Միջերկրական ծովը՝ փոթորկի շեմի՞ն. Անկարայում մտահոգված են Հունաստանի և Իսրայելի ռազմական գործակցության ընդլայնմամբ

«Հունաստանը պետք է հասկանա, որ Թուրքիան մտադիր չէ զավթել այլ երկրների տարածքները, բայց և մտադիր չէ թույլ տալ որևէ մեկին խախտել իր իրավունքները։ Միջազգային պայմանագրերի անտեսումը ոչ մեկին օգուտ չի տա։

Նա, ով Թուրքիայի հավասարակշռված մոտեցումն ընկալում է որպես թուլություն, լուրջ սխալ է թույլ տալիս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ վերադառնալով Բիշքեկից, որտեղ նա մասնակցել է ՇՀԿ հոբելյանական գագաթնաժողովին։

Մինչդեռ Թուրքիայի ռազմական գերատեսչությունում պատրաստվում են տարբեր սցենարների՝ ճգնաժամից և լարվածության սրումից մինչև լայնամասշտաբ պատերազմ, քանի որ Անկարան ուշադիր հետևում է Իսրայելի և Հունաստանի միջև սրընթաց ընդլայնվող ռազմական գործընկերությանը։

Օգոստոսի 10-ին պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ստորագրությամբ խորհրդարանի պատգամավորներից մեկին ուղղված նամակում ասվում է, որ Թուրքիայի շուրջ «հնարավոր ճգնաժամը, լարվածությունն ու պատերազմը» կանխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են պետական բոլոր համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ։

Կարդացեք նաև

Պատերազմին այս անսովոր ու բացահայտ անդրադարձը կատարվել է Էգեյան ծովում Աթենքի ռազմական ակտիվության և Արևմտյան Երուսաղեմի հետ նրա աճող պաշտպանական կապերի վերաբերյալ պատասխան նամակում։

«Իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարների ուսումնասիրությունը՝ ներառյալ հնարավոր ճգնաժամը, լարվածությունն ու պատերազմը, որոնք կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում… շարունակվում է մեր պետության բոլոր կառույցների հետ սերտ համագործակցությամբ»։

Նամակում ուղղակիորեն խոսվում է պետական հաստատությունների և գերատեսչությունների միջև համակարգման մասին, ինչը վկայում է իրականացվող նախապատրաստական աշխատանքների ավելի լայն համակարգման մասին։

Որոշ հատվածներ մատնանշում են հնարավոր զորահավաքի նախապատրաստումն՝ ի պատասխան այն բանի, ինչն Անկարայում դիտարկում են որպես հարևան տարածաշրջաններում իր դեմ ձևավորվող թշնամական դաշինք։

Նամակը պատասխան էր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Հասան Օզթուրքմենի հարցմանը, որը նեոնացիոնալիստ քաղաքական գործիչ է և հետաքրքրված էր թուրքական ափերի մոտ գտնվող հունական կղզիներում աճող ռազմական ներկայության փաստերով ու հույն-իսրայելական ավելի սերտ պաշտպանական համագործակցության հետևանքներով։

Հարցումն արտացոլում է Անկարայի աճող մտահոգությունը հունական բանակի արդիականացման, այդ թվում՝ իսրայելական զենքի և հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաների ձեռքբերման վերաբերյալ։

Պատգամավորը վկայակոչել է իսրայելական արտադրության ՀՕՊ համակարգերով Թուրքիայի մերձակա կղզիներն ամրապնդելու, ստորգետնյա ռազմական օբյեկտներ կառուցելու, հրամանատարական կենտրոններ և զինամթերքի պահեստներ ամրացնելու Աթենքի պատրաստակամության մասին լուրերը։

Նա նաև հարցրել է, թե արդյո՞ք Հունաստանը կառուցում կամ արդիականացնում է հունական ափամերձ կղզիներում մարտական ինքնաթիռների թռիչքուղիները, և արդյո՞ք այնտեղ տեղակայվում են իսրայելական արտադրության մարտկոցներ կամ «Փեթրիոթ» համակարգեր։ Օզթուրքմենը նաև հարցրել է, թե ինչ հակազդեցության միջոցներ է մշակում Անկարան՝ ի պատասխան Հունաստանի կողմից ծրագրվող «Աքիլեսի վահան» բազմաստիճան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի։

Գյուլերը չի մանրամասնել թուրքական պատասխանը, ներառյալ՝ ուժերի հնարավոր տեղակայումը կամ չնախատեսված հանգամանքների դեպքում գործողությունների պլանները։ Նա հավաստիացրել է, որ Անկարայում մշտապես հետևում են Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի այն գործողություններին, որոնք խախտում են միջազգային իրավունքը, ինչպես նաև Թուրքիայի «իրավունքները, շահերն ու մտահոգությունները», և, որ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են անհապաղ։ Թուրքիայի հարևան տարածաշրջաններում փոփոխությունները կարող են նոր ուղիներ բացել երկրի ազգային շահերն առաջ մղելու համար, թեև նամակում չի հստակեցվում, թե դրանք ինչ հնարավորություններ կարող են լինել։

Վերջին տարիներին Հունաստանն ու Իսրայելը զարգացրել են ռազմական համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատրաստության, զորավարժությունների և տեխնոլոգիաների ոլորտներում։ Անվտանգության ոլորտում դինամիկ փոփոխվող իրադրության, աճող անորոշության, Թուրքիայի համար աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում Հունաստանի հետ Իսրայելի ռազմական համագործակցությունը «սերտ հսկողության տակ է», հավաստիացնում են ռազմական գերատեսչությունում։

Թուրքիայի անվտանգությունը, նրա իրավունքներն ու շահերն Էգեյան ծովում պաշտպանված կլինեն «ցանկացած պարագայում»։

Հունաստանի և Իսրայելի միջև համագործակցությունն ընդգրկում է «ամբողջ սպեկտրը»՝ ներառյալ օպերատիվ համատեղելիությունը, համատեղ զորավարժությունները, հետազոտությունները, նորարարությունները, պաշտպանական տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունվարի 20-ին Աթենքում իսրայելցի գործընկեր Կացի հետ հանդիպումից հետո։

Երկու երկրները ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է 29 միջոցառում Հունաստանում և 25 միջոցառում Իսրայելում։ Նրանք նաև պայմանավորվել են փորձի փոխանակում իրականացնել անօդաչու թռչող սարքերի, անօդաչու ստորջրյա համակարգերի և կիբերսպառնալիքների դեմ պայքարի ոլորտում, ինչը, Դենդիասի խոսքով, արտացոլում է Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն համագործակցությունն Արևելյան Միջերկրական ծովում։

Հունիսի 4-ին Իսրայելի և Հունաստանի ռազմական գերատեսչությունները շուրջ 750 մլն դոլարի (650 մլն եվրո) համաձայնագիր են ստորագրել Elbit Systems ընկերության արտադրության PULS համազարկային կրակի բարձր ճշգրտության ռեակտիվ համակարգեր (արձակման կայանքներ, տարբեր հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներ և շրջագայող զինամթերք) գնելու մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունն այդ համաձայնագիրն անվանել է ապացույց, որ անվտանգության ոլորտում ռազմավարական գործընկերությունը հասել է «ամենաբարձր կետին»։

Հուլիսի 23-ին Հունաստանը հավանություն է տվել Իսրայելից մինչև 3,5 մլրդ եվրո արժողությամբ բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերմանը, որը հանդիսանում է վերոհիշյալ «Աքիլեսի վահանի» հիմքը և ներառում է Rafael և Israel Aerospace Industries ընկերությունների արտադրության ռադարներն ու հրթիռները՝ բալիստիկ հրթիռներից, ինքնաթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար

։ Ըստ Դենդիասի՝ համակարգը պետք է ամբողջությամբ շահագործման հանձնվի մոտ երեք տարվա ընթացքում, և հունական ընկերությունները կարտադրեն դրա բաղադրիչների առնվազն 25%-ը։ Միաժամանակ Աթենքն իրականացնում է մինչև 2036 թվականը 28 մլրդ եվրո արժողությամբ ռազմական արդիականացման լայնածավալ ծրագիր, որը ներառում է ամերիկյան արտադրության մինչև 40 F-35 կործանիչներ, նոր ֆրեգատներ, անօդաչու թռչող սարքեր և այլ առաջադեմ համակարգեր։

Հունիսի 30-ին Հերցլիայում կայացած համաժողովում Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Բարամը հայտարարել է, որ Իսրայելը պետք է օգնի ստեղծել տարածաշրջանային նոր ճարտարապետություն, որը կներառի իր դաշնակիցներին՝ «Հնդկաստանից ԱՄԷ-ով մինչև Հունաստան և Կիպրոս»։ Այսպիսով, Հունաստանն ու Կիպրոսն ավելի ու ավելի են հաշվի առնվում տարածաշրջանային անվտանգության ոլորտում Իսրայելի երկարաժամկետ հաշվարկներում։

Վերջերս Անկարան հերթական նոտան է հղել հունական իշխանություններին՝ նախազգուշացնելով, որ «Էգեյան ծովում ստատուս-քվոն փոխող գործունեությունը» հակազդեցության կհանդիպի թուրքական կողմից։ «Թուրքիան հերթական անգամ հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Էգեյան ծովում սահմաններ գծել սեփական ցանկությամբ»,- նշել են Milliyet պարբերականի զրուցակիցները։ Աթենքը հերքում է Անկարայի մեղադրանքներն Էգեյան ծովի արևելյան մասում կղզիների անօրինական ռազմականացման վերաբերյալ։

Ըստ հույների՝ տարբեր կղզիների նկատմամբ կիրառվում են տարբեր պայմանագրային ռեժիմներ, մինչդեռ պաշտպանական պատրաստությունն անհրաժեշտ է տարածաշրջանային անկայունության և այն բանի պատճառով, ինչը Հունաստանը սպառնալիք է համարում արևելյան հարևանի կողմից։ Թուրքիան վկայակոչում է Լոզանի և Փարիզի պայմանագրերում առկա սահմանափակումները և Աթենքին մեղադրում է, որ նրանք Թուրքիայի մայր ցամաքին մոտ գտնվող կղզիները վերածում են ավելի ու ավելի ամրապնդված ռազմական դիրքերի։ Աթենքում պնդում են, որ Հունաստանի բոլոր գործողությունները զուտ պաշտպանական բնույթ են կրում։

Վերջին շրջանում թուրք-իսրայելական լարվածությունը կարող է տարածվել նաև Սիրիայի վրա՝ Իդլիբ նահանգում Աբու էդ Դուհուր ավիաբազային ՑԱԽԱԼ-ի հարվածից հետո։ Պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը նախագահ Էրդողանին նախազգուշացրել է Թուրքիային «Սիրիայում վտանգավոր արկածների» մեջ ներքաշելու մասին, իսկ ԱՄՆ-ը ու Ադրբեջանն ակտիվացրել են միջնորդական ջանքերը։ Սիրիական առճակատման համաժամանակեցումը, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերության ամրապնդումը վերաձևում են Անկարայի պատկերացումները ռազմական գործողությունների մի քանի թատրոններում սպառնալիքների վերաբերյալ։

Թուրքիայի կողմից օգոստոսի 10-ին հրապարակված փաստաթուղթը չի վկայում Հունաստանի կամ Իսրայելի հետ զինված բախման անխուսափելիության մասին։ Բայց սա հազվագյուտ պաշտոնական ընդունում է, որ Անկարան պատերազմի հնարավորությունը ներառում է միջգերատեսչական պլանավորման մեջ։ Էգեյան ծովում տևական դիմակայությունն ավելի ու ավելի է միահյուսվում տարածաշրջանային անվտանգության համակարգի դինամիկ փոփոխությունների հետ։ Իսրայելական զենքը, տեխնոլոգիաները, ուսուցումն ու ռազմական ծրագրերն ավելի ու ավելի են հյուսվում Հունաստանի ռազմական ճարտարապետության մեջ, մինչդեռ թուրք-իսրայելական մրցակցությունը սրվում է Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սիրիա։

Ստանիսլավ Կոտյոլկին

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930