
Ամերիկայի բարձր խաղադրույքը Զանգեզուրի վրա. ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի գլխավորած միջանցքը կրճատել Եվրոպայի էներգետիկ ծախսերը և հակազդել Ռուսաստանին․ Forbes

«Աշխարհում, որը սրվող համաշխարհային լարվածության պայմաններում պայքարում է ոչ ռուսական էներգիայի համար, հայկական հողատարածքի 43 կմ-անոց հատվածը կարո՞ղ է արդյոք դառնալ Ամերիկայի գլխավոր քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ: Զանգեզուրի միջանցքը մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ հայտը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բռնկել»,- այս մասին գրում է էներգետիկ ոլորտի ազգությամբ թուրք վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը Forbes պարբերականի իր հոդվածում։
Ըստ հոդվածագրի, Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր խաղադրույքներով դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել Եվրասիայում էներգետիկ հոսքերը:
«Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի Սյունիքի մարզով 43 կիլոմետրանոց ռազմավարական անցման իր հավակնոտ առաջարկի միջոցով Վաշինգտոնը նպատակ ունի քանդել տասնամյակների պատմություն ունեցող փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգետիկ մատակարարումները Ռուսաստանից և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կարևորագույն տարանցիկ տարածաշրջանում:
Նախաձեռնությունն արտացոլում է Ամերիկայի ավելի լայն ձգտումը՝ օգտագործելու իշխանության վակուումը Հարավային Կովկասում, որտեղ պատմականորեն առաջնորդող դիրք ունի Ռուսաստանը, բայց այժմ ռեգիոնը հասունացել է վերադասավորման համար՝ Մոսկվայի կողմից իր դաշնակից Հայաստանին պաշտպանելու կոպիտ ձախողումից հետո՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին վճռորոշ հարձակման ժամանակ»,- նշում է հոդվածագիրը։
Յըլդըզը գրում է, որ Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի հեղինակությունն «ավերակների մեջ է», և չնայած 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրով նախատեսված ռուս խաղաղապահների առկայությանը, Մոսկվան չկարողացավ միջամտել, երբ Ադրբեջանը «վերադարձրեց» Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը՝ տեղահանելով 100,000 էթնիկ հայերի։
Ըստ նրա, այս անգործությունը Երևանում ընկալվեց որպես խորը դավաճանություն, որը խաթարեց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների նկատմամբ հավատը և խթանեց Հայաստանի պատմական շրջադարձը դեպի Արևմուտք։
Ազգությամբ թուրք վերլուծաբանի դիտարկումների համաձայն, ռազմավարական հետևանքներն արագ և դրամատիկ էին․ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի ապրիլին ընդունեց ԵՄ անդամակցության մասին օրենքը, իսկ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված ռազմավարական խարտիան պաշտոնականացրեց աճող գործընկերությունը։
«Արևմտյան այս համաձայնությունն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ԱՄՆ ազդեցության համար։ Տարածաշրջան ռուսական ներմուծումը, որը մինչև 2022 թվականն ապահովում էր տարածաշրջանային առևտրի 20-30 տոկոսը, այժմ բախվում է պատժամիջոցների սահմանափակումների։ Միևնույն ժամանակ, Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոն առաջ է քաշել միջանցքի միջազգային վերահսկողության առաջարկները՝ հիմնվելով այնպիսի նախադեպերի վրա, ինչպիսիք են Պանամայի ջրանցքը և Սառը պատերազմի Բեռլինի միջանցքները»,- գրված է հոդվածում։
«Տնտեսական մրցանակը» ենթավերնագրի ներքո հոդվածագիրը նշում է, որ հնարավոր տնտեսական օգուտները բավական մեծ են՝ քաղաքական և անվտանգության հետ կապված մտահոգությունները հաղթահարելու համար:
«Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ միջանցքը կարող է մինչև 2027 թվականը տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային արժեք բացել: Այս աճը պայմանավորված կլինի դրամատիկ լոգիստիկ բարելավումներով. Bloomberg-ի 2025 թվականի մայիսի տվյալները ցույց են տալիս, որ երթուղին կարող է Եվրոպա-Ասիա տարանցիկ ժամանակը կրճատել 12-15 օրով՝ համեմատած առկա երթուղիների հետ:
Ներդրումների եկամտաբերությունը թվում է համոզիչ: Կասպիական քաղաքականության կենտրոնը գնահատում է ենթակառուցվածքների արժեքը 3-5 միլիարդ դոլար՝ 5-10 տարվա ընթացքում, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի լոգիստիկ խնայողություն: Ադրբեջանի համար Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնը կանխատեսում է, որ միջանցքը կավելացնի ընդհանուր արտահանումը ավելի քան 700 միլիոն դոլարով և տարեկան 2 տոկոսով կավելացնի ոչ նավթային ՀՆԱ-ն։
Էներգետիկ հոսքերն ընդգծում են հրատապությունը: Ադրբեջանի Հարավային գազային միջանցքը 2023 թվականին Եվրոպա է մատակարարել 12 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2022 թվականի ԵՄ հուշագրի համաձայն՝ մինչև 2027 թվականը նպատակադրվել է հասցնել 20 միլիարդի: Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանի միջով տարանցիկ նավթի ծավալների աճ, որի իրական հոսքը 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին կհասնի 1.2 միլիոն տոննայի, չնայած հզորությունները սահմանափակող տեխնիկական մարտահրավերներին»,- նշում է Յըլդըզը՝ շարունակելով, որ Եվրոպական էներգետիկ անվտանգության համար հետևանքները խորն են։
Վերլուծաբանը շարունակում է տվյալներ ներկայացնել, որ Միջազգային Էներգետիկ գործակալության 2025 թվականի «Համաշխարհային էներգետիկ հեռանկարը» ուսումնասիրությունը կանխատեսում է, որ Եվրոպան մինչև 2030 թվականը կարիք կունենա 20 միլիարդ խորանարդ մետրից ավելի ոչ ռուսական գազի։ Հոդվածագրի համաձայն, Հայաստան-Թուրքիա սահմանների կարգավորումը կարող է ընդլայնել Կասպից ծովի պաշարների հասանելիությունը, հնարավոր է՝ 10-15 տոկոսով կրճատելով ներմուծման ծախսերը BP-ի նման ընկերությունների համար։
«Դիվանագիտական նորարարություն» խորագրի ներքո հոդվածագիրը գրում է, որ հիմնական մարտահրավերն անհաշտ դիրքորոշումների մեջ է։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը պահանջում է անարգել միջանցք՝ որպես իր 2023 թվականի ռազմական հաղթանակի դիվիդենտ, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որը համարում է կարևորագույն։ «ԱՄՆ-ի «վարձակալության» առաջարկը ստեղծարար փորձ է՝ օգտագործելու կորպորատիվ-իրավական շրջանակները՝ այս փակուղին շրջանցելու համար, առաջարկելով Բաքվին անվտանգության երաշխիքներ՝ միաժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը։
Այս մոտեցումը ոգեշնչված է պատմական նախադեպերից, որտեղ ստեղծագործական կառավարման պայմանավորվածությունները լուծել են թվացյալ անհաղթահարելի վեճեր։ Ինչպես Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ի կառավարման ներքո 1914-1999 թվականներին, մոդելը խոստանում է նպաստել համաշխարհային առևտրին՝ միաժամանակ լուծելով անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Այնուամենայնիվ, քննադատները զգուշացնում են նեոգաղութատիրական հնարավոր երանգների և երկարաժամկետ բացասական ռիսկի մասին։
2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագիծը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ վերջնականապես սահմանելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման պայմանները։ Սակայն դրանք կանգ են առել տրանսպորտային երաշխիքների և անկլավների մուտքի հարցում՝ հենց այնտեղ, որտեղ ԱՄՆ առաջարկը փորձում է առաջ շարժվել»,- մանրամասնում է հոդվածագիրը։
«Աշխարհաքաղաքական հաշվարկներ և մրցակիցների արձագանքներ» բաժնում հոդվածագիրը նշում է, որ «միջանցքի» հաջողությունը հիմնարար կերպով կփոխի տարածաշրջանային ուժերի դինամիկան, ինչը կբացատրի, թե ինչու են մրցակից ուժերը վերակարգավորում իրենց ռազմավարությունները: Ըստ Յըլդըզի՝ Իրանը կանգնած է իր տարանցիկ դերի 20-30 տոկոսը կորցնելու հեռանկարի առջև, խաթարելով կարևորագույն առևտրային ուղիները, այդ թվում՝ տարեկան Կենտրոնական Ասիա անցնող 43,000 թուրքական բեռնատարները, իսկ Ռուսաստանը բախվում է տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամտի հնարավոր կորստի և եվրոպական էներգետիկ շուկաների նկատմամբ իր ազդեցության 10-15 տոկոսի նվազման հետ:
Մինչդեռ Չինաստանը, նրա կարծիքով, նախատեսում է մինչև 2030 թվականը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի արդյունավետությունը բարձրացնել 20-30 միլիարդ դոլարով՝ կապի բարելավման միջոցով։
«Սակայն Պեկինը պետք է հավասարակշռի այս ձեռքբերումները Չինաստանի կողմից վերահսկվող երթուղիներից կախվածության նվազեցման ռիսկի հետ։ Այս միջանցքը կարող է Թուրքիան դարձնել կարևորագույն էներգետիկ կենտրոն՝ թյուրքալեզու պետություններ անմիջական մուտքով, հնարավոր է՝ մինչև 2030 թվականը տարեկան 10-15 միլիարդ դոլարի տարանցիկ եկամուտ ստանալով։
Էներգետիկ խոշոր ընկերությունները դիրքավորվում են հնարավորությունների համար։ SOCAR-ն ընդլայնում է խողովակաշարի հզորությունը, մինչդեռ ADNOC-ն ուսումնասիրում է ջրածնի համատեղ ձեռնարկությունները։ BP-ն և Chevron-ը նախատեսում են 5-10 միլիարդ դոլարի ներդրումների աճ՝ արտահանման ընդլայնված հզորություններից։ Այնուամենայնիվ, քաղաքական փակուղին կարող է 20 տոկոսով բարձրացնել նախագծի ծախսերը, մինչդեռ կարգավորիչ ուշացումները կարող են ժամանակացույցը տեղափոխել կենսունակ ներդրումային պատուհաններից այն կողմ»,- գրում է Յըլդըզը։
«Թուրքական չափումը և տարածաշրջանային վերագործարկումը» ենթավերնագրի ներքո էլ թուրք մասնագետը նշում է, որ Թուրքիայի ռազմավարական հաշվարկը բարդացնում է իրավիճակը: «Անկարան ուսումնասիրում է քրդական լարվածության թուլացումը PKK-ի հետ երկխոսությունների միջոցով՝ ազդարարելով «մեծ վերագործարկման» մասին, որը կարող է կայունացնել սահմանները և բացահայտել տնտեսական ներուժը: Այս դիվանագիտական հալեցումը, եթե հաջող լինի, կարող է լրացնել Զանգեզուրի նախաձեռնությանը՝ ստեղծելով ավելի կայուն տարածաշրջանային միջավայր խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար:
Արևելյան Անատոլիայի նահանգներում թուրքական բիզնեսները կանխատեսում են արտահանման հզորությունների 310 տոկոս աճ՝ տարեկան 160 միլիոն դոլարից մինչև 500 միլիոն դոլար, եթե միջանցքն իրականանա: Սա տնտեսական հզոր խթան է հանդիսանում կայուն դիվանագիտական ներգրավվածության համար, նույնիսկ ներքաղաքական զգայունության պայմաններում»,- գրում է Գյունեզ Յըլդըզը։
«Ռիսկերը և իրականացման մարտահրավերները» բաժնում հոդվածագիրը նշում է, որ չնայած համոզիչ տնտեսագիտությանը, զգալի ռիսկերը շարունակում են մնալ: Նրա խոսքով, դիտորդները բանակցությունների կասեցմանը տալիս են 60 տոկոս հավանականություն, ինչը կարող է հետաձգել իրականացումը 12-18 ամսով:
«Lloyd’s-ի 2025 թվականի հունիսի տվյալները զգուշացնում են ապրանքների 20 տոկոս անկայունության մասին, եթե բանակցությունները ձախողվեն, մինչդեռ ապահովագրավճարները կարող են աճել 20 տոկոսով:
Հայաստանը բացահայտորեն հերքել է տարածքային վերահսկողության վարձակալության կամ փոխանցման վերաբերյալ քննարկումները: Մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը վճռականորեն հայտարարել է, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը որևէ երրորդ կողմի»: Այս դիմադրությունն ընդգծում է ԱՄՆ միջնորդների առջև ծառացած հիմնարար մարտահրավերը:
Միջազգային վերահսկողության իրագործելիությունը մնում է անորոշ: CSIS վերլուծությունները գնահատում են միայն 40-50 տոկոս հաջողության հավանականություն նույնիսկ ՄԱԿ-ի երաշխիքներով, ինչը խոցելի է Հայաստանի վետոների նկատմամբ՝ ինքնիշխանության ենթադրյալ ոտնձգության պատճառով: Մոդելի հաջողությունը կախված է անվտանգության հիմնական մտահոգությունների լուծումից՝ միաժամանակ պահպանելով բավարար միջազգային լեգիտիմություն»,- մանրամասնում է այս հարցով բանակցությունների հնարավորությունը վերլուծաբանը։
«Ռազմավարական հետևանքներ» ենթավերնագրի ներքո Յըլդըզը նշում է, որ սա ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքների զարգացման նախագիծ, «Զանգեզուրի նախաձեռնությունն» ամերիկյան դիվանագիտական ստեղծագործականության ավելի լայն փորձություն է ավելի ու ավելի բազմաբևեռ աշխարհում: Նրա որակմամբ, հաջողությունը ցույց կտա լուծումներ մշակելու Վաշինգտոնի կարողությունը, լուծումներ, որոնք կհակազդեն մրցակիցների ազդեցությանը՝ միաժամանակ ծառայելով իրական տնտեսական շահերին, իսկ ձախողումը կարող է ազդարարել վիճելի տարածաշրջաններում արդյունքներ ձևավորելու ԱՄՆ կարողությունների նվազման մասին:
Եվրոպացի դաշնակիցների համար, վերլուծաբանի համաձայն, «միջանցքն» առաջարկում է իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղի, ԵՄ էներգետիկ խնայողությունները կարող են հասնել 20-30 միլիարդ դոլարի մինչև 2030 թվականը՝ նվազեցնելով ավտորիտար մատակարարներից կախվածությունը: Այս ձեռքբերումները բացատրում են, ըստ նրա, այն, թե ինչու են եվրոպական մայրաքաղաքները լուռ աջակցում ամերիկյան նախաձեռնությանը։
«Նախագիծը նաև թեստ է՝ արդյո՞ք տնտեսական խթանները թույլ կտան հաղթահարել պատմական դժգոհությունները: Հայաստանի համար ԵՄ զարգացման 2.5 միլիարդ դոլարի հնարավոր հասանելիությունը ստեղծում է հզոր խթաններ փոխզիջման համար, բայց միայն այն դեպքում, եթե ինքնիշխանության հետ կապված հարցերը բավարար ուշադրության արժանանան»,- գրում է հոդվածագիրը։
Հոդվածի «Առաջընթացի ուղին» հատվածում թուրք վերլուծաբանը նշում է, որ մինչև 2027 թվականն այս պրոյեկտի հաջող իրականացումը կարող է տարեկան ապահովել 20-50 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր՝ Միջին միջանցքի հզորությունների ընդլայնման միջոցով: Ըստ նրա, Համաշխարհային բանկը գնահատում է 11 միլիոն տոննա բեռնափոխադրման պոտենցիալ հզորությունը, հիմնարար կերպով փոխելով եվրասիական լոգիստիկան: Սակայն հոդվածագիրը նաև նշում է, որ այս «մրցանակը» կախված է հայկական զգայունությունների հաղթահարումից։
«ԱՄՆ-ի գլխավորած Զանգեզուրի առաջարկը մեծ խաղադրույքներ է կրում այն աշխարհում, որտեղ մեծ տերությունների մրցակցությունը ավելի ու ավելի է ձևավորում տարածաշրջանային արդյունքները: Հաջողությունը կախված է ինքնիշխանության օրինական մտահոգությունների լուծումից՝ միաժամանակ բացահայտելով վերափոխող տնտեսական ներուժը՝ փորձարկելով՝ արդյո՞ք ամերիկյան դիվանագիտական նորարարությունը դեռ կարող է վերաձևավորել համաշխարհային կարգը»,- այսպես է ավարտում իր ծավալուն հոդվածը Գյունեյ Յըլդըզը Forbes պարբերականում։
Հրապարակման պատրաստեց ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ