Այն ժամանակ բեմն իմ ոտքերի տակ դողում էր, իսկ հիմա․․․ Արուս Գուլանյանը՝ կորուստների, վերադարձի մասին
«Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման։ Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման»,- այսպես է բնութագրել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Նազանի» անսամբլի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արուս Գուլանյանին, ում հետ զրուցել ենք անցած ճանապարհի, բացթողումների ու ձեռքբերումների մասին։

– Տիկին Գուլանյան, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել և որքա՞ն հաճախ եք գնում դեպի այդ տարիները։
– Չեմ կարծում, որ աշխարհում լինի որևէ մեկը, որ չգնա այդ տարիները, որովհետև մանկությունն անաղարտ էջ է։ Կան մարդիկ, որոնք սոված-ծարավ են անցկացրել իրենց մանկությունը, բայց միևնույն է՝ մանկությունն ուրիշ է։
– Փոքր ժամանակ մի փոքր դժվարություն կամ տխրություն ունեցել եք, քանի որ ցանկացել եք դաշնամուր նվագել՝ չի եղել, ստիպված մանդոլին եք նվագել։ Այն հետագայում որքանո՞վ պետք եկավ ձեզ։
– Դե պատկերացրեք, ես 1957թ․ նոյեմբերին եմ ծնվել, երկար ժամանակ գյուղերում նույնիսկ հեռուստացույց չկար։ Հետո երբ հասկացա՝ ինչ է դաշնամուրը, որտեղի՞ց գտնեին։ Ուսուցչուհի էլ չկար, պետք է գնայի Սևան, իսկ տանող-բերողն ո՞վ էր։ Նախ՝ ժամանակ չունեին, հետո՝ 6 երեխա էինք, ամեն մեկը մասնագիտություն պետք է ձեռք բերեր։ Մեկին դաշնամուր էր պետք, մյուսին՝ այլ բան։ Մեր ընտանիքում և՛ հայրս, և՛ մայրս երգում էին, բայց հայրս արտակարգ էր երգում, ավելին, ինքնուրույն շվի, բլուլ էր պատրաստել և երբեմն նվագում էր։
Իսկ մադոլինը հիմա, իհարկե, պետք չի գալիս։ Երբ դպրոցն ավարտեցի ու Սևանից եկա Երևան՝ մանդոլինը պետք չեկավ։ Երգին զուգահեռ՝ կարելի էր սովորել որևէ այլ երաժշտական գործիք, բայց այդպես էլ չարեցի։ Հազիվ էի հասցնում ունենալ իմ անսամբլը, երգում էի Սայաթ-Նովա աշուղական երգի պետական անսամբլում։ Դպրոցական տարիներից սկսած՝ ես սիրել եմ ամեն ինչ։ Հաճախել եմ բասկետբոլի, պարի խմբակներ։ Հանգիստ չեմ մնացել։ Դրա հետ մեկտեղ՝ գյուղատնտեսաան գործերում օգնել եմ նաև ծնողներիս։ Փոքրիկ էի, բայց բավականին ուժեղ էի, չնայած դա հետագայում ինձ խանգարեց։ Հիմա ունեմ առողջական խնդիրներ, ու դա միգուցե մանկությունից է գալիս։ 15-16 տարեկանում իմ քաշից ավելի ծանրություն էի բարձրացնում։ Ուզում էի բոլորին ապացուցել, որ կարող եմ, իսկ դա արդեն սխալ բան է։
– Գուցե տան խղճովը Դո՞ւք էիք։
– Միգուցե։ Ֆիզիկապես ավելի ուժեղ էի, դրա համար կարողանում էի։
– Իսկ դաշնամուր այդպես էլ նվագել չե՞ք սովորել։
-Չէ, մի թեթև։ Հետագայում աղջիկս երբ ցանկացավ սովորել՝ ասացի, գոնե դու իմ երազանքն իրականացրու։
– Ձեր երիատասարդ տարիներին ինչպիսի՞ երաժշտություն էիք շատ լսում։ Ձեզ էլ էի՞ն շատ քննադատում՝ ասելով, թե՝ այս ի՞նչ երաժշտություն են լսում։
– Բոլորովին։ Հիմնականում ժողովրդականն էր ու դասականը։ Երևի դա գալիս է նաև ընտանիքից։ Հայրս ամեն ինչ լսում էր։ Գնում էր սկավառակներ, ու մենք լսում էինք Սայաթ-Նովա, Շերամ։ Ուներ նաև Ջիվանու հաստափոր գիրքը, անընդհատ թաքուն գնում, նայում էինք, թե ինչպես վերցնենք, տեսնենք՝ մեջն ինչ կա, որ հայրս այդքան շատ սիրում է։ Ջիվանին մեծ փիլիսոփա էր, մինչ օրս արդիական են նրա բոլոր ստեղծագործությունները։
Հետո հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրել տարբեր երգիչների կատարումները։ Ես այդ ժամանակ ծնկաչոք իջնում էի գետնին և լսում էի մեր երգիչ-երգչուհիներին։ Հիշում եմ, որ ավելի շատ դասական երգերն էի սիրում։ Ունեի հնարավորություն՝ հետագայում սովորել դասական բաժնում, որովհետև ինձ մի տարեց երաժիշտ՝ Բալյան ազգանունով, ասաց, որ՝ չգնաս ժողովրդական երգի, կգնաս ու օպերային երգիչ կդառնաս։ Բայց դե ո՞վ էր մեզ տեր կանգնողը։ Մորաքրոջս տանն էի ապրում ուսանող ժամանակ, նրանք էլ այդքան ժամանակ չունեին՝ ինձանով զբաղվելու։ Գուցե նաև մի քիչ բարձիթողի վիճակ է եղել՝ ուշադրություն չեն դարձրել, համ էլ իմ հոգում նստած է եղել ժողովրդականը։
– Որքան գիտեմ՝ Ծովագյուղում ձեր ընտանիքը բավականին հայտնի է եղել։ Միշտ մասնակցել եք խնջույքներին, որովհետև երգել եք։ Հիմնականում ո՞վ էր երգում։
– Ուղղակի առանց բարձրախոսի, երաժշտության երգում էի ու չէի էլ հասկանում, որ երևի լավ եմ երգում, որ բոլորը կլանված լսում են։ Սովետի ժամանակ 10 ռուբլիանոց ոչ մեկի չէին տալիս, բայց ես հիշում եմ, որ ինձ առաջին անգամ 10 ռուբլիանոց նվեր տվեցին։ Հետո երբ սկսեցի մանդոլին նվագել, չգիտեմ՝ ինչ առիթ էր, մեր բարեկամները եկել էին ու անընդհատ մանդոլինի մեջ փողեր էին դնում։ Ու մանդոլինի մեջ այնքան փող էին լցրել, որ ձայնը խլացել էր։ Հետո չգիտեմ՝ այդ փողն ի՞նչ եղավ, ո՞ւմ տվեցին, ինձ համար շոր առա՞ն, թե՞ չառան։

– Փաստորեն, ձերը միայն երգելն էր, իսկ թե ի՞նչ կլիներ գումարի հետ՝ էական չէր։
– Դե չէ, մենք ի՞նչ գործ ունեինք գումարի հետ։ Եթե պետք էր՝ կա՛մ հայրս, կա՛մ մայրս ծախսում էին այդ գումարը։
– Ձեր երգելու տաղանդը հենց այդ ժամանա՞կ է բացահայտվել։
– Շատ փոքրուց։ Երևի 2-3 տարեկանից։ Թաքուն բարձրանում էի մեր կտուր, որպեսզի ձայնս չլսեին ու երգում էի։ Բայց դե հայրս միշտ հետևում էր։ Ասում էր՝ այնքան նիհար էիր, երբ բարձրանում էիր կտուր՝ վախենում էի, որ քամին քեզ կքշի-կտանի։
Ի դեպ, երբ եկա Երևան ու մտածեցի, որ պետք է զբաղվեմ երգով՝ հայրս շատ ուրախացավ։ Մի քիչ վաղ ենք կորցրել հորս, ափսոս, չտեսավ, թե մինչև ուր հասա։ Շնորհակալ եմ Աստծուն և հորս։
– Կարծես մանկուց կանխորոշված էր, թե որ ուղղությամբ եք գնալու, սակայն, չգիտես՝ ինչու, թեքվել եք նաև դեպի բժշկություն։ Ասում էին՝ մի նորմալ մասնագիտություն սովորի, աղջիկը չպետք է երգի՞։
– Ծնողներս երբեք չեն ասել, թե աղջիկն ի՞նչ գործ ունի, որ երգի։ Երբ ամուսնացա՝ այդ ժամանակ են ասել, թե ի՞նչ գործ ունի, ամոթ չէ՞, որ հարսը երգի։ Ես իրենց չեմ մեղադրում, գիտակցել եմ․․.
Ժամանակին ընդունված էր, որ հարսը չպետք է երգի, ամոթ է։ Իսկ ինչո՞ւ գնացի բժշկական ուղղությամբ… երբ անցնում էի Շրջանայինով, հանկարծ տեսա մեր հարևանին, ասացի, որ բաեկամներս ինձ տանում են Ռադիոկոմիտե, որ լսեն և ուղղություն տան, թե ո՞ւր պետք է գնամ։ Հարևանս ասաց, թե գիտե՞ս, մեր ուսումնարանում այնքան լավ ժողգործիքների ինքնագործ անսամբլ կա, արի, գնում ենք արտասահման, այս կամ այն քաղաք։ Քանի որ 8-րդ դասարանից էի դուրս եկել, բայց լավ էի սովորում, տնօրենն ասում էր՝ ավարտիր 10-ր դասարանը։ Ես սիրել եմ բժշկությունը, միշտ համարել եմ, որ բժշկությունը մեծ արվեստ է։ Ավարտելուց հետո ընդունվեցի Ռադիոյի և հեռուստատեսությանը կից Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի երգի ստուդիա։ Շատերը կային, որ հետագայում էլի չերգեցին սկեսուր-սկեսրայրի պատճառով։
Փառք ու պատիվ իմ ամուսնուն․ նա ինձ գաղտնի տարավ, որ երգեի։ Հետո սկեսուրս էլ գիտակցեց, որ դրա մեջ ոչինչ չկա։
– Երբ սկեսուրից նեղանում էիք, չէիք փորձո՞ւմ ժողովրդական երգի տեսքով ձեր խոսքը հասցնել նրան։
– Ինքն էլ էր երգը սիրում։ Ներսիկ Իսպիրյանի հորաքույրն էր։ Հարգում էի նրան, քանի որ լավն էր, ինձ շատ լավ էր դաստիարակում։ 19,5 տարեկան էի, երբ ամուսնացա։ Զուտ նրա համար ամուսնացա, որ մնայի Երևանում, թե չէ կգնայի գյուղ։

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ընտրության առջև են կանգնում՝ ընտանի՞ք, թե՞ կարիերա։
– Հիմա չեմ տեսնում որևէ մեկին, որ շատ լավ է երգում, ինչ-որ մեկը խոչընդոտի։ Մարդիկ արդեն գիտակցում են։ Ընտանիքն օգնում է, որ կայանան։
-1995 թվականի՞ց եք մուտք գործել երաժշտական աշխարհ։
– Մանկուց։ Սևանում ինքնագործ խումբ կար, սկսել էի երգել, արդեն ճանաչվել էի։ 1976թ․ երբ արդեն Երևանում էի, ժողստեղծագործության տանը ժողգործիքների անսամբլ կար, մոտ 35 հոգի էին։ Բավականին շատ գործեր էին կատարում, այդ թվում՝ սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Անընդհատ գնում էինք Ռուսաստան, 15 հանրապետություններից այս կամ այն երկիր։
1976թ․ ստացա համամիութենական մրցույթի դափնեկրի կոչում։ 1992թ․ Թովմաս Պողոսյանն ինձ ճանաչելով հրավիրեց ու այն ժամանակ ստեղծեց Սայաթ-Նովա երգի աշուղական անսամբլը։ Սկսեցինք աշխատել այն դժվար տարիներին, երբ լույս չկար, ցուրտ էր, հնարավոր չէր տաքացնել սենյակը, բայց շատ սիրով էինք գնում պարապմունքների։ Առանց վճարվելու՝ շատ սիրով գալիս էին, յուրաքանչյուրն իր ներդրումն էր անում անսամբլում։ Հասանք նրան, որ 1997թ․ ստեղծվեց Ջիվանու անվան աշուղական դպրոցը։ Հիմա արդեն մեր գործը բավականին շատ շարունակողներ ունենք։ Աղջիկս է արդեն իմ գործը շարունակում․ ունի տեսահոլովակներ, ձայնագրություններ։ 2004թ․ թողեցի անսամբլն ու որոշեցի ունենալ սեփականը, որը կոչվեց «Նազանի»։ Ինչո՞ւ «Նազանի», որովհետև աղջիկները շատ էին։
– Դեռևս 2001թ. ասում էին, որ ժողովրդական երգը նահանջում է։ Համամի՞տ եք։
– Եթե չլիներ Սայաթ-Նովա անսամբլը՝ հաստատ կնվազեր։ Բայց կար ու շատ թափով զարգացավ։ Համերգներ սկսեցինք ունենալ տարբեր դահլիճներում։ Հիմա արդեն չգիտեմ՝ ի՞նչ է կատարվում։ 6,5 տարի Հայաստանում չեմ, Գերմանիայում եմ ապրում։ Ժամանակին մեծ համերգասրահներում բավականին համերգներ էին կայանում, որտեղ ավելի շատ գալիս էին երիտասարդները։ Այդպես սեր է առաջանում, ու շատերը սկսեցին ժողովրդական երգել։ Ասում են, որ հիմա դահլիճ վարձակալելը բավականին թանկ է։
– Ի՞նչն էր պատճառը, որ տեղափոխվեցիք Գերմանիա։
– Ցավոք, սիրելի ամուսնուս մոտ 2019թ․ հայտնաբերվեց չարորակ ուռուցք։ Փառք Աստծո, 6 տարի ես կարողացա այդ օտար երկրում անել անհնարինը։ Վերջին 6 ամիսների ընթացքում ամուսնուս վիճակը վատացավ և մահացավ փետրվար ամսին․․․
– Գերմանիայում նաև դասավանդել եք որոշ ժամանակ։
– Այո, այնտեղ կար «Զարթոնք» ընկերություն, դասավանդեցի մոտ 2 տարի։ Քանի որ ամուսնուս վիճակը ծանրանում էր՝ դուրս եկա։ Սիրով էի մասնակցում, անվճար, որովհետև ուզում էի, որ հայ երեխաներն անպայման երգ սովորեն։ Հիմա շատ դժվար է ինձ համար մնալ այնտեղ։ Թղթաբանության հետ կապված որոշ գործեր կան, որ պետք է ավարտին հասցնեմ, որպեսզի գամ Հայաստան։ Չգիտեմ՝ այստեղ ինչո՞վ կզբաղվեմ։ Առաջվանը չեմ, բավականին թուլացել եմ այս ընթացքում, առողջությունս այն չէ։ Երգի ասպարեզում պետք է ունենաս լավ առողջություն, և շատ հաճախ մտածում եմ, որ երևի ես այդքան համերգներ չեմ ունենա։ Այն ժամանակ երբ քայլում էի՝ ինձ դուր էի գալիս․․․ ոչ թե բեմի վրա ես դողում էի, այլ բեմն էր իմ ոտքերի տակ դողում․․․ Իսկ հիմա Աստված չանի, որ հակառակը լինի։ Ես չէի ուզենա, որ բեմի վրա դողայի։ Ավելի լավ է մեռնեմ, քան բեմում դողամ։
Ձայնս բավականին լավ պահպանվել է, թեպետ 6 տարի համարյա չեմ երգել։ Մի քանի համերգ ունեցել ենք Համբուրգում, Բեռլինում, տարբեր քաղաքներում, բայց դա ինձ չի բավարարել։ Այստեղի հանդիսատեսն ուրիշ է։
– Երգել եք նաև զինվորական երգչախմբում։
– 1993թ․, երբ ստեղծվեց 5-րդ բիգադը, Վազգեն Սարգսյանը մեկ անգամ լսեց ինձ և խնդրեց, որ գնամ առաջնագիծ՝ ասելով, որ տղաները ջլատված են, հոգնած։ Գնում էինք առաջնագիծ, երգում։ Ռմբակոծություն էր լինում, վախենում էինք, չնայած 4-րդ օրվանից սկսեցինք սովորել այդ ամեն ինչին ու արհամարհում էինք։ Մեր տղաները շատ քաջ էին, հիմա նույնպես, բայց այժմ պատերազմն այլ է։ Եթե այն ժամանակ կռվում էին թնդանոթներով, տանկերով, հիմա այդպես չէ․․․
– Դուք նաև ավտոմատ եք ուզել, որ գնաք կռիվ․․։
– Հա, ցանկացել եմ գնալ, բայց միշտ մտածել եմ՝ երեք երեխաս թողած՝ այս ո՞ւր եմ եկել։ Ավտոմատն ուզում էի նրա համար, որ ես էլ տղաների նման խփեի, ոչնչացնեի այդ ինքնաթիռները։
Բժշկական ուսումնարանում, ի դեպ, զինվորական գործ էինք անցնում, և ես շատ լավ էի կրակում, դիպուկահար էի։ Երեխա ժամանակ նայում էինք սովետական ֆիլմերը՝ 1941-45թթ․ Համաշխարհային պատերազմին վերաբերող, և մեզ թվում էր՝ ի՞նչ կա որ, կգնանք, կխփենք, բայց, երբ հայտնվում ես պատերազմի դաշտում ու զգում ես մահն աչքերիդ առջև, այն ժամանակ արդեն որպես կին՝ չես դիմանում։
– Վազգեն Սարգսյանի հետ երկար ժամանա՞կ եք շփվել, թե՞ զուտ այն դրվագն է, որ խնդրել է մեկնել առաջնագիծ՝ երգելու։
– Մի քանի անգամ շփվել ենք տարբեր հավաքույթների ժամանակ, ինքը շատ լավ էր երգում։ Մատաղիսում ունենք կադրեր, որտեղ ես երգում եմ, Վազգեն Սարգսյանը պարում է, շուրջպար ենք բռնում։ Պատերազմից հետո նույնպես շփվել ենք։
– ՀՀ վաստակավոր արտիստ եք, վերջերս, կարելի է ասել, վերացրեցին կոչումները։ Ի՞նչ է տալիս այն արտիստին, սա գնահատակա՞ն է, թե՞ լրացուցիչ պարտավորվածություն։
– Չէի ասի, որ դա պարտավորվածություն է, որովհետև չեմ կարծում, որ որևէ երգիչ երգում է նրա համար, որ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում տան։ Բեմում կանգնած մարդու համար կարևորն այդ պահին ժողովրդի գնահատականն է։ Այն ծափերը, որ մենք ստանում ենք, ամենակարևոր և ամենաբարձր արժեք ունեցող գնահատականն է։ Մի անգամ կռիվ եղավ, համերգը լուսահոգի Ազատ Գասպարյանն էր վարում, Արթիկում էինք։ Իր սովորության համաձայն, դուրս եկավ՝ ասաց․ «Այժմ բեմ ենք հրավիրում ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանին»։
Վերցրեցի բարձրախոսն ու եկա առաջին հերթին խոնարհվեցի, որը միշտ սիրել եմ։ Սկզբում գալիս, խոնարհվում ես, չես երգում։ Մարդիկ եկել, նստել են, պատրաստ են քեզ ծափահարել, դու պետք է խոնարհվես, դա հարգանք է հանդիսատեսի առջև, ու ասացի, որ պարոն Գասպարյանը սխալվեց, դեռ չեմ արժանացել վաստակավոր արտիստի կոչման, թեպետ դուք վաղուց ինձ տվել եք այդ կոչումը, իսկ մնացածը կարևոր չէ։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Իհարկե, գնահատականը լավ է, քեզ շոյված ես զգում, ու շատ սխալ է, որ հանել են։ Դու պետք է հետք թողնես։ Ես կարծում եմ, որ հետք եմ թողել, ինչ-որ գործ արել եմ։

– Ինչպիսի՞ խորհուրդներ են տվել ձեր ուսուցիչները ու ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ երգիչներին։
– Երիտասարդ երգիչներին խորհուրդ կտամ շատ սիրել երգը։ Սոված կլինեն, գումար կունենան կամ չեն ունենա, բեմ դուրս եկան՝ պետք է մտածեն հանդիսատեսին գրավելու մասին, նրան շատ բան տան։
Ինչ վերաբերում է խորհուրդներին, մի ժամանակ դրանք բոլորովին այլ էին։ Կան ուսուցիչներ, որ սանին խորհուրդ են տալիս կարճ, հետաքրքիր հագնվել, որ նրան ուշադրություն դարձնեն, և այլն։ Որքան կարողանում եք՝ համեստ եղեք, երբեք մի՛ գոռոզացեք։
Ինձ համար ամենահաճելին առանց սուլելու, բղավելու, ոտքի վրա ծափահարելն է։ Մեր ժամանակի ուսուցիչներն իրենց կեցվածքով, պահվածքով, համեստությամբ, հայրենասիրությամբ ամեն ինչ ասել են։
Միշտ մտածում եմ՝ եթե գամ, «Նազանի» անսամբլը նորից վերականգնեմ, անենք այն, ինչ ժամանակին անում էինք։

