Իսկ կա՞ ընդհանրապես նոր ուժի պահանջարկ. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյան գրել է․
«Իսկ կա՞ ընդհանրապես նոր ուժի պահանջարկ։ Առհասարակ՝ այդպիսի պահանջարկ կա միշտ, եւ չի լինի ժամանակ, որ չունենա այդպիսի հանրային պահանջարկ։ Այդ պահանջարկը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել, մեծանալ, փոքրանալ, մարգինալանալ, եւ այլն։ Բայց, վերջին հաշվով, Կարապետյանը հենց նոր ուժն է։ Այդ ուժը բնականաբար չի համապատասխանում բոլորի քիմքին, ու դա էլ բնական է։ Բայց, նոր ուժն է, եւ բավականին էական հնարավորություններով ուժը։ Ընդ որում, խոսքը բոլորովին լոկ ֆինանսական հնարավորության մասին չէ, թեեւ անշուշտ դա էլ շատ կարեւոր է քաղաքականության մեջ։ Ներեցեք, բայց ովքեր քաղաքականության մեջ ֆինանսական ռեսուրսի դերը համարում են երկրորդական, ուրեմն չեն հասկանում քաղաքականությունից ոչինչ, կամ՝ համարժեք ոչինչ։
Բայց, իհարկե Սամվել Կարապետյանի ներուժը ամենեւին լոկ ֆինանսական հնարավորությունը չէ, ինչպես փորձ են անում ներշնչել հանրությանը նրա քաղաքական մրցակիցները կամ հակառակորդները։ Ավելին, այդ ֆինանսական ռեսուրսը, ներուժը արժեքավոր եւ կենսունակ է դառնում ոչ պակաս, իսկ գուցե առավել կարեւոր բաղադրիչի շնորհիվ՝ Կարապետյանի գործունեության հետագծի, այն մեծ եւ արդյունավետ ճանապարհի, որ նա անցել է իր տնտեսական համակարգը կառուցելով, ըստ էության կառուցելով զրոյից։
Եվ այս կենսափորձը եւ հետագիծն է, որ էական ու ծանրակշիռ արժեք է տալիս նրա ֆինանսատնտեսական ռեսուրսային ներուժին։
Մնացյալը, իհարկե կախված է թե ընթացիկ աշխատանքից, թե ռազմավարական հաշվարկից ու տեսլականից։
Սրանով հանդերձ, հանրային այն շերտերը, որոնք ունեն ուրիշ նոր ուժ տեսնելու պահանջարկ, բնականաբար կարող են փնտրել կամ սպասել։ Բայց, դա արդեն աշխատանքային ռեժիմ չէ, պրոդուկտիվ ռեժիմ չէ, ինչպես օրինակ այն հարսնացուների դեպքում, որոնք սպասում են «սպիտակլ ձիով ասպետի», բաց թողնելով իսկապես կյանքի ընկեր ունենալու մի շարք հնարավորություններ։
Քաղաքականության մեջ «սպիտակ ձիով ասպետ» չի լինում այնպես, ինչպես չի լինում անձնական կյանքում»։

