Աշխարհի առողջապահական 5 կարևոր նորությունները. Շաբաթվա ամփոփում
Քաղցկեղի համաշխարհային դեպքերի հնարավոր աճը մինչև 2050 թվականը

Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը (American Cancer Society) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ համաշխարհային մասշտաբով քաղցկեղի դեպքերը մինչև 2050 թվականը կարող են աճել մինչև 67%-ով: Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ հիվանդությունների մահացության գրեթե կեսը հնարավոր է կանխարգելել՝ ծխելու դեմ պայքարի, ապրելակերպի փոփոխության և վաղ հայտնաբերման միջոցով:
Արդյունաբերական զարգացման հետ մեկտեղ աճում է անառողջ սննդի (վերամշակված մթերքներ, ավելցուկային շաքար և տրանսճարպեր) սպառումը, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի և գիրության՝ ուռուցքային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների:
Ժամանակակից ուրբանիզացված և թվային աշխատանքային միջավայրը նպաստում է նստակյաց ապրելակերպի տարածմանը, ինչը ուղղակիորեն կապված է մի շարք քաղցկեղների (օրինակ՝ հաստ աղիքի) զարգացման հետ:
Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ քաղցկեղից մահացությունների թիվ մեկ կանխարգելելի պատճառը, որին ավելանում է նաև ալկոհոլի չարաշահումը:
Մեծ քաղաքներում օդի աղտոտվածության աճը, քիմիական նյութերի ազդեցությունը և ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը նույնպես նպաստում են ռիսկերի բարձրացմանը:
Կլիմայի փոփոխության և անտառային հրդեհների ազդեցությունը օդի որակի վրա

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հանդես է եկել նոր զեկույցով, որը զգուշացնում է՝ անտառային ծայրահեղ հրդեհների և շոգեալիքների հետևանքով առաջացող աղտոտվածությունը լուրջ սպառնալիք է դառնում մարդկանց առողջության համար: Հրդեհների ծխի թունավոր մասնիկները և բարձր ջերմաստիճանից գոյացող գետնամերձ օզոնը նպաստում են շնչառական և անոթային հիվանդություններից մահացությունների աճին:
Մանկական տարիքում քաշի կորստի դեղամիջոցների (GLP-1) կտրուկ աճը

«Pediatrics» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում և մի շարք այլ զարգացած երկրներում մինչև 12 տարեկան երեխաների շրջանում GLP-1 դասի քաշի կորստի և շաքարային դիաբետի դեղամիջոցների (օրինակ՝ սեմագլուտիդի) դուրսգրումն աճել է բազմապատիկ (2019 թվականի համեմատ ավելի քան 300 անգամ): Բժիշկները մտահոգություն են հայտնում այս միտման վերաբերյալ՝ ընդգծելով երեխաների օրգանիզմի վրա երկարաժամկետ հետևանքների անբավարար ուսումնասիրվածությունը:
Սահմանային սակավարյունության (անեմիայի) կապը մահացության բարձր ռիսկերի հետ

«Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված նոր հետազոտությունը բացահայտել է, որ այսպես կոչված «սահմանային անեմիան» (երբ հեմոգլոբինի մակարդակը մի փոքր է բարձր ԱՀԿ-ի սահմանային շեմից) կապված է բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ այս խնդիրը հատկապես տղամարդկանց և 60-ից բարձր կանանց մոտ մեծացնում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
Գիտնականները նշում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող ստանդարտ սահմանները (կանանց համար՝ 12 գ/դլ, տղամարդկանց համար՝ 13 գ/դլ) բավարար չեն երկարաժամկետ առողջական ռիսկերը լիարժեք գնահատելու համար: Ամենացածր մահացության ռիսկը նկատվել է այն անձանց մոտ, որոնց հեմոգլոբինի մակարդակը ԱՀԿ-ի սահմանային շեմից բարձր է 1–3 գ/դլ-ով («վստահելի նորմա»):
Հետազոտողները շեշտում են, որ սահմանային ցածր հեմոգլոբին ունեցող անձանց մոտ հաճախ առկա է լինում երկաթի թաքնված անբավարարություն կամ քրոնիկական բորբոքային պրոցեսներ, որոնք ժամանակին չբուժվելու դեպքում մեծացնում են սրտանոթային հիվանդությունների և ուռուցքների զարգացման կամ վատթարացման հավանականությունը:
Քանի որ ռիսկերը հատկապես բարձր են տղամարդկանց և 60-ից բարձր տարիքի կանանց մոտ, մասնագետները խորհուրդ են տալիս այս խմբերին առավել ուշադիր լինել ընդհանուր արյան քննության արդյունքների նկատմամբ և համադրել դրանք սրտանոթային համակարգի այլ ռիսկային գործոնների հետ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման վտանգավոր մասշտաբները

Առողջապահական միջազգային կազմերն ահազանգում են Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի համաճարակի խորացման մասին, որտեղ արձանագրված դեպքերն անցել են 6,250-ը: Վիրուսի այս բռնկումը (պայմանավորված Բունդիբուգյո շտամով, որի դեմ հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ գործնականում չկան) տարածվում է չափազանց արագ, մինչդեռ միջազգային արձագանքման և վերահսկման ցուցանիշները դեռևս ցածր են թիրախային մակարդակից՝ տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների պատճառով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

