Կառավարության նոր ծրագիրը՝ հին ձախողումները թարմ ու անհիմն խոստումներով կոծկելու գործիք
Օրերս Ազգային ժողովը հաստատեց կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագիրը։ Սակայն այս փաստաթուղթը չի կարող համարվել նոր սկիզբ։
Նույն քաղաքական ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իշխանության է արդեն 8 տարի՝ 2018թ.-ից ի վեր, հետևաբար՝ ծրագրի յուրաքանչյուր խոստում ու թիրախ պետք է գնահատել ոչ թե որպես զրոյական կետից սկսվող նոր նախագիծ և ապագայի մտադրություն, այլ անցած 8 տարիների աշխատանքի հաշվետվության և չկատարված, անհրաժեշտ քայլերի շարունակություն։
Երբ նույն իշխանությունը՝ նույն պատասխանատուներով ու դերակատարներով, հերթական անգամ խոստանում է տնտեսական բեկում, բանական հարց է առաջանում՝ եթե դա հնարավոր էր, ապա ինչո՞ւ չարվեց անցած տարիների ընթացքում։
Կառավարության ծրագրի թիրախներն առավել խոսուն են դառնում հենց այդ հարցի ֆոնին։
Դիտարկենք կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագրով ակնկալվող տնտեսական ուղղվածության որոշ առավել ուշագրավ խոստումներ։
Խոստում 1. Տարեկան միջինը 6% տնտեսական աճի ապահովում
Բարձր տնտեսական աճի ապահովումն ինքնին կարևոր նպատակ է։ Բայց այս դեպքում պարտադիր պետք է նկատի ունենալ.
8 տարվա ընթացքում տնտեսությունը դարձել է ավելի խոցելի: ՔՊ-ական իշխանության ութ տարիների ընթացքում տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել բավական մտահոգիչ փոփոխություններ։ Մասնավորապես, արձանագրվել է տնտեսության բավական լուրջ, այսպես կոչված, «ձևախեղում» («դեֆորմացիա»)՝ «արտահանելի» ճյուղերի տեսակարար կշիռը նվազել է, իսկ «ոչ արտահանելիներինը»՝ աճել։
Այդ ժամանակահատվածում տնտեսական աճի «լոկոմոտիվները» եղել են «ոչ արտահանելի» ճյուղերը՝ ծառայությունները և շինարարությունը։ Մինչդեռ, արդյունաբերության և գյուղատնտեսության նպաստումները տնտեսական աճին աննշան են եղել։ Տնտեսությունն ավելի շատ ապրում է ներքին սպառման հաշվին, քան սեփական արտադրանքով արտաքին շուկաներում մրցելու շնորհիվ։ Սա վտանգավոր միտում է։ Որքան փոքրանում է արդյունաբերության և գյուղատնտեսության դերը, այնքան տնտեսությունն ավելի կախված է դառնում արտաքին ցնցումներից։
Բարենպաստ տարիներն էլ չեն «օգտագործվել»։ Նախորդ կառավարության (որն ըստ էության նաև ներկայիս կառավարությունն է) գործունեության ծրագրում (2021-2026թթ.) որպես միջին տարեկան տնտեսական աճի նվազագույն մակարդակի թիրախ՝ ամրագրված էր 7%-ը, սակայն նշվում էր, որ բարենպաստ արտաքին միջավայրում ապահովվելու է 9% միջին տարեկան աճ:
Անհերքելի է, որ նախորդ կառավարության գործունեության բոլոր հինգ տարիներին միջավայրը եղել է չափազանց բարենպաստ։ 2021-2025 թվականները Հայաստանի տնտեսության համար բացառիկ հնարավորությունների տարիներ էին։ Մասնավորապես, 2021-ին բարձր արդյունքների արձանագրումը բավական հեշտ էր, քանի որ 2021-ի ցուցանիշները համեմատվելու էին 2020-ի՝ խոր անկման պատճառով արձանագրված խիստ ցածր ցուցանիշների հետ։
Իսկ 2022-ից ի վեր մշտապես էական բարենպաստ ազդեցություն են ունեցել ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած տարբեր արտածին գործոններ` մարդկանց և կապիտալի մեծ ներհոսք, վերաարտահանման ահռելի աճ՝ պայմանավորված ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, և այլն։
Այսինքն՝ կասկածից վեր է, որ անցած հինգ տարիներին առավել քան բարենպաստ արտաքին միջավայրն առկա է եղել, սակայն 9% աճ չի հաջողվել ապահովել:
Տարեկան միջինը 6% տնտեսական աճն ինքնին բավական բարձր ցուցանիշ է, սակայն ուշադրությունից չպետք է վրիպի մի կարևոր հանգամանք՝ այն 1 տոկոսային կետով ցածր է նախորդ ծրագրով սահմանված նվազագույն թիրախային տեմպից։
Գուցե կառավարությունն ինքն էլ ներքուստ գիտակցում է, որ տնտեսական աճի տեմպերն անխուսափելիորեն դանդաղելու են, քանի որ բարենպաստ ազդեցություն ունեցած ժամանակավոր արտածին գործոններն օր օրի չեզոքանում են, և ենթադրվում է, որ առաջիկայում աճը հիմնականում ապահովվելու է սեփական արտադրական ու ենթակառուցվածքային բազայի հաշվին։
Մինչդեռ խնդիրը կայանում է նրանում, որ տարիներ շարունակ կառավարությունը չի կարողանում ամբողջությամբ իրականացնել նույնիսկ նախատեսած սեփական կապիտալ ծախսերը՝ այն ծախսերը, որոնք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը՝ բարձրացնելով տնտեսության աճի պոտենցիալն ու դիմադրողականությունը:
Պարադոքսալ պատկեր է ստացվում. փողը նախատեսվում է, բայց չի ծախսվում, իսկ հետո նույն իշխանությունը խոստանում է թռիչքաձև զարգացում։ Իսկ նկատի ունենալով վերջին տարիների զարգացումների շուրջ կառավարության էական թերացումների ու բացթողումների զգալի բացասական ազդեցությունը (մասնավորապես այն փաստը, որ գործող իշխանության կառավարման արդյունքում տնտեսությունը հենված է ոչ արտահանելի հատվածի վրա, ինչը չի կարող նպաստել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ձևավորմանը)՝ բարձր տնտեսական աճի տեմպ ակնկալելն անիրատեսական է:
Այսպիսով, ակնհայտ է, որ տնտեսական դեֆորմացիայի, աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների և բացասական այլ գործոնների առկայության պայմաններում բարձր տնտեսական աճի մասին խոսելը ոչ թե լավատեսական համարձակություն է, այլ, պարզապես զուգահեռ իրականությունում ապրելու ու գործելու վկայություն։
Խոստում 2. Հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում
Նույնիսկ ոչ մասնագետի համար այսպիսի լավատեսական կանխատեսումը հարցեր է առաջացնում։ Նախ՝ երկրորդ տարին անընդմեջ արձանագրվում է արտահանման չափազանց լուրջ ու ծայրահեղ մտահոգիչ անկում։ Մասնավորապես, 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.7%-ով։ Իսկ 2025-ին տարեկան նվազումը կազմել է 27.8%։ Բացի այդ, կառավարության գործունեության նոր ծրագրի հաստատումից ընդամենը շաբաթներ առաջ կառավարության որոշմամբ հաստատվել էր 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որով կանխատեսվում է, որ 2026-2031 թվականներին արտահանումն աճելու է ընդամենը 5.3%-ով։
Պարզ է, որ այստեղ խոսքն ընդհանուր արտահանման աճի և ոչ թե՝ հայաստանյան ծագման ապրանքների աճի մասին է։ Սակայն, արժե նաև հիշեցնել, որ կառավարությունն ինքն էլ ընդունում է, որ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով արտահանման ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն վերաարտահանման ծավալների կրճատմամբ, այլև հայկական ծագման որոշ ապրանքատեսակների (հիմնականում՝ բուսական ծագման) արտահանման սահմանափակումներով:
Ընթացիկ զարգացումների հիման վրա կարելի է ակնկալել, որ այդ սահմանափակումներն առաջիկայում ոչ միայն չեն վերացվի, այլ նույնիսկ, չի բացառվում, որ էլ ավելի խորանան։ Իսկ այդ պարագայում, սպասելի է, որ հայաստանյան ծագման ապրանքների արտահանումն էլ ավելի կնվազի։ Մինչդեռ, ծրագրում անհասկանալիորեն խոսվում է ծավալների կրկնապատկման մասին։
Խոստում 3. 125 000 նոր աշխատատեղերի ստեղծում
Կառավարության նոր ծրագիրը խոստանում է ստեղծել 125 000 նոր աշխատատեղ։ Սակայն այստեղ ևս բացակայում են հստակ հարցերի պատասխանները։ Ենթադրվում է, որ կառավարությունն այս թիրախը գլխավորապես ապահովելու է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության պատասխանատվության ներքո իրականացվող «Զբաղվածության ծրագրի» միջոցով։ Մինչդեռ, կառավարության նախորդ ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում այս բյուջետային ծրագիրը մշտապես լրջորեն թերակատարվել է, և դժվար է հավատալ, որ նոր ծրագրի գործողության ժամանակահատվածում այս «տխուր ավանդույթը» հաղթահարվելու է։
Բացի այդ, ծրագրում չի մանրամասնվում, թե արդյո՞ք «125 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը» ենթադրում է փաստացի ավելացող 125 հազար աշխատատեղեր, թե՞ այդ թվի մեջ մտած է նաև ստվերից դուրս բերվելիք, բայց ներկայումս փաստացի առկա աշխատատեղերի քանակը։ Ի դեպ, համաձայն նոր բացված և կրճատված աշխատատեղերի քանակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական վիճակագրության՝ վերջին հասանելի հնգամյա ժամանակահատվածում՝ 2020-2024 թվականներին (այս պահի դրությամբ պաշտոնական հրապարակումներն ավարտվում են 2024թ.-ով) աշխատատեղերի քանակն ավելացել է 58.5 հազարով։
Այսինքն՝ իշխանությունը խոստանում է ավելի քան կրկնակի բարձր արդյունք՝ առանց բացատրելու, թե ինչ է փոխվելու կառավարման քաղաքականության մեջ։
Վերլուծված երեք կետերն ընդամենը ծրագրի առավել աղմկոտ խոստումների օրինակներից են։ Նույն տրամաբանությամբ կարելի է շարունակել նաև մյուս թիրախների քննությունը․ գրեթե յուրաքանչյուրի դեպքում բարձրագոչ հայտարարությունները հակադրվում են հենց նույն իշխանության 8 տարվա իրական արդյունքներին։
2026-2031թթ. կառավարության ծրագիրը, ըստ էության, զարգացման ռազմավարություն չէ։ Դա իշխանության հերթական փորձն է՝ նոր խոստումներով կոծկելու հին ձախողումները։ Երբ տնտեսությունը թուլացրել ես, արտահանման ծավալները նվազեցրել, այդ թվում՝ անխոհեմ արտաքին քաղաքականության հետևանքով, պետական ծրագրերը տարիներով թերակատարվում են, իսկ կառավարման արդյունավետությունը չի բարելավվում, նույն խոստումների նոր փաթեթն այլևս չի կարող վստահություն ներշնչել։
Ի վերջո, իշխանությունը գնահատվում է ոչ թե թղթի վրա գեղեցիկ շարադրված ծրագրերով, այլ այն արդյունքներով, որոնք թողնում է։ 8 տարի անց «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն սպառել է «ապագայի խոստումների» քաղաքական վարկը։ Այս ծրագիրը ոչ թե նոր էջ է բացում, այլ փաստաթղթային ապացույցն է, որ իշխանությունը շարունակում է ապրել սեփական հայտարարությունների տիրույթում՝ կտրված լինելով կամ անտեսելով իրականությունը՝ այն դեպքում, երբ երկրի տնտեսությունը վաղուց պահանջում է ոչ թե գեղեցիկ խոստումներ, այլ պատասխանատու և արդյունավետ կառավարում։

