Հեյդար Ալիևը՝ ԱՄՆ հետախուզության թիրախում․ գաղտնի փաստաթուղթ. ՄԱՍ 1-ին

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի քաղաքական կենսագրությունը կապված է՝ ինչպես Խորհրդային Ադրբեջանի, այնպես էլ՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանության հետ։

Պետական անվտանգության մարմիններում երկարամյա ծառայությունից հետո նա 1969 թվականին դարձավ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար: Ալիևի կարիերայի շրջադարձային պահը դարձավ 1982 թվականը, երբ Լեոնիդ Բրեժնևի մահից հետո ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար դարձավ Յուրի Անդրոպովը։ Այդ ժամանակ Ալիևը դարձավ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի լիիրավ անդամ, իսկ 1982 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առաջին տեղակալ նախագահ։

1983 թվականն Ալիևի համար արդեն ամբողջությամբ կապված էր Մոսկվայի քաղաքական գործունեության հետ։

Կարդացեք նաև

Նա շարունակում էր մնալ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ և զբաղեցնում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առաջին տեղակալի պաշտոնը։ Հատկապես այդ շրջանում Հեյդար Ալիևի հաջողություններն ու քաղաքական գործունեության վերելքը չէր կարող վրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից:

Այդ շրջանում ԽՍՀՄ-ում գտնվող ամերիկյան գործակալական ցանցը մանրամասն ուսումնասիրում էր Հեյդար Ալիևի գործունեությունն ու հաջողության գրավականը: Արդյունքում 1983 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է մանրամասն մի զեկույց՝ «Հեյդար Ալիև. Նրա նոր դերը ԽՍՀՄ Նախարարների խորհրդում» վերնագրով: 2011 թվականի հունվարին այդ գաղտնի փաստաթուղթը գաղտնազերծվում է և հրապարակվում:

Գաղտնի զեկույցի առաջին մասը ներկայացնում ենք ստորև.

«Գաղտնի
Հեյդար Ալիև.
Նրա նոր դերը ԽՍՀՄ Նախարարների խորհրդում

Հիմնական գնահատականներ
Զեկույցում օգտագործվել է 1983 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ հասանելի տեղեկատվությունը։

Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի ՊԱԿ-ի (KGB) նախկին պետը և Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության ղեկավարը, 1982 թվականի նոյեմբերին դարձավ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ և Քաղբյուրոյի լիիրավ անդամ՝ դառնալով Անդրոպովի իշխանության գալուց հետո հայտարարված առաջին կադրային փոփոխություններից մեկը։ Թեև նրա առաջխաղացումը հավանաբար ընթացքի մեջ էր դեռևս մինչև Անդրոպովի Գլխավոր քարտուղար դառնալը, Ալիևի կենտրոնացումը կարգապահության և կոռուպցիայի դեմ պայքարի վրա Ադրբեջանում լիովին համահունչ էր Անդրոպովի նոր քաղաքականությանը։

Անկախ քաղաքական փոխհարաբերություններից, Ալիևի ղեկավարումն Ադրբեջանում այն ժամանակ, երբ այս հանրապետությունը տպավորիչ տնտեսական արդյունքներ էր գրանցում, հավանաբար բավարար էր նրան Մոսկվայում որպես համամիութենական տնտեսական կառավարիչ աշխատանքի երաշխավորելու համար։

Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն աճել է Ալիևի իշխանության տարիներին՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում։ Ադրբեջանի տնտեսական արդյունավետությունը ԽՍՀՄ-ի և հարևան հանրապետության՝ Վրաստանի հետ համեմատելիս՝ ադրբեջանական աճը տպավորիչ էր։

Աճի աղբյուրները եղել են աշխատուժի և կապիտալի ներդրումների ավելացումը, բայց ամենակարևորն արտադրողականության զգալի բարձրացումն էր։ Հանրապետության տնտեսական աճի մեծ մասը կարող է վերագրվել կենտրոնացված կարգով ընդունված տնտեսական որոշումներին և այնպիսի տնտեսական գործոնների հաջող զուգադիպությանը, ինչպիսիք են կապիտալի և աշխատուժի մատակարարման ավելացումը։

Որպես կուսակցության ղեկավար՝ Ալիևը լավ դիրքում էր այս աճի գործոնների վրա ազդելու համար։ Նրա ղեկավարման ոճը, թվում է, թե կարևոր բաղադրիչ է եղել Ադրբեջանի տնտեսական հաջողության մեջ։

Նրա պաշտոնավարումը նշանավորվեց երեք խոշոր նախաձեռնություններով.

  • Զանգվաային արշավ կոռուպցիայի դեմ։
  • Ջանքեր՝ իր և Ադրբեջանի հանդեպ համամիութենական ղեկավարության վստահությունը կառուցելու ուղղությամբ։
  • Ջանքեր՝ անձամբ տիրապետելու Ադրբեջանի տնտեսության գործունեությանը, և պահանջ՝ որպեսզի ստորադասները նույնպես լինեն լավ տեղեկացված և վերահսկեն իրավիճակը։

Ալիևի կարիերայի առաջխաղացումը, ինչպես նաև բազմաթիվ առիթներով ղեկավարության կողմից արժանացած հատուկ հանրային ճանաչումը ցույց տվեցին, որ Մոսկվան իսկապես տպավորված էր նրա գործունեությամբ։ Ալիևի հմտությունների և փորձի մի մասը հստակորեն կարող է փոխադրվել Նախարարների խորհրդում նրա զբաղեցրած պաշտոնին։

Օրինակ՝ նրա անձնական հատկանիշները, ինչպիսիք են կազմակերպչական և վարչարարական տաղանդը, նրա խորամանկ քաղաքական հոտառությունը և կառավարման մեջ կոռուպցիան նվազեցնելու կարողությունը, հավասարապես կիրառելի են տնտեսության ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համապետական մակարդակներում»: (Տե՛ս GEYDAR ALIYEV: HIS NEW ROLE IN THE USSR COUNCIL OF MINISTERS):

Շարունակելի…

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930