Օտարերկրյա ուսանողների կրթությանն առնչվող նոր կարգավորումներ՝ Վրաստանում

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միգրացիոն գործընթացների կառավարման արդյունավետ մեխանիզմների ստեղծման և պետական անվտանգության ուժեղացման նպատակով մշակվել է հերթական մասշտաբային օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում և դրանից բխող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախարարության պարաբանման` գործող իրավական շրջանակը չի նախատեսում մանրամասն կարգավորումներ օտարերկրյա ուսանողների ուսումնառության վերաբերյալ։ Գործնականում լինում են դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացին ձևականորեն ընդունվում է համալսարան, սակայն իրականում ուսումնական գործընթացին նրա մասնակցությունը չի հաստատվում։

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փոփոխություններով կսահմանվեն բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողների ընդունելության լրացուցիչ նախապայմաններ, ինչպիսիք են՝ լեզվի միջազգային սերտիֆիկատի ներկայացումը և/կամ NAEC-ի (Գնահատման և քննությունների ազգային կենտրոն) կազմակերպած օտար լեզվի/պետական լեզվի քննության հանձնումը։ Այս կարգավորումը կբացառի ուսանողի ընդունելությունը օտարալեզու ծրագրերին այնպես, որ նա իրականում չտիրապետի համապատասխան լեզվին։ Վրաստանի կառավարության որոշմամբ` ուսումնական հաստատությունների համար կսահմանվի նաև օտարերկրյա ուսանողների ընդունելության առավելագույն քվոտա։

Միաժամանակ, ուսումնական հաստատությունը պարտավոր կլինի օտարերկրյա ուսանողի ընդունելության իրավունքի ստացման, հրամանագրման, ուսանողի կարգավիճակի կասեցման/դադարեցման/վերականգնման հնարավորության, ուսումնառության ավարտի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլել միասնական տեղեկատվական համակարգում, որը հասանելի կլինի համապատասխան պետական գերատեսչություններին։ Ուսումնական հաստատությունների համար սահմանվում է վարչական պատասխանատվություն օտարերկրյա ուսանողների հաշվառման կանոնները խախտելու դեպքում, իսկ որպես պատժամիջոց կարող է կիրառվել ինչպես տուգանքը, այնպես էլ օտարերկրյա ուսանողների ընդունելության սահմանափակումը և հավատարմագրման (ավտորիզացիայի) չեղարկումը։

Օրենսդրական փոփոխություններով կկարգավորվեն նաև ուսումնական կացության թույլտվության հետ կապված հարցերը։ Նշված թույլտվությունը չափահաս անձանց կտրամադրվի միայն հավատարմագրված բարձրագույն կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթով կսահմանվեն նաև օտարերկրյա ուսանողի՝ Վրաստանում գտնվելու ժամկետի դադարեցման (կացության թույլտվության չեղարկման) հիմքերը, այդ թվում՝ այն դեպքում, եթե նա չբավարարի ակադեմիական պահանջները, խախտի աշխատանքային գործունեության պայմանները կամ փաստացի չգտնվի Վրաստանի տարածքում օրենքով սահմանված ժամկետում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930