությունների նպատակով Նախիջևանում Հայաստանի հետ սահմանին զորք կուտակեց, մենք հետո չտեսանք, որ բերված զորքը և զրահատեխնիկան զորավարժություներից հետո այնտեղից դուրս բերվի։ Գուցե այլ փորձագետներ ֆիքսել են, բայց մենք չենք ֆիքսել որևէ չվերթ, օրինակ՝ Նախիջևանից Գյանջա, Նախիջևանից Անկարա կամ Նախիջևանից Բաքու, որ այդ զորքը և զինտեխնիկան դուրս գան այնտեղից։ Զորավարժությունների համատեքստում նրանք այնտեղ կուտակվեցին և մնացին։ Սա՝ փաստ-1:

Փաստ-2. մենք տեսնում ենք, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Նախիջևանից ինչ-որ հետախուզական դրոններ են կիրառում, որոնք փորձում են հսկել, թե ինչ է կատարվում Նախիջևան-Հայաստան և Նախիջևան-Իրան սահմաններին։ Իրանում այս մասին ավելի ուշադիր են, մանրամասն են գրում, քան հայկական մամուլում։

Փաստ-3. մենք նաև տեսնում ենք՝ ընդհանուր մոտեցում կա, որ Նախիջևանը պետք է իրենց համար լինի հիմնական կետը, այնտեղ ռազմական ենթակառուցվածքային աշխատանքները՝ Նախիջևան-Հայաստան սահմանին, շարունակվում են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Նախիջևանում ռազմական ենթակառուցվածքները մեծանում ու ընդլայնվում, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի համար Նախիջևանն ընկալվում է՝ որպես խոցելի կետերից մեկը, քանի որ փաստացի կիսաշրջափակված է Իրանով և Հայաստանով։ Այս տրամաբանությունից բխելով՝ իրենց փորձում են ավելի ցույց տալ, որ Նախիջևանն իրենց անվտանգության սյուներից մեկն է, բայց իրականում այն շատ հեշտ հարձակման կետ կարող է դառնալ իրենց համար։

Սա 3 փաստ, որից կարող ենք հետևություն անել, որ նրանք պատրաստ են Նախիջևանից առնվազն ինչ-որ գործողություններ ծավալել։

  • Նախիջևանը դե ֆակտո դարձել է Թուրքիայի ազդեցության գոտի, և եթե այդ դեպքում իրականացվի Կարս-Նախիջևան երկաթուղին, այն փաստացի ամբողջությամբ շրջափակման մեջ կգցի Հայաստանին:

Ո՞րն է Հայաստանի իշխանությունների մոտեցումը: Իշխանություններն ասում են, որ՝ օր առաջ պիտի բացենք Թուրքիայի հետ սահմանը, որովհետև եթե այդ երկաթգիծը բացվի, ապա կարիք չի լինելու ունենալ երկաթգիծ՝ Բաքու-Հորադիզ-Նախիջևան-Երևան-Գյումրի-Կարս, որովհետև այլևս Գյումրի-Կարս կոնտակտի կարիքը չկա, իրենք Արցախի, Սյունիքի հարավով մտնում են Նախիջևան և միանգամից՝ Թուրքիա։ Եվ Հայաստանն այս կոմունիկացիաներից դուրս է, ինչպես ես եմ հասկանում այսօրվա Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը։ Բայց պարզ է, որ Թուրքիան չի ուզում Հայաստանի հետ սահմանը բացել, որովհետև ըստ իս, եթե իրականում Թուրքիան ցանկանար բացել սահմանը, ապա չէր ասի, որ՝ «դուք պետք է կատարեք Ալիևի բոլոր պահանջները»։ Իրենց համար շատ կարևոր է, ինչպես 1993 թվականից, Հայաստանին պահել շրջափակման մեջ, և եթե բացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կհայտնվի 75 տոկոսով շրջափակման մեջ. հիմա 50 տոկոսով է շրջափակված, իսկ այդ դեպքում փաստացի կմնա միայն Վրաստանի հետ սահմանը։ Դա նշանակում է, որ մեր սահմանը դառնում է  խոցելի և անվտանգ չէ։ Հիմա մենք ունենք 2 փակ սահման Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այդպիսով խնդրահարույց կդառնա սահմանն Իրանի հետ, և կունենանք միայն Վրաստանի հետ սահման։

  • Արտաքին ուժերի համար «Զանգեզուրի միջանցքն» ունի 3 մակարդակի նպատակներ. ազգային նպատակ՝ կապել Նախիջևանն Ադրբեջանի հետ: Տարածաշրջանային նպատակ՝ Թուրքիայի համար ապահովել ելք դեպի Կասպից ծով: Եվ գլոբալ նպատակ՝ Արևմուտքի համար ապահովել ելք դեպի Կենտրոնական Ասիա՝ պոկելով Ռուսաստանն Իրանից: Ի՞նչ է ստանալու Հայաստանն այս օրակարգից: Որևէ բան չի ստանալու Հայաստանը:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը. տեսնել՝ տարածաշրջանի որ երկրների հետ են համընկնում մեր շահերը, դա Իրանն է, նույնիսկ՝ ոչ Ռուսաստանը, քանի որ նրա համար կենսական նշանակություն չունի: Պիտի մեր կոմունիկացիաները զարգացնենք դեպի Իրան՝ վերտիկալ մեր կոմունիկացիան ավելի կարևոր է, որպեսզի հասնենք Պարսից Ծոց և Ասիական երկրներ: Մենք կարող ենք օրակարգում դնել հարց, որ, այո, մենք կարող ենք տրամադրել Սյունիքով տարանցիկ ճանապարհներ՝ նույն սկզբունքով, ինչպիսին դուք կտրամադրեք մեզ դեպի Նախիջևան:

– Խաղի մեջ դեռ չեն մտել Պուտինը և Ալիևը,  որևէ խոսք չենք լսել նրանցից, որպեսզի վերջնական հետևություններ անենք Ռուսաստան-Ադրբեջան սրված հարաբերությունների մասին:

– Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դառնում է ավելի հակառուսական, Ադրբեջանը զենք, գազի մատակարարում և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Իսկ սա կարմիր գիծ է Ռուսաստանի համար:

Օրերս «Հրապարակը» գրել էր, որ  վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով, և գրեթե բացառվում է, որ այդ մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չլինեն։

– Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն այդ տեղեկատվությունը չի հերքել, ամենայն հավանականությամբ, դա ճիշտ է. քանի որ ստատուս-քվոն փոխվում է, իրենց ներկայությունը պետք է ամրապնդեն:

– Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացը նաև դեմարշ է Ռուսաստանի դեմ:

– Թուրքիայի առաջարկն է՝ կոնսենսուս մինուս Իրան, կոնսենսուս մինուս Ռուսաստան:

– Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում Հայ Առաքելական եկեղեցին է և Սփյուռքը:

– Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը պառակտված է: Դա Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ խնդիր է: Օրինակ, երբ իսրայելական լավագույն վերլուծական կենտրոններում վերլուծում են երկրի ազգային անվտանգության հարցերը, իրենք առանձին վերլուծում են արտաքին կոնտուրը և երկրի ներքին կոնտուրը, որին նրանք շատ մեծ ուշադրություն են դարձնում, որպեսզի հասկանան՝ ինչպես կոնսոլիդացնել իսրայելական հասարակությանն ազգային խնդիրների շուրջ, որը նույնիսկ այսօր որոշակի պառակտվածություն ունի, այդ թվում՝ Գազայի, երկրի իշխանությունների հարցում: Ներքին կոնսոլիդացիային, համերաշխությանը նրանք շատ մեծ ուշադրություն են դարձնում, կենսական, ազգային անվտանգության նշանակություն դա ունի:

Ամերիկյան վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը խիստ պառակտված է: Պետք է հասկանալ՝ ինչպես կոնվերտացիա անել հանրային աջակցությունը կոնկրետ գործողություններում: Եթե հիշում եք՝ մեր քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը դեմ էր, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս: Մենք չկարողացանք օգտագործել այդ ներուժը: Հիմա մեր հասարակության 95 տոկոսը դեմ է Սահմանադրական փոփոխություններին: Պետք է կոնսոլիդացնել հանրությանն ազգային կարևորության խնդիրների շուրջ: Դա կարող են անել ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակական կազմակերպությունները: Սփյուռքը կարող է իր խոսքն ունենալ և ակտիվորեն ներգրավված լինել մեր ներքին կյանքում, օրինակ, նաև Եկեղեցու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս