Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0.5 տոկոսային կետով իջեցրել է՝ հասցնելով մինչև 5%-ի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի հունիսյան «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2026» անունը կրող զեկույցը։
Նշվում է, որ նախկինում Համաշխարհային բանկը Վրաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսել էր 5.5%, իսկ նոր զեկույցի համաձայն՝ 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի ընդհանուր կանխատեսումը նույնպես իջեցվել է հունվարին կանխատեսված 2.7%-ից մինչև 2.5%։
Համաշխարհային բանկը գնահատել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կնվազեցնի համաշխարհային տնտեսական աճը 0.2 տոկոսային կետով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մայիսին Վրաստանի Ազգային բանկը բարձրացրել է իր տնտեսական աճի կանխատեսումը 5%-ից մինչև 6.5%, իսկ հունիսին Վրաստանի կառավարությունը նույնպես վերանայել է իր աճի կանխատեսումը՝ 5%-ից մինչև 6.3%։
Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության (Սակստատ) տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 6.2%, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին իրական տնտեսական աճի միջին տեմպը՝ 8.3%։
Վրաստանի տնտեսական աճը 2021 թվականին կազմել է 10.6%, 2022 թվականին՝ 11%, 2023 թվականին՝ 7.8%, 2024 թվականին՝ 9.7%, իսկ 2025 թվականին՝ 7.5%։

