Ասում էինք՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ ատրճանակը գլխներիս դրած, պետք է բանակցենք Ադրբեջանին մեր հպատակության մասի՞ն, մեզ Արևմուտքից պատասխանում էին՝ լավ է լինելու. Բեգլարյան

«Երբ ասում ենք՝ արևմտյան շրջանակներ, պետք է հասկանալ, որ առաջին ջութակն ԱՄՆ-ն էր, և Լուիս Բոնոն գլխավոր բանակցողն է եղել։ Եվ բանակցությունները եղել են թե՛ Արցախի նախագահի, թե՛ ԱԳ նախարարի մակարդակով։ Ես ևս մասնակցել եմ բանակցություններին։ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որ այդ ժամանակ Երևանում էր, ամենաակտիվ բանակցողն էր։

Բրատիսլավայի և Սոֆիայի բանակցություններն իր կազմակերպածն էին, ու ես հստակորեն կարող եմ ասել, որ արցախյան կողմը չի՛ մերժել առաջարկները, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները. հայկական կողմը տեր չի կանգնել բանակցություններին։ Միջնորդներն ասում էին՝ բանակցություններին իրենք չեն մասնակցի, կլինեն կողքի սենյակում, կխոսեն արցախյան ու ադրբեջանական կողմերը։ Ու չնայած վիճակը տխուր էր, բայց մենք համաձայնել ենք այդ բանակցություններին։ Սակայն այդ հանդիպումները չեն կայացել ոչ մեր պատճառով։ Չեղարկել է ադրբեջանական կողմը։ Եվլախի հանդիպման առաջարկին էլ արցախյան կողմը պատրաստ էր օգոստոսի վերջին, բայց ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական կողմը հետաձգում էր»,-  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ երբ իրենք արևմտյան այդ միջնորդներին (ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, մինչ այդ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, Եվրոպայի ներկայացուցիչներին, այլոց) ասում էին՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ ատրճանակը գլխներիս դրած, մենք պետք է բանակցենք Ադրբեջանին մեր հպատակության մասի՞ն, իրենց պատասխանում էին՝ լավ է լինելու։

Կարդացեք նաև

«Մեզ ասացին՝ բացեք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից հետո Լաչինն էլ կբացվի։ Մենք սեպտեմբերի 18-ին բացեցինք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս