
Հպարտ քաղաքացիներ, բա գիտեիք՝ ինչի՞ համար եք հեղափոխություն արել՝ որ Նիկոլն ու ՔՊ-ականները լավ ապրեն. Կառավարությունն անցել է SMS-ային գրոհի

SMS-ներով աշխատելու պրակտիկան հավանաբար շատ է դուր եկել կառավարության ՔՊ-ական վարչախմբին։ Նիկոլ Փաշինյանի հայտնի SMS-ային պաշտոնանկություններից հետո որոշել են հիմա էլ SMS-ային գրոհ կազմակերպել քաղաքացիների վրա։
«Հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի շնորհիվ Երևանում 2024թ. շահագործման է հանձնվել վերակառուցված 6 մանկապարտեզ, վերակառուցվել է 123 բակային տարածք, համայնքը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս, 13-հա-ով ընդլայնվել են կանաչ տարածքները, նորոգվել է 50 կմ ճանապարհ»,- անցած օրը բազմաթիվ քաղաքացիներ կառավարությունից այսպիսի հաղորդագրություններ են ստացել։
Դժվար չէ հասկանալ, թե սա ում մտքի փայլատակությունն է։ Իշխանության աննախադեպ իջած վարկանիշը փրկելու փորձերն արդյունք չեն տալիս, հիմա էլ որոշել են SMS-ներով քաղաքացիների ուղեղները լվանալ։ Երևանում մանկապարտեզների ու բակային տարածքների վերանորոգումից, ավտոբուսների ու տրոլեյբուսների ձեռքբերումից, ճանապարհների նորոգումից ու կանաչ տարածքների ընդլայնումից են խոսում, բյուջեն թալանելուց, ցոփ ու շվայտ, անիմաստ ու անտեղի ծախսելուց չեն խոսում։
Երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 7,6 մլն դրամով կամ շուրջ 20.000 դոլարով Ամերիկա մեկնելու գերթանկարժեք տոմս էր գնում, ո՞ւմ փողերով էր գնում։ Թե՞ դա քաղաքացիների վճարած հարկերը չէին։
Ինչո՞ւ սրա վերաբերյալ կառավարությունից քաղաքացիներին SMS-ներ չէիք ուղարկում։
Ժողովրդի աչքին լավամարդ են ուզում երևալ՝ ավտոբուսների ու տրոլեյբուսների ձեռքբերումից են խոսում, թանկարժեք ծառայողական մեքենաների ձեռքբերումից չեն խոսում, որոնք գնվեցին Երևանի քաղաքապետին ու քաղաքապետարանի պաշտոնյաներին սպասարկելու համար։
Վարկեր են վերցնում ավտոբուսներ ու տրոլեյբուսներ գնելու համար, քաղաքացուն դնում են վարկային բեռի տակ, ուղեվարձն են կրկնապատկում ու եռապատկում, իսկ քաղաքային բյուջեի ու քաղաքացիների վճարած փողերը ծախսում են իրենց հաճույքների, զգարճանքների, ճոխությունների վրա։
Միայն Տիգրան Ավինյանին սպասարկող թանկարժեք ծառայողական էլեկտրամոբիլը հարկատուների վրա նստեց գրեթե 86 հազար դոլար։ Այդքան գումար քաղաքացիները վճարեցին, որպեսզի Տիգրան Ավինյանը «Մերսեդես EQE 500» մակնիշի էլեկտրական շարժիչով ծառայողական մեքենա ունենա։
Մի քանի հարյուր հազար դոլար էլ վճարեցին քաղաքային իշխանության այլ պաշտոնյաների համար նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։
Իսկ ժողովրդի հարկերից ինչքա՞ն վճարեց կառավարությունը սեփական ծառայողական մեքենաների պարկը բարձրարժեք ծառայողականներով համալրելու վրա։ Միայն մեկ փորձով 1 մլրդ դրամ կամ ավելի քան 2,5 մլն դոլար տվեցին կառավարության պաշտոնյաներին սպասարկող 49 նոր ծառայողական մեքենաներ, նաև թանկաժեք մեքենաներ գնելու համար։
Կամ, երբ 2 տարին մեկ Աննա Հակոբյանի համար նոր թանկարժեք ծառայողական մեքենա են գնում, ո՞ւմ փողերով են գնում, ինչո՞ւ սրա մասին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քաղաքացուն SMS-ներով չեն իրազեկում։
Ինչո՞ւ չեն իրազեկում, թե քաղաքացիների վճարած հարկերից տխրահռչակ ԱՆԻՖ-ի վրա ինչքա՞ն փող են ծախսել իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերությունների վրա, ո՞ւր են գնացել այդ գումարները, ի՞նչ են տվել քաղաքացիներին։ Տասնյակ-միլիոնավոր դոլարներ ծախսել են՝ չկա մի հաջողված ծրագիր։ Բազմաթիվ ծրագրերում Երևանի քաղաքապետի, ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարի ականջներն են երևում։
Բա սրա մասին ինչո՞ւ SMS չեն ուղարկում քաղաքացիներին։ Չէ՞ որ դրանք էլ են «հարգելի՛ քաղաքացիների» վճարած հարկերը։
Անցած տարի Երևանի բյուջեով նախատեսված բազմաթիվ կենսական նշանակության միջոցառումներ, որոնք պիտի կատարվեին ի շահ քաղաքացիների, չեն կատարվել, ձախողել են։ Առանձին ծրագրեր նույնիսկ պլանով նախատեսվածի կեսի չափով չեն կատարել։ Ահա դրանցից մի քանիսը՝ «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» և այլն։
Քաղաքացիների համար կենսական կարևորության ծրագրերը չեն կատարել, բայց իրենց պարգևավճարները պարտաճանաչ վճարել են։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն անցած տարի ավելի քան կրկնակի գերազանցել են նախորդ տարվա մակարդակը։
Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին որ միլիոնների պարգևավճարներ են բաժանում, դրա մասին ինչո՞ւ քաղաքացիներին չեն իրազեկում։ Ժամանակին, երբ նույն քաղաքացիներից գաղտնի Նիկոլ Փաշինյանը կրկնապատկում էր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, քաղաքացիներին չէին հիշում, SMS-ներ չէին ուղարկում։
Թող բարեհաճեն մի SMS էլ ուղարկեն այն մասին, թե տարեկան ինչքան փող են ծախսում քաղաքացիների վճարած հարկերից վարչապետի տասնյակ մեքենաներից կազմված ավտոշարասյան, անվտանգության հարյուրավոր աշխատակիցների պահպանման համար։
Բյուջեն ամեն քայլափոխի վատնում են. երեկվա կառուցած ճանապարհները, մեկ տարին չբոլորած՝ քանդվում են, մայթերի սալիկները ձմեռվանից հետո փշրվում են, «բորդյուրները» թքում-կպցնում են։ Տարին մեկ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով ճանապարհներ են ասֆալտում՝ էլի նույն քարուքանդ վիճակն է։
Քաղաքացիների վճարած հարկերից միլիարդներ են ծախսում իրենց արտասահմանյան անիմաստ գործուղումների, գրասենյակային ճոխությունների, անհարկի թանկարժեք միջոցառումներ, ֆեստիվառներ կազմակերպելու, սեփական աշխատասենյակները վերանորոգել-թարմացնելու, կահ-կարասին փոխելու վրա։ Տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ էլ տալիս են վարչապետի տարատեսակ անհասկանալի գավաթային միջոցառումների, հեծանվային զբոսանքների կազմակերպման համար։ Թե՞ կարծում են՝ սրանք քաղաքացիների վճարած փողերը չեն, դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու կարիք չկա։
Որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխանությունների անհանգստությունները խորանում են։ Գյումրու ու Փարաքարի դասերից վախեցած են։ Արդեն փրփուրներից են կառչում։
Հիշեցնենք, որ նույն քաղաքացու վճարած հարկերի հաշվին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել էր 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելի էր, քան 2023 թվականին։ 2021թ.–ին Փաշինյանի իշխանությունը նոր որոշում ընդունեց, որով լուծեց նաև պետական բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հաց ուտելու հարցը։
Ըստ այդմ, ստացվում է, որ օրական Կոնդի կառավարական ամառանոցների ծախսը կազմում է մոտ 4200 դոլար, որը վճարում ենք մենք՝ հարկատուներս, որ նրանք ճոխ կյանքով ապրեն:
«Ամեն բացվող առավոտ մենք բոլորս վճարում ենք 4200 դոլար էն մի քանի երջանիկ ընտանիքների կենցաղի համար, որոնք ապրում են Կոնդի կառավարական ամառանոցում։ Այդպես օրինակ այս տարի վճարելու ենք մոտ 1,5 միլիոն դոլար, որը պատմական ռեկորդ է դաչայի բյուջեում։ Այդ փողի մեջ չեն մտնում անվտանգության աշխատողները, շարասյունը, բենզինը, պաշտոնական հանդիպումների թաշախուստը ու երջանիկ ընտանիքների աշխատավարձերը…
Այդ օրեկան 4200 դոլարը սուգուբը տանը չստերով լռվելու գումարն է։ Համաձայնեք, որ մի քիչ շատ է իր աճեցրած բադրիջանով աջաբսանդալ սարքող ու Երրորդ մասից բոռդո Քաշքայով ռելոկացիա էղած մարդու համար»,- ժամանակին այդ մասին գրել էր նաև հանրային գործիչ Միքայել Նահապետյանը։
Հիշում եք, չէ՞, որ 2019-ին էլ կառավարական ամառանոցում 2 միլիոն դոլարի վերանորոգում արեցին, որ այդ երեք ընտանիքները տեղափոխվեն ապրեն:
Դուք վճարեք, հարգելի քաղաքացիներ, Փաշինյանը սեփական գրպանի պես օգտագործի պետական բյուջեն: Ձեզ կեղեքեն, հարկերը բարձրացնեն, գույքահարկը բարձրացնեն՝ ասելով՝ եթե չեք կարողանում վճարել, ապա ձեր տունը վաճառեք կամ վարձով տվեք, իրենք էլ՝ տգետները, մսխեն, վայելեն… Հպարտ քաղաքացիներ, բա գիտեիք՝ ինչի՞ համար եք հեղափոխություն արել. Որ Նիկոլն ու ՔՊ-ականները լավ ապրեն: Չգիտեի՞ք, դե իմացե՛ք:
Եվ վերջում, կրկին հիշեցնենք, թե ով է քաղաքացիներին SMS ուղարկող Նիկոլ Փաշինյանը, որի 7 տարվա իշխանության օրոք թշնամուն է տրվել՝
12 քաղաք
241 գյուղ
60 ֆաբրիկա և 15 ձեռնարկություն
385 եկեղեցի և 400 միջնադարյան գերեզմանատուն
25 թանգարան
37 ՀԷԿ, 48 հանք, 4 ջրամբար
5 000 մշակութային հուշարձան
232 դպրոց, 4 համալսարան և 7 քոլեջ
5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց
Օկուպացված են տարածքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից
Բաքվի բանտում են գտնվում տասնյակ հայ գերիներ»:
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ