Փաշինյանը գործակալ է դեռևս 1996-ից. ԱՄՆ հատուկ ծառայություններն են բնութագրել նրան. Թաթուլ Պետրոսյան

Ժողովուրդն օբյեկտիվորեն չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, սակայն երբեք չի կարելի պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը թույլ կտար հաղթել իրեն ընտրություններում։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության նախնական արդյունքներն ու ընդհանուր ընտրական գործընթացը։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ «Փաշինյանն իր ոհմակով» վաղուց է սկսել պատրաստվել ընտրություններին՝ մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը փաստացի քարոզարշավ անելով «ուրախ ավտոբուսով»։ Գեներալի խոսքով՝ այդ ժամանակ բարեգործության քողի տակ հանցագործության լուրջ դեպքեր արձանագրվեցին։

«Ազգային ժողովի ընտրություններին արդեն ակնհայտ էր, որ սրանք հոգեխանգարմունքի մեջ են ընկել, և դա ցույց էր տալիս սրանց վախն ապագայի նկատմամբ։ Սրանք լավ հասկանում էին, որ իրենք չունեն ժողովրդի այն աջակցությունը, որ պատկերացնում են։ Այս «ուրախ ավտոբուսով» շրջագայությունը ցույց տվեց, որ ժողովուրդը ոչ թե սրանց արհամարհում է, այլ նաև՝ ատում։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը զոհված սպայի նկատմամբ՝ ինչպիսի ագրեսիվություն կար, կամ մետրոյում Մերուժան Մոսիյանի դստեր՝ արցախցի կնոջ ու մանկահասակ երեխայի հետ կապված միջադեպը։

Կարդացեք նաև

Սրբություններ չունեցող անձի վարքագիծ է սա, և հիմա այս ոճով սրանք եկան ընտրության։ Տեսեք, ընտրությունների ժամանակ և նախորդող փուլերում բազմիցս ասել էինք, որ ժողովուրդը պետք է ակնկալիք չունենա, որ սրանք թույլ կտան, որ ժողովուրդը հաղթի իր ընտրությամբ։

Օբյեկտիվորեն ժողովուրդը դեմ է Նիկոլին, օբյեկտիվորեն չի ընտրել Նիկոլին և ՔՊ-ին, բայց մենք գիտենք՝ ինչպիսի կեղծիքների և խարդավանքների գնացին»,- գնահատեց Թաթուլ Պետրոսյանը։

Արդարադատության գեներալն ընդգծում է՝ պետք չէ հիասթափվել ընտրության արդյունքներից, քանի որ բոլորն էլ հասկանում են՝ «Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից իշխանության կորուստը կյանքի և մահվան խնդիր էր»։

Խոսելով խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժերի՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցի մասին՝ Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ դեռևս հստակ չէ վերջանականապես՝ ԲՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ։ Պետրոսյանի խոսքով՝ եթե ԲՀԿ-ն հաղթահարի ընտրական շեմը, արդեն խնդիրը փոխվում է մի քիչ այլ հարթության վրա։

«Սրիկայությունը սրանց կենսակերպն է։ Տեսեք՝ ինչ դեմագոգիայի մեջ են մտել և ժողովրդի աչքին թոզ փչելու ինչ նոր ձև են գտել։ Նախ, ընդդիմությունը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չի ասել՝ անվավեր ճանաչեք քվեարկության արդյունքներն այդ երկու տեղամասում։

Նրանց պահանջը եղել է, որ տեղամասերի ձայները հաշվարկել են, հայտնաբերել են երկու տեղամաս, որտեղ իրենց ձայները գողացվել են։ Նրանք դիմել են, որ այդ ձայները հաշվառվեն, ոչ թե տեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչվի։ Հաշվառելու դեպքում ԲՀԿ-ն հաղթահարում էր 4 տոկոսի շեմը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Թաթուլ Պետրոսյանը նաև մտավախություն ունի հաջորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների կայունության, սկզբունքայնության, նվիրվածության հարցի առնչությամբ, որ նրանցից ոմանք վաղը կարող են անցնել Նիկոլ Փաշինյանի կողմը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թեքվեն դեպի ընդդիմություն։

«Բոլոր դեպքերում, ես կարծում եմ՝ մանդատները վերցնելը ճիշտ է, բայց դա պետք է անել փողոցային պայքարի հետ միասին՝ մշտական կապի մեջ լինելով արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ Պետք չէ ինքնահավանությամբ զբաղվել. ինքնասիրահարվածությունը վտանգի մեջ է գցում մի ամբողջ ժողովրդի։ Հիմա ժողովրդի մոտ հիասթափություն կա։ Ժողովուրդը շատ դեպքերում մտածում է, որ հենց ընտրության օրը՝ գիշերը, պետք էր հավաքվել հրապարակում։ Շատ-շատերը նույն հարցն են բարձրացնում։ Չարվեց դա։ Եթե կրակը չես բորբոքում աստիճանաբար, այն արագ մարում է»,- հավելում է արդարադատության գեներալը։

Անդրադառնալով հանրության շրջանում առկա այն մտավախություններին, որ Փաշինյանը կարող է գնալ նոր տարածքային և այլ զիջումների Ադրբեջանի պահանջով, գեներալը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ամեն քայլի՝ իր իշխանությունը պահելու համար։

«Վերջերս հրապարակվեցին տեղեկություններ դեռևս 1996 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ գործակալ լինելու մասին։ Արշակ Կարապետյանն էր հրապարակել, եթե չեմ սխալվում։ Դեռևս 1996 թվականին հատուկ ծառայությունները բնութագրել են նրան, որ ամեն հոդվածի համար նա կարող է ստանալ 300-500 դոլար, և որպես անհատականություն բնութագրել են՝ «փառամոլ, սկզբունքներ չունեցող, ագահ անձ»։ Սա 1996 թվականին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների բնութագիրն է։ Ես չէ, որ տալիս եմ այդ բնութագիրը, և հիմա Դուք փորձում եք Նիկոլ Փաշինյանին ասել, որ նա էլ է փակուղո՞ւմ հայտնվել՝ Ադրբեջանի ցանկությունները կատարելու։ Ոչ, բացարձակ որևէ փակուղում չի հայտնվել»,- հավելեց Թաթուլ Պետրոսյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930