Փեզեշքիան․ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանի բարեկամ երկրներին թշնամացնել միմյանց դեմ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խնդիրներ չունի մահմեդական հարևանների հետ, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանի բարեկամ և եղբայրական երկրներին միմյանց դեմ թշնամացնել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Շաբաթ օրը Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում լարվածությունը կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականության, ինչպես նաև Իսրայելի գործողությունների հետ։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի սրմանը նպաստում են նրանց «հեգեմոնիստական մոտեցումը» և Իսրայելի իրականացրած հանցագործությունները։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները չեն ցանկանում Մերձավոր Արևելքում անկախ պետությունների գոյությունը։ Նա ընդգծել է հարևան և այլ մահմեդական պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ Թեհրանը շարունակելու է հետևողականորեն զարգացնել այդ կապերը։

Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև վերջին պատերազմի մասին խոսելիս Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը «առանց որևէ պատճառի» ենթարկվել է հարձակման։ Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով զոհվել են երկրի առաջնորդը, երեխաներ, հրամանատարներ և գիտնականներ։

Փեզեշքիանը նշել է, որ հարձակումներն իրականացվել են նաև հարևան երկրների տարածքից, ինչի պատճառով, ըստ նրա, Թեհրանը ստիպված է եղել պաշտպանվել և հարվածներ հասցնել ռազմական բազաներին, որոնք օգտագործվել են հարձակումների համար։

Միաժամանակ Իրանի նախագահը կրկին հայտարարել է խաղաղության ձգտման մասին։ «Մենք չենք ձգտում պատերազմի կամ դրա շարունակությանը»,– ընդգծել է նա։

Փեզեշքիանը դեմ է արտահայտվել նաև Մերձավոր Արևելքի անվտանգության ապահովման գործում արտաքին ուժերի ներգրավմանը։ «Մեզ տարածաշրջանում ժանդարմ պետք չէ»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն հենց իրենք։

Իր հերթին Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին և հաստատել Մալայզիայի աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը։

Նրա խոսքով՝ Կուալա Լումպուրը հենց սկզբից հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, իսկ երկրի խորհրդարանը վճռականորեն դատապարտել է Իրանի վրա հարձակումը։

Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Մալայզիան «խորապես հարգում է» Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նա նաև հարգանքի արժանի է համարել Իրանի իշխանությունների և ժողովրդի դիմադրությունը՝ նշելով, որ շատ այլ երկրներ կարող էին պարտվել մի քանի օրվա ընթացքում, մինչդեռ Իրանը շարունակել է դիմակայել հարձակումներին։

Մալայզիայի վարչապետը նաև հանդես է եկել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին՝ հատկապես առևտրի, տնտեսության և կրթության ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930