Ընտրություններից առաջ պարտքերը «սառեցրել» էին, ընտրություններից հետո կրկին ակտիվ պարտք են կուտակում

Պարտքի խնդիրը Հայաստանում միշտ էլ զգայուն թեմա է եղել, առավել ևս՝ վերջին տարիներին, երբ ՔՊ-ականների իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասցրեց պարտքի ծավալներն աննախադեպ տեմպերով ավելացնել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ընտրություններին ընդառաջ իշխանություններն արտաքուստ «սառեցրել» էին նոր պարտքերի ներգրավումը։ Տպավորություն էին ուզում ստեղծել, թե դադարել են պարտքեր վերցնել։ Բայց դա էլ հերթական խաբեությունն էր։ Ընտրություններն ավարտվեցին, վերարտադրվեցին, պարտքերի ավելացումն այլևս խնդիր չէ։ Վերսկսել են մեծ տեմպերով պարտքեր վերցնել։

Օրերս 2 վարկային համաձայնագրերով կառավարությունը որոշեց հերթական խոշոր վարկային միջոցները ներգրավել։ Խոսքն  ընդհանուր առմամբ շուրջ 350 մլն դոլարի մասին է, որն ուղղվելու է բյուջեի համալրմանը։

Ավելի քան 170 մլն եվրո կամ շուրջ 200 մլն դոլար կվերցնեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, 150 մլն դոլար էլ՝ Ասիական զարգացման բանկից։ Եթե Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկով նախատեսում են իրականացնել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համաձայնեցված բարեփոխումների ծրագիրը, Եվրասիական զարգացման բանկի 150 միլիոնը պատրաստվում են ծախսել՝ ամրապնդելու ֆինանսների նախարարության վերլուծական կարողությունները, որպեսզի կարողանան կառավարել արտաքին պետական պարտքի և բյուջեի ֆինանսական ռիսկերը։

Պատկերացնո՞ւմ եք, 150 մլն դոլար պիտի ծախսեն՝ ֆինանսների նախարարության վերլուծական կարողություններն ամրապնդելու համար։ Էլ ինչի՞ համար են բյուջեից այդքան աշխատավարձեր ու պարգևավճարներ տալիս, եթե այդքան գումար էլ պիտի ծախսեն պարտքն ու բյուջեն կառավարել սովորելու համար։ Ստացվում է՝ 8 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների հասնող պարտքեր են վերցրել՝ առանց պարտքի կառավարման բավարար հմտություններ ու ռիսկերը վերահսկելու կարողություններ ունենալու։ Երևի զարմանալի չէ, որ այսօր պարտքն այս ծավալների է հասել, իսկ պարտքի սպասարկումը դարձել է ծանր բեռ պետության ու քաղաքացիների վրա։ Բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում՝ դրանք փակելու համար։

Կարդացեք նաև

Օրերս հաստատեցին ևս մեկ՝ 120 մլն եվրոյի կամ շուրջ 140 մլն դոլարի վարկային համաձայնագիր։ Գումարը նախատեսում են ներգրավել գերմանական KfW բանկից։

Այս 3 վարկային համաձայնագրերով, ընդամենը 10 օրում շուրջ 500 մլն դոլարի պարտք դրեցին պետության վրա, որը գալիս է ավելանալու եղած պարտքերին ու ավելի ծանրացնելու պետության բեռը։ Հատկապես որ, դրանք բոլորն էլ թանկ վարկեր են։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ներգրավվող շուրջ 200 մլն դոլարի տարեկան տոկոսադրույքը, այս պահին գնահատված արժեքով, լինելու է 4 տոկոսի սահմաններում։ Բայց քանի որ այն լողացող տոկոսադրույքով է, հետագայում կարող է անհամեմատ ավելի թանկ նստել պետության վրա։

Ասիական զարգացման բանկից ներգրավվող 150 միլիոն վարկի տոկոսադրույքն էլ ավելի բարձր է։ Այն ևս լողացող է, ու այս պահին դրա գինը գնահատվում է տարեկան գրեթե 4.6 տոկոս։

Խոսում են հարկային եկամուտների գերակատարումների մասին, բայց հերթական խոշոր վարկերն են վերցնում ու բեռը դնում պետության վրա, երբ անգամ ստացվող եկամուտների հաշվին նախատեսված ծախսերը չեն կարողանում ժամանակին կատարել։ Տարվա առաջին կեսի բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 83 տոկոս։ Նախատեսվածի համեմատ՝ 17 տոկոսով թերակատարել են ծախսերը։ Ոչ թե այն պատճառով, որ գումարներ չեն եղել, այլ չեն կարողացել կատարել։

317 մլրդ դրամի կամ շուրջ 870 մլն դոլարի նախատեսված ծախսեր չեն կատարվել։ Ու դրա հետևանքով, դեֆիցիտի փոխարեն՝ բյուջեում պրոֆիցիտ է առաջացել։

Ինչպես միշտ, չեն կատարել հատկապես կապիտալ ծախսերը, որոնց կատարողականը տարվա առաջին կեսին, ճշգրտված պլանի համեմատ, կազմել է ընդամենը 56 տոկոս։ Բայց դա էլ մի կողմ թողնենք. Մեծապես ձախողել են հատկապես վարկային ծրագրերը։ Այն վարկային ծրագրերը, որոնք պատրաստվում են համալրել ևս շուրջ 500 մլն դոլարով։ Տարվա առաջին կեսի համար նախատեսված նպատակային վարկային ծրագրերով  գրեթե ոչինչ չեն արել։ Կատարողականն առաջին կիսամյակում կազմել է ընդամենը 4.1 տոկոս։

Վարկային միջոցների շրջանակներում պիտի իրականացնեին 51 մլրդ դրամի կամ 140 մլն դոլարի նպատակային ծրագրեր, բայց իրականացրել են ընդամենը 2.1 մլրդ դրամի կամ 5.7 մլն դոլարի ծրագրեր։

Նույն Ասիական զարգացման բանկով նախատեսված ծրագրերի կատարողականն առաջին կիսամյակում կազմել է հազիվ 2.8 տոկոս։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրերն էլ կատարվել են 4 տոկոսով։

Մի դեպքում ծրագիրը թերակատարվել է՝ 97.2, մյուս դեպքում՝ 96 տոկոսով։

Սարսափելի ցածր են եղել կատարողականները նաև մյուս վարկային ծրագրերի պարագայում։ Ու հիմա այնպես է ստացվել, որ եղած ծրագրերը չեն կարողանում իրականացնել, բայց շարունակում են մեծ ծավալի նոր վարկային միջոցներ ներգրավել ու ավելացնել պետական պարտքի բեռը։

Պետական պարտքի միայն տոկոսների վճարումն արդեն Հայաստանի վրա տարեկան 1 միլիարդ դոլարից ավելի է նստում։ Բյուջեի հարկային եկամուտների գրեթե 13 տոկոսը գնում է միայն պարտքերի տոկոսները մարելուն։ Որքան պարտքերն ավելանան, այնքան կավելանան նաև պարտքերի սպասարկման գումարները։

Հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության պարտքը կազմել է 13.9 մլրդ դոլար։ Տարվա առաջին կեսին, ընտրություններով պայմանավորված, պարտքը գրեթե չի ավելացել, խուսափել են նոր պարտքեր վերցնել։ Սակայն սպասվում է, որ այդ «բացը» երկրորդ կեսին շատ արագ կլրացնեն։ Արդեն առաջին ծաղիկները երևում են՝ մի քանի օրում շուրջ 500 մլն դոլար վարկային համաձայնագրերի համաձայնություն տվեցին։ Առաջիկայում էլ դրանց պակաս չի լինելու։ Չնայած անցած 8 տարում արդեն հասցրել են պարտքն ավելի քան կրկնապատկել։ Ու որ առավել մտահոգիչ է, պարզ չէ, թե ինչի վրա են ծախսել այդ միլիարդները։

Պարտքերը տարեցտարի ավելացնում են, որպեսզի փակեն բյուջեի ճեղքը, բայց իրենց ճոխություններից չեն զրկում։ Բարձր աշխատավարձերը ստանում են՝ քիչ է, տասնյակ-միլիոնավոր դոլարների էլ պարգևավճարներ են բաժանում։ Խրախուսումների անվան տակ միայն անցած ու այս տարվա առաջին կեսի կատարողականների համար 35 մլն դոլար են հատկացրել բյուջեից, երբ դրա փոխարեն կարող էին առնվազն այդքան գումարի քիչ պարտք վերցնել։

Պարտք վերցնելը գուցե վատ բան չէ, եթե այն ուղղված է երկրի տնտեսության զարգացմանն ու կարողությունների ավելացմանը։ Բայց Հայաստանում ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ էլ տնտեսության կարողություններն են ավելանում։ Միայն պարտքն է հսկայական քայլերով մեծանում ու ծանրանում պետական բյուջեի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31