Հայաստանից ոչ մի ապրանք չի արտահանվել Ադրբեջան, իսկ Ադրբեջանից 6 ամսում 18 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան
Շուտով կլրանա մեկ տարին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ առևտրային հարաբերություններ են հաստատվել։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները դա իրենց մեծագույն ձեռքբերումն են համարում, այդ հարաբերությունները փոխադարձ առևտրի հետ բացարձակ կապ չունեն։ Այն գերազանցապես մեկ ուղղությամբ գործող առևտուր է՝ հիմնված բացառապես Ադրբեջանից իրականացվող ներմուծումների վրա։
Հայաստանից մինչև հիմա ոչ մի ապրանք չի արտահանվել Ադրբեջան։ Փոխարենը՝ այս տարվա առաջին կեսին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանից արդեն գրեթե 18 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան։
Թեև իշխանության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են նաև հայկական ապրանքներն Ադրբեջան արտահանելու մասին, այդ խոսակցությունները հայտարարություններից դեռ այն կողմ չեն անցնում։
Տարեսկզբին էր էկոնոմիկայի նախարարն ասում, որ կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով։
«Ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է բավականին երկար ցանկ, մենք՝ նրանց։
Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում գործարար միջավայրը կարձագանքի այդ հնարավորություններին»,- հավաստիացնում էր Գևորգ Պապոյանը։
Այդ հավաստիացումներից գրեթե 7 ամիս է անցել, իսկ ադրբեջանցի գործարարները որևէ հետաքրքրություն չեն ներկայացրել հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Բայց այսօր էլ Հայաստանի իշխանությունները նույնն են ասում։
«Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»,- օրերս լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե դա ե՞րբ կլինի, որևէ ժամկետ չի նշվում։ Ու մինչ հայտնի չէ, թե հայկական ապրանքները, երբ կմտնեն Ադրբեջան, Ադրբեջանից պարբերաբար ներմուծումներ են իրականացվում։ Իհարկե, գերազանցապես նավթամթերքի տեսքով, չնայած ադրբեջանական նավթամթերքն այլևս նախկին «զորությունը» չունի հայաստանյան շուկայի գների վրա։
Անցած տարվա վերջին, երբ ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան, ներքին շուկայում գները կտրուկ նվազեցին։ Իշխանություններն առիթը բաց չթողեցին՝ դա կապելու ադրբեջանական բենզինի հրաշագործության հետ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա խաբեություն էր, որով փորձեցին արդարացնել ադրբեջանական նավթամթերքի մուտքը Հայաստան։
Այսօր արդեն բենզինի գները Հայաստանում ռեկորդային բարձր են, ու ոչ մի նշանակություն չունի, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը շարունակվում է։
Հայ-ադրբեջանական միակողմանի առևտրից բացի, վերջին ամիսներին Ադրբեջանի երկաթուղով, իհարկե Վրաստանի միջոցով, այլ երկրներից և հատկապես Ռուսաստանից, տարբեր ապրանքներ են գալիս Հայաստան։ Ադրբեջանը «բարի կամք» է դրսևորել ու թույլ է տվել, որ իր տարածքով այդ ապրանքները ներմուծվեն Հայաստան։ Բայց, չգիտես՝ ինչու, այդ նույն «բարի կամքը» չկա Հայաստանից արտահանումների պարագայում։ Մինչև հիմա էլ ոչ միայն Ադրբեջան, այլև Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների որևէ արտահանում չի իրականացվել այլ երկրներ։
Այս դեպքում էլ շարժը միակողմանի է՝ ներմուծումներ կան, իսկ արտահանումներ՝ ոչ։ Չնայած Հայաստանի տնտեսության համար առավել կարևոր են արտահանումները։
Պարզ է, Ադրբեջանի նպատակը բոլորովին էլ Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը չէ։ Ադրբեջանը Հայաստանի հաշվին ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։
Հիմա էլ անցել են Հայաստանի էներգետիկ հարցերի լուծմանը։ Ալիևը որոշել է, որ պիտի փակվի Մեծամորի ատոմակայանը։ Ու քանի որ դրանից հետո Հայաստանը կկանգնի հոսանքի դեֆիցիտի առաջ, ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կփոխարինեն ադրբեջանականով։ Պատրաստվում են հոսանք վաճառել Հայաստանին։
Հետաքրքիր է, որ այս հարցում էլ Ալիևի ջրաղացին ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանը։ Գործընկերության պատրաստակամություն է հայտնում։
«Մեր ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն»,- Ադրբեջանի իր գործընկերոջ հայտարարություններին ի պատասխան՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց, թե TRIPP-ի շրջանակներում պատրաստ է Հայաստանի միջով Ադրբեջան-Նախիջևան էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագիծը։ Մասնագետներն արդեն վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են անգամ այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ։
Ադրբեջանի նախագահն ասում է, որ ատոմակայանի փակումից հետո, երբ Հայաստանը բախվի «լուրջ էներգետիկ ճգնաժամի», ի դեմս ադրբեջանական էլեկտրաէներգիայի՝ կունենա էներգիայի լրացուցիչ աղբյուր։
Թե ինչո՞ւ պիտի Հայաստանը կանգնի էլեկտրական էներգիա գնելու խնդրի, առավել ևս՝ ճգնաժամի առաջ, երբ մինչ այդ նախատեսվում է ատոմային նոր կայանի կառուցում, պարզ չէ։ Գուցե՞ արդեն պայմանավորվել են, որ գործող կայանի փակումից հետո Հայաստանում նոր ատոմակայան չի լինելու ու այդ առումով էլ երկիրը կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից, ինչպես աստիճանաբար պատրաստվում են դնել այլ էներգակիրներից, այդ թվում՝ գազից։ Նորություն չէ, որ իշխանության շատ ներկայացուցիչներ ադրբեջանական գազն այլընտրանք են համարում ռուսականին։ Ու բացեիբաց հայտարարում են, որ եթե Ռուսաստանը թանկացնի կամ հրաժարվի գազ մատակարարել Հայաստանին, ոչ մի խնդիր չկա, ադրբեջանական գազը կբերեն։
Այսպես երկիրը քայլ առ քայլ կախման մեջ են դնում Ադրբեջանից։ Թուրքիայից էլ դեռ չենք ասում, որը գնալով մեծացնում է իր ներկայությունը Հայաստանի սպառողական շուկայում ու ավելացնում է ճնշումը տեղական արտադրության և ընդհանրապես տնտեսության վրա։
Թե սա ի՞նչ անվտանգային ռիսկեր ու վտանգներ է պարունակում Հայաստանի համար, չեն էլ ուզում ընդունել։ Հանուն իրենց աթոռների՝ պատրաստ են կատարել Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող բոլոր պահանջները, ինչպես որ կատարել են մինչև հիմա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

