«Այդ հանդիպումներից ես միշտ բացասական ակնկալիքներ ունեմ, վախ եմ ունենում՝ մի նոր փորձանք է գալու մեր գլխին»․ թուրքագետը՝ ստամբուլյան այցի գաղտնի օրակարգերի մասին

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է․ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Այսօր Ստամբուլում նախատեսված է Էրդողան-Փաշինյան հանդիպում։ Նախօրեին անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։

Թուրքիա այցի օրակարգի մասին պաշտոնական Երևանի կողմից փակագծեր չբացելու հանգամանքը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը մտահոգիչ է համարում։
«Եթե գաղտնի է հանդիպման օրակարգը, հայտնի չէ, թե ինչ են քննարկելու, այդ հանդիպումներից ես միշտ բացասական ակնկալիքներ ունեմ, վախ եմ ունենում՝ մի նոր փորձանք է գալու մեր գլխին»,- 168am-ի հետ զրույցում նշեց թուրքագետը՝ հիշեցնելով նմանատիպ այլ հանդիպումների նախադեպերն ու հետևանքները։

Թուրքագետը չբացառեց, որ հանդիպումը լինի «խաղաղության պայմանագրի» քննարկման ծիրում։

«Գուցե պայմանագիր կոչված այդ կապիտուլյացիոն թղթի հետ կապված լինի, կամ գուցե՝ առավել բաներ լինեն՝ նոր զիջումներ։ Հակառակ կողմը չի ընդունում, չէ՞, զիջումներ է պահանջում։ Նիկոլ Փաշինյանը, թերևս, պատրաստ է այդ զիջումներին և ուզում է դրանով ինչ-որ բանի հասնել, բայց անգամ այդ պարագայում չի հասնելու»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Տարածաշրջանային այս իրողությունների պայմաններում, երբ հիմնական դերակատարներից 2-ը՝ Ռուսաստանն ու Իրանը, պատերազմի մեջ են, ՀՀ կողմից թշնամիների հետ երկխոսությունը ճիշտ արտաքին քաղաքականություն չէ՞՝ հստակեցրինք թուրքագետից։

Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց․ «Երկխոսությունը միշտ էլ ճիշտ է, սակայն ի՞նչ պայմաններով երկխոսել․ երբ դու մեկի առաջ ծնկի ես գալիս, դա երկխոսել չէ։ Երկխոսությունը սեղանի շուրջ հավասարը հավասարին նստող կողմերն են, որոնք խոսում են փոխզիջումներից, ոչ թե միակողմանի զիջումներից»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարած զրոյական կետի մասին՝ նկատելով, որ այդ «զրո կետը» մեզ հասցրեց այս վիճակին։

Տիրան Լոքմագյոզյանը շարունակեց պնդել Ռուսաստանի ու Իրանի դերակատարման կարևորությունը Հայաստանի համար՝ նկատելով նաև, որ Հայաստանն էլ պետք է ճիշտ քաղաքականություն վարի և ոչ թե լինի աղերսողի դերում։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Տեսանյութեր

Լրահոս