Թուրքական հետախուզությունը` Իրանի դեմ ագրեսիայից հետո Մերձավոր Արևելքի իրողությունների իմաստավորման գործընթացում
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ակադեմիայի վերջին զեկույցում նշվում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի 40-օրյա պատերազմը լրջորեն փոխել է տարածաշրջանային անվտանգության մասին պատկերացումները, գրում է Nordic Monitor-ը: Չնայած աճող ռազմավարական մրցակցությանը՝ կոչեր են հնչում Թուրքիայի պաշտպանական քաղաքականության կտրուկ վերանայման և արևմտյան Երուսաղեմի հետ կապի ուղիների պահպանման վերաբերյալ:
Թուրք մասնագետները դիտարկում են «էպիկական ցասում» գործողության լայն հետևանքները ժամանակակից պատերազմի, Մերձավոր Արևելքում ուժերի տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության և Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթությունների վրա: Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ուժեղացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, կարևոր ենթակառուցվածքի պաշտպանությունը, բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության մակարդակի բարձրացումը և Իսրայելի հետ երկխոսության շարունակումը աճող տարածաշրջանային լարվածության խորապատկերին:
Փաստաթղթի հիմնական թեման ռազմական զսպման փոփոխվող բնույթն է: Ժամանակակից հակամարտություններն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում ոչ միայն զինված ուժերը, այլև ռազմական գործողությունները սատարող ենթակառուցվածքները: Պատերազմի ժամանակ էներգետիկ օբյեկտները, կապի ցանցերը, լոգիստիկ կենտրոնները, ռադարային համակարգերը և տվյալների կենտրոնները դարձել են հիմնական թիրախներ: Թուրքիայի համար սա նշանակում է, որ պաշտպանության պլանավորման համար դժվար է հույսը դնել միայն ավանդական ռազմական միջոցների վրա: Առաջարկվում է անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցում՝ հաշվի առնելով ռազմական, կիբեր, էլեկտրոնային, հետախուզական և հոգեբանական ասպեկտները:
Զեկույցի բաժիններից մեկը նվիրված է ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց անվտանգությանը։ Ժամանակակից պատերազմը վերածվել է համակարգի, որն ուղղված է ոչ միայն նյութական օբյեկտների ոչնչացմանը, այլև որոշումներ կայացնելու ունակության խաթարմանը: «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում ոչնչացվել են բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական առաջնորդներ, տեխնիկական մասնագետներ և պաշտոնյաներ: Միևնույն ժամանակ, արհեստական ինտելեկտի, բաց աղբյուրների վրա հիմնված հետախուզական տեխնոլոգիաների և վերահսկողության զարգացումը մեծացրել է հիմնական անձնակազմի տեսանելիությունն ու խոցելիությունը: Ըստ այդմ, մարտական գործողությունների վարման նոր պայմաններում անհրաժեշտ է վերանայել անձնական անվտանգության ապահովման մոտեցումը. դրան այլևս չի կարելի վերաբերվել բացառապես ֆիզիկական պաշտպանության տեսանկյունից: Փոխարենը, խորհուրդ է տրվում տվյալների պաշտպանությունը, կապի անվտանգությունը, շարժման կառավարումը, թվային տեսանելիության վերահսկումը և հակահետախուզական միջոցառումները համատեղել մեկ համակարգի մեջ:
Դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները, էլեկտրոնային լրտեսման համակարգերը, արհեստական ինտելեկտի վրա հիմնված թիրախավորման գործիքները և հանրամատչելի տվյալների աճող հասանելիությունը ջնջում են ավանդական տարբերությունը ֆիզիկական և թվային անվտանգության միջև, ինչը արդիական է ոչ միայն Թուրքիայի, այլև մնացած բոլոր պետությունների համար։Զեկույցում խոսվում է նաև ճգնաժամային իրավիճակների ընթացքում պետական գործառույթների շարունակական կատարման կարևորության մասին: Բաշխված համակարգերը, պահուստային հնարավորությունները և այլընտրանքային գործառնական մոդելները համարվում են հրամայական կառույցների կամ կրիտիկական օբյեկտների վրա հարձակման դեպքում աշխատունակության պահպանման կարևոր գործոններ:
Իսրայելի մասին բաժնում թուրք վերլուծաբանները խոսում են այն մասին, որ նրա գործողությունների մարտավարությունը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ մրցակցության ուժեղացմանը, հատկապես Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, տարածաշրջանում ընդհանրապես: Հեղինակները ենթադրում են, որ Իսրայելը կարող է ձգտել ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում և Լիբանանում՝ շարունակելով փոխել տարածաշրջանային անվտանգության դինամիկան իր օգտին: Իսրայելի քաղաքական և ռազմական դիսկուրսում Թուրքիան ավելի ու ավելի է դիտվում որպես ռազմավարական հակառակորդ, այնպես որ, երկու երկրների միջև հարաբերությունները կարող են բնութագրվել վերահսկվող մրցակցությամբ և աճող լարվածության ժամանակաշրջաններով:
Այնուամենայնիվ, չնայած առկա մտահոգություններին, ակադեմիան խստորեն խորհուրդ չի տալիս դադարեցնել շփումները Նեթանյահուի կառավարության հետ: Փոխարենը՝ առաջարկվում է «բազմամակարդակ» ռազմավարություն, որը համատեղում է դիվանագիտությունը զսպման հետ։ Իսրայելի հետ կապի ուղիների կրճատման ճանապարհով գնալու փոխարեն՝ Թուրքիան պետք է պահպանի երկխոսության ռացիոնալ հիմքը` միաժամանակ բարձր մակարդակի վրա պահելով ռազմական զսպման և տարածաշրջանային համակարգման ներուժը։ Անկարան պետք է միաժամանակ պահպանի դիվանագիտական կապերը, բարձրացնի մարտունակությունը և խորացնի համագործակցությունը տարածաշրջանային գործընկերների հետ, մինչդեռ տարածաշրջանային հաշվեկշիռները շարունակում են մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը: Ամրապնդվող ռազմական ներուժը, պաշտպանական-արդյունաբերական բազան, դիվանագիտական ճկունությունն ու ազդեցությունը տարածաշրջանում թույլ են տալիս Թուրքիային կայունացնող դեր խաղալ արագ փոփոխվող իրադրության պայմաններում։
Միևնույն ժամանակ, միայն ռազմական հզորությունը բավարար չի լինի, զգուշացնում են հետազոտության հեղինակները` բազմիցս նշելով արտադրական հզորությունների և կայունության կարևորությունը: Առաջարկվում է պաշտպանական արդյունաբերության պլանավորման «եռաչափ» մոտեցում` համատեղելով առաջադեմ տեխնոլոգիաները, լայնածավալ արտադրական կարողությունները և մատակարարման երկարաժամկետ հուսալիությունը: Վերջին պատերազմները ցույց են տվել, որ պաշարները, արտադրական կարողությունները և հուսալի մատակարարման շղթաները կարող են նույնքան կարևոր լինել, որքան տեխնոլոգիական սարքավորումները:
Ձգձգված հակամարտությունները հսկայական բեռ են առաջացնում զինամթերքի արտադրության, լոգիստիկ համակարգերի և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա: Անհրաժեշտ է ամրապնդել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, սակայն դրանցից ոչ մեկը բացարձակ անթափանցելի չէ, և հեռանկարային մոտեցումները պետք է ներառեն հարձակողական հնարավորություններ, հաշվողական տեխնոլոգիաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և արհեստական ինտելեկտի կիրառում:
Զեկույցում էներգետիկ ենթակառուցվածքների, կապի համակարգերի և տրանսպորտային ցանցերի պաշտպանության ուժեղացման կոչ է հնչում։ Հակամարտության դեպքում ապագա հակառակորդները, ամենայն հավանականությամբ, ի սկզբանե թիրախավորելու են հենց այդ օբյեկտները: Բացի ռազմական հարցերից, փաստաթղթում ազգային անվտանգությունը կապվում է տնտեսական կայունության և կապեր հաստատելու նախագծերի հետ: Հորմուզի նեղուցի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի և միջազգային ծովային առևտրի այլ «նեղ գոտիների» աշխատանքի խափանումները բարձրացնում են այլընտրանքային առևտրային և տրանսպորտային միջանցքների ռազմավարական նշանակությունը, որոնք հաստատակամորեն առաջ են մղվում թուրք ռազմավարների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կողմից։ Խոսքը վերաբերում է այնպիսի տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչպիսիք են «Իրաքի և Թուրքիայի միջև Զարգացման ուղին», որը միացնում է Պարսից ծոցը Եվրոպայի հետ, «Միջին միջանցքը» և այլն։ Այս նախագծերը դիտարկվում են որպես ռազմավարական ակտիվներ, որոնք կարող են ամրապնդել երկրի դերը տարածաշրջանային լոգիստիկ, էներգետիկ և առևտրային ցանցերում։
Ընդհանուր եզրակացությունն այն է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմն արտացոլում է ավելի մեծ տեղաշարժ, որտեղ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական գործոններն ավելի ու ավելի են միահյուսվում միմյանց: Թուրքիայի համար եզրակացությունն ակնհայտ է. պաշտպանական արտադրության ընդլայնում, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ամրապնդում, կրիտիկական ենթակառուցվածքների և անձնակազմի պաշտպանություն, հասարակության կայունության բարձրացում և դիվանագիտական ճկունություն՝ ներառյալ Իսրայելի հետ շփումները:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

