Երկիրը բաստուրմի պես կտրում, գյուռ-գյուռ տալիս եք Ադրբեջանին. ռուսները հենց դուրս եկան՝ Թուրքիան նոր սահման կգծի. Հրանտ Բագրատյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Մեր կառավարման տարիներին երբեք Ադրբեջանը Տիգրանաշենի և անկլավների պահանջ չի դրել: Երբ մենք գնում էինք բանակցությունների, թղթերով զինված էինք գնում: Ադրբեջանը երբեք չի պահանջել Տիգրանաշենը, որովհետև իմացել է, որ Տիգրանաշենը հայկական է, չնայած այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ: Տիգրանաշենի պրոբլեմը սկսվեց դեռևս 1989թ., երբ եղան Բաքվի ջարդերը, և հայերը եկան ու գնացին այնտեղ տները փոխանակելու: Գնացինք, այնտեղ տեսանք փոքրիկ հրամանատարական կետ: Հարցրեցինք՝ սա Հայաստանի սուվերեն տարածքն է, ինչո՞ւ եք այստեղ: Ռուս զինվորականներն ուսումնասիրեցին մեր տարած փաստաթղթերը, ասացին՝ ճիշտ եք, սա հայկական տարածք է: Տիգրանաշենի խնդրով 2-րդ անգամ ես շփվել եմ Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ նամակ էր տվել ու հանձնարարել այն փոխանցել Դեմիրելին: Նրան խաբել էին, թե մենք հարձակվել ենք իր եղբայր Հեյդարի վրա: Տեր-Պետրոսյանն իր նամակում խոսում էր Սադարակի մասին: Մենք Իզմիրում էինք հանդիպել, Դեմիրելը խնդրեց, որ մի օր մնանք: Հաջորդ օրն ասաց՝ ճիշտ եք, Հայաստանն Ադրբեջան չի ներխուժել, իսկ իր եղբայր Հեյդարը պարզապես տաքացել է:

- Երբ ադրբեջանցիների հետ պայմանավորված Կիրանցում արեցին անարդար սահմանագծում, Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը հայտարարեցին, որ Բերքաբերից հողեր են մեզ տալու ադրբեջանցիները, բայց չտվեցին: Ո՞ւր է Բերքաբերից հետ բերած հողը… Չկա՛, սո՛ւտ էր:
- 1466 սյուն է խփված Հայաստան-Ադրբեջան սահմանին 1988թ. պրոտոկոլով: Հայ-ադրբեջանական 975 կմ սահմանից 969-ը սահմանագծված է: Բոլոր սյուների աշխարհագրական կոորդինատները հայտնի են: Սահմանի մեծ մասը սահմանագծված է: Այդ պրոտոկոլների համաձայն՝ Հայաստանում ոչ մի անկլավ գոյություն չունի: Բոլոր մարդահամարների ժամանակ այդ 8-ի բնակչությունը հաշվառվել է որպես հայկական տարածքի բնակչություն: 182 հատ տեղային փոքր քարտեզ կա, որտեղ ոչ մի անկլավ չկա: Ինչի՞ եք տալիս տարածքները, հանուն ինչի՞: Հայաստանի տարածքները տալով՝ Սյունիքի սահմանը սարքել են «սասիսկի», նենց են բարակեցրել:
- Մեր Գորիս-Կապան ճանապարհը սրանք տվեցին Ադրբեջանին, հիմա մենք այդ ճանապարհը չենք օգտագործում, ՔՊ-ի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնեցին Ադրբեջանին: Եթե Տիգրանաշենը հանձնեն, մենք Սյունիք չենք կարողանալու գնալ:
- Ադրբեջանն ընդունել է, որ Արծվաշենը մերն է. այն էքսկլավ է, ոչ թե անկլավ:

- Վերին Ասկեպարը բնակավայր չէր: Ադրբեջանը խնդրել էր օգտվել արոտավայրերից, հետո քիչ-քիչ սկսեցին քոլիկներ սարքել ադրբեջանցիները, իրենց համար բնակավայր դարձնել:
- Ադրբեջանը ոչինչ չի տալու: Տիգրանաշենը վերցնելուց հետո այլ տարածքներ են ուզելու: Ալիևը Երևանն արդեն իրենցով է արել, անգամ վերջերս իրենց մոտ մի հանդիպման ժամանակ ասում է՝ շատ մի կրկնեք, պարզ է՝ մերն է:
- Փաշինյանը հազիվ Հայաստանում մարդ բռնի Ալիևի պահանջով: Ալիևը շարքից հանում է այն մարդկանց, ովքեր կարող են դիմադրության ճակատ սկսել:
- Ինչո՞ւ է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել, որ կողմերի միջև կան որոշակի պայմանավորվածություններ առ այն, որ սահմանագծման, սահմանազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիսից հարավ, ինչի արդյունքում լուծում կստանան նաև «անկլավային գյուղերի» հարցերը։ Որովհետև ադրբեջանցիները ամենակարևոր 4 գյուղերն ուզում են գրավել, քանի դեռ մենք ուշքի չենք եկել: Վերին Ոսկեպարի տալուց հետո երկաթգիծն ու գազամուղն անցնում են էդ տարածքով: Այսինքն՝ Հայաստանն էս կապից էլ է կտրվում: Մեզ էս թակարդի մեջ են գցում:
Եթե տեղի ունենա Բայրամովի ասածը, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքների (օրինակ՝ միջպետական ճանապարհների) կորստի կամ կտրման։ Ադրբեջանը, օգտագործելով սահմանազատման գործընթացը, կարող է փորձել ստեղծել տարածքային միացումներ, որոնք կխաթարեն Հայաստանի հյուսիս-հարավ կապը։
- Եթե Վերին Ոսկեպարը տվեցինք, մոռացե՛ք, գազամուղ, երկաթգիծ մնալու է Ադրբեջանին: Հայաստանի կապը կտրվելու է, մենք մեզ թակարդի մեջ ենք գցելու:
- 1988թ. պրոտոկոլներում գրված է, որ Սև լճի տարածքը 100 հա է, որից 70-ը մերն է, 30-ը՝ իրենցը:

- Ախր սրանք հիմա քարտեզ չեն տպում, որ տեսնենք՝ որտեղից ինչքան են տվել Ադրբեջանին: Սյունիքում 27 ք/կմ այնպիսի տարածք են տվել ադրբեջանցիներին, որ հայ կանայք իրենց տուն գնալու համար ադրբեջանցի զինվորների կողքով են անցնում, նրանք էլ ձեռք են առնում… Սենց ամոթալի, գետինը մտնելու նվաստացած վիճակում Հայաստանը երբևէ չի հայտնվել:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու քարտեզ կա՝ 1938թ. և 1988թ.: Քարտեզ կարող է համարվել միայն այն փաստաթուղթը, որի վրա երկու երկրների ստորագրությունները կան: Արման Եղոյան ու Սարգիս Խանդանյան կան, ՔՊ-ականներ, ասում են՝ տարբեր քարտեզներ կան, կոմպրոմիսի ենք գնում… Ա՛յ տղա ջան, առանց էդ էլ բան չի մնացել, էդ ո՞ւր եք մեր տարածքներից տենց գյուռ-գյուռ տալիս Ադրբեջանին, բաստուրմի պես երկիրը կտրտում եք… Սա հայրենավաճառություն է: Ու այս ամենը՝ Եվրոպայի հովանու տակ:
- Տիգրանաշենից հետո վերցնելու են Սևակավանը, հաջորդը լինելու է Դավալուն՝ Վազգեն Սարգսյանի գյուղը՝ Արարատը. հատուկ եմ Դավալու անունով ասում… Վազգեն Սարգսյանի եղբայրն ու ընկերներն ընկել են Վազգեն Սարգսյանի հետևից, սկզբում արձանն են հանում, հետո հասնում գյուղին… Բա մարզպետ ես, գյուղդ տալիս է, ինչո՞ւ ես դարձել կուռկուռի ձագ, մի ձայն չհանե՞ս բա:
- Երբ հարցը հասնում է հայ-ադրբեջանական բախման, Ֆրանսիան անցնում է Ադրբեջանի կողմը: Եթե Ֆրանսիան մեզ բարեկամ էլ է, ոխերիմ բարեկամ է:
- Նիկոլը ժողովրդին խոստացել է առանց վիզայի ռեժիմ և Եվրամիություն մտնել: Երկուսն էլ սուտ: Լավ է, երեկ Եվրոպայից հայտարարեցին՝ 2045 թվականից շուտ որևէ նոր երկրի թեկնածություն ԵՄ անդամության համար չի քննարկվելու: 19 տարի դեռ կա, որ ԵՄ անդամակցության նոր երկրի հարց քննարկեն, սրանք հիմիկվանից ռուսներին տշում են: Առանց վիզայի Եվոպա գնալու համար կտրտո՞ւմ ես երկիրդ, արա՛: Կամ ո՞նց ես առանց հանրաքվեի տարածքներ տալիս: Եթե քո տարածքից թեկուզ մի ք/կմ հող ես տալիս, դու պետք է հանրաքվե անես:
- Վաղը, որ ռուսական ռազմաբազան հանեցին, թուրքերն ասելու են՝ մենք այս սահմանը չենք ճանաչում, որովհետև դա հայ-թուրքական սահման չէր, դա ռուս-թուրքական սահման էր: Հենց ռուսները դուրս եկան այդ տարածքից, Թուրքիան ասելու է՝ եկեք նոր սահման գծենք:

- Մենք գնում ենք աներկբա կործանման. այս կառավարությունն իրավիճակից դուրս գալու ոչ մի ելք չունի:
- Այդքան որ Փաշինյանը խոսում է Ալմա Աթայի հռչակագրից, դրա հիմքում 1988թ. հայ-ադրբեջանական սահմանի պրոտոկոլներն են՝ ընդամենը 4 տարի առաջ կնքված:
- Ասում է՝ դպրոցաշինություն ենք անում: Վերջերս Վարդենիսի գյուղերում եմ եղել: Գյուղերից մեկում դպրոցի նախկին, նորմալ շենքը թողել է, նոր դպրոց են սարքում: Նախկին դպրոցն, ասում են, աշակերտ չուներ, նորն էլ չի ունենալու: Էս երկրում կառուցում են բաներ, որոնք հնարավոր է վաճառել: Ոչ մի նոր էստակադա չի կառուցվում, ճանապարհ չի լայնացվում…
- Ռազմաբազայի մասին խոսակցություն Պուտինի և Փաշինյանի մեջ հաստատ եղել է, այլապես Պուտինը չէր խոսի դրանից: Եթե սրանք դիմեն, ռուսները մի օր հետո կհանեն: Ինչների՞ն է պետք Հայաստանում բազա պահելը, որն իրեն թշնամու պես է պահում: Միայն թշնամի երկիրն այստեղ Զելենսկի կբերեր ու թույլ կտար, որ նա Երևանից ասի՝ խփելու եմ Կարմիր հրապարակին:
- Եթե ռուսները խելք ունենան, Հայաստանին կյանքում ՀԱՊԿ-ից չեն հանի:
- Ռուսաստանը մեզ նեյնիմ-նեյնիմ չի անելու, բայց միակ երկիրն է, որն ուզում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանը լինի: Ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, թույլ չի տալու, որ անվերջ շահագործեն Ռուսաստանի համբերությունը:

- Ի՞նչ TRIPP… Պարզ չէ՞, որ Իրանը թույլ չի տալու, խփելու է: TRIPP ինչի՞ են բերում այստեղ, ի՞նչ են անելու:
- 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ռազմաբազայից էինք սնվում: Պատերազմի 7-8-րդ օրն արկերը վերջացան, Ադրբեջանը գրավեց ամեն բան:
- Գները տարբեր են. Ռուսաստանի համար Վրաստանը մի քանի անգամ ավելի թանկ է, քան Հայաստանը: Նախ՝ Վրաստանը Ռուսաստանի հետ սահման ունի, հետո՝ ծով: Մենք ոչինչ չունենք:
- Ադրբեջանը 500 000 հատ դրոն ունի. ֆրանսիական բաստիոններով ի՞նչ ենք անելու:
- Ի՞նչ գազի դիվերսիֆիկացիա: Ադրբեջանն էժան գնով ռուսական գազն առնելու է, թանկով ծախի մեզ վրա. դա եղավ դիվերսիֆիկացիա՞: Կամ ինչի՞ է թանկ ռուսական գազը. 177.5 դոլարով Ռուսաստանից առնում են, 300 դոլարով ծախում ժողովրդի վրա: Բայց դա НДС-ն է, որը գալիս է Հայաստանի բյուջե: Հանի՛ր էդ հարկը, թող էժան լինի:
- ԵԱՏՄ-ից Նիկոլ Փաշինյանը երբեք դուրս չի գա, Ռուսաստանն էլ չի հանի, բայց Ռուսաստանը կարող է գազը մեզ վաճառել առանց սուբսիդիայի:
- Մեր տնտեսությունը գնում է դեպի խորը ճգնաժամ: Անգամ 1996թ. մենք առաջ էինք նույնիսկ Լատվիայից, Լիտվայից ու Էստոնիայից: Ռազմաարդյունաբերություն ունեինք, «Ավտոգենմաշը» կար…

- Հայաստանի դատական համակարգը հասել է Նիգերիայի, Չադի մակարդակին: Օրերս տեսա կրթության մակարդակը: Թվեր հրապարակվեցին, բա դրանից հետո Կրթության նախարարը չփոխվի՞:
- Հայաստանի Կենտրոնական բանկն ու նախագահ Մարտին Գալստյանը թույն արևմտամետ են: Սրանք պայքարում են ռուբլու դեմ: Բոլորովին խեղդել են VTB բանկն այստեղ…
- Ատոմակայանի հարցով զբաղվող նշանակել էին նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանին. հերն անիծեց էներգետիկայի:
- «Սաղ էլ նույնն են» ասողներն ամենավտանգավոր մարդիկ են: Բոլորը նույնը չեն:
- Ես վախենամ, որ Հայաստանում դատա-կենտրոնի կառուցումը կհանգեցնի նրան, որ Չինաստանը մեզնից վերջնականապես երես կթեքի: Չեմ կարծում, որ Իրանն ու Ռուսաստանը դրան լավ կվերաբերվեն, որովհետև ինչ տվյալ լինի, կուտակվելու է այդտեղ:
- Սահմանադրության փոփոխությանը ժողովուրդը միանշանակորեն պետք է «ոչ» ասի: «Ուժեղ Հայաստանն» ընդդիմության առաջատար ուժն է, պետք է պայքարի ղեկն իր ձեռքը վերցնի՝ միավորի բոլոր քաղաքական ուժերին:
Մանրամասները՝ տեսանյութում։

