Վախդ ի՞նչ է… Ուզում ենք կոկորդիլոսի կերակո՞ւր դառնալ. Հայաստանի անվերջ զիջումների արդյունքում Ադրբեջանը դնում է նոր ցեղասպանության հիմքերը… Իսկ Թրամփը տկար դիվանագիտություն չի սիրում. Գառնիկ Քերքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։

Գառնիկ Քերքոնյանը սովորել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի (HARVARD UNIVERSITY – AB in Government, magna cum laude) միջազգային հարաբերությունների և քաղաքական փիլիսոփայության բաժնում, դոկտորականը պաշտպանել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում (UNIVERSITY OF CHICAGO LAW SCHOOL – Juris Doctorate and Law Review)՝  իրավաբանություն և տնտեսություն մասնագիտացմամբ, հետդոկտորական կրթությունը միջազգային իրավունք մասնագիտացմամբ՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում  (CAMBRIDGE UNIVERSITY (England) – Dipl. in Public International Law): 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Բաքվից հայ գերիներին վերադարձնելու հարցում Հայաստանի պետությունը հսկայական անելիք ունի։ Իշխանություններն անելիք ունեն: Եվ ակնհայտ է, որ այս վերջին շաբաթվա ընթացքում միջազգային կազմակերպությունների դռներն ավելի լայն են բացվել։ Եթե կառավարությունը քայլ չանի, այդ դռները հավիտյան փակ կմնան։ Հայաստանի կառավարությունն այս հարցում գլխավոր դեր ունի, սակայն, ցավոք, ամիսներ ի վեր մենք չենք տեսել որևէ աշխատանք այդ ուղղությամբ։
  • Ադրբեջանում ընթացող այս «դատական» գործերը փորձեր են մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելուց զրկելու համար։ Զոհասեղանին Արցախի ինքնորոշման իրավունքն է դրված։ Այս կեղծ «դատական» գործերը շատ ավելի մեծ ծրագրի մի բաժինն են սոսկ՝ ուղղված ողջ հայության դեմ։ Այդ մեծ ծրագիրը ներառում է Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու երազանքը, հայ ժողովրդին իր ազգային ինքնությունից հեռացնելը։

  • Շատ ցավալի է իշխանության ներկայացուցիչների շուրթերից արցախցիներին ուղղված խոսույթում լսել «գնայիք, կռվեիք» կամ նմանատիպ բաներ։ Հայաստանի իշխանությունների նման արտահայտությունները և գործողությունները՝ ուղղված արցախցիների դեմ, մեզ պառակտում են։ Դժբախտաբար, այդ նարատիվները քարոզչական նպատակներով օգտագործվում են նաև ադրբեջանական կողմից։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, առաջ է գալիս ինքնիշխանության հարցը։ Ալիևը երկար տարիներ է, որ այդ գիծը տանում է՝ ասելով, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան երկիր ու ունենա բանակ։ Սա լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։
  • Շատ կարևոր է հասկանալ՝ այս ծավալի զիջումների շարքը խաղաղություն չի բերելու Հայաստանին։ Պատմությանը նայեք: Դա ապացուցված է բազում օրինակներով։ Հիշե՛ք 1938 թվականը, Չեխոսլովակիայի օրինակը։ Անվերջ զիջումները բերեցին Եվրոպայում ցեղասպանության։ Միջազգային իրավունքի մասնագետները լավ գիտեն՝ զիջումներն ինչի են հանգեցնում։ Կա նաև Չեմբեռլենի օրինակը, որի հետնորդ Չերչիլն արձանագրեց՝ կոկորդիլոսի կերակուր դառնալը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Ինչպես Հիտլերը գրավեց Չեխոսլովակիան, նույն կերպ Ադրբեջանը գրավեց մեր զարդը՝ Արցախը։ Ադրբեջանի նպատակը բոլորին է հայտնի, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանին։ Այնտեղ գիտեն՝ Ադրբեջանը դնում է հետագա ցեղասպանության հիմքերը։ Եվ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների շարունակական զիջումների պատճառով։
  • Միջազգային դատարանի որոշումները պետք է օգտագործվեին ՀՀ իշխանությունների, հայկական դիվանագիտության կողմից, ինչը չարվեց։ Երբ միջազգային իրավունքի այսպիսի հիմքեր ունես ու դրանք չես օգտագործում քո արտաքին քաղաքականության, դիվանագիտության մեջ՝ քո երկրի ազգային շահերն առաջ մղելու նպատակով, մեծ վտանգի առաջ ես կանգնեցնում պետությունը։ Մենք չենք ասում, թե պետք է պատերազմի դուռ բացվի, այլ ասում ենք, որ կա Միջազգային դատարանի որոշում՝ արդար ու խաղաղ միջոց, ինչը չի օգտագործվում Հայաստանի իշխանությունների կողմից։ 
  • Հիմա էլ Ադրբեջանի պահանջը կատարելով՝ Հայաստանի իշխանությունները խոսում են միջազգային հայցերը հետ կանչելու մասին։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն հետ չի վերցնում իր միջազգային հայցերը, այլև շարունակում է Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնել: Ալիևը գիտի, որ այդ դատական գործերը չի՛ շահելու, և միջազգային դատարանի որոշումներն, ի վերջո, ցույց են տալու, որ ինքը ագրեսոր է։ Դրա համար պահանջում է հետ կանչել հայցերը։ Իր հարցերն Ալիևը լուծում է Հայաստանի իշխանությունների ձեռքով:
  • Խաղաղության մասին խոսելիս պետք է խոսել արդար ու արժանապատիվ խաղաղության մասին։ Իրական խաղաղության պայմանագիր ստորագրել ցանկացողն ինչո՞ւ պիտի ցանկանա միջազգային հայցերը հետ կանչել, երբ դրանք ուղղված են արդարության հաստատմանը։ Որևէ նման օրինակ չկա պատմության մեջ։ Վախդ ի՞նչ է, եթե իսկապես խաղաղություն ես ուզում, ընդգրկի՛ր միջազգային դատարանի որոշումները քո խաղաղության պայմանագրի մեջ։ Մենք պետք է պահանջենք, որ միջազգային դատարանի որոշումներն ընդգրկվեն մեր դիվանագիտության գործիքակազմի մեջ։ 
  • Երրորդ երկրները, միջազգային կառույցները սպասում են՝ տեսնեն՝ ինչ խոսույթ է հնչում պաշտոնական Երևանից։ Ու հենց ՀՀ իշխանությունների այդ խոսույթի պատճառով են մեր դեմ դռները փակվում։

  • Ադրբեջանը գնում է Սփյուռք ստեղծելու, իրենց կառույցներն ուժեղացնելու ճանապարհով, իսկ մենք հակառակ ճանապարհով ենք գնում․ պառակտում են Սփյուռքը, ողջ հայությանը, հրաժարվում մեր ազգային պատմությունից ու ինքնությունից։ 
  • Երկար տարիներ է՝ Արման Թաթոյանի հետ զբաղվում ենք հայրենադարձված գերիների խնդրով, և նրանց օրինակով լավ գիտենք՝ ինչ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում են նրանք, ու նաև գիտենք, տեսնում ենք՝ ինչ վիճակում են մեր գերիները հիմա Բաքվում։ Մենք դիվանագիտական հակափաստարկներ պետք է բերենք, որ մեր գերիները տեռորիստներ չեն, ինչպես նրանց ներկայացնում են Ադրբեջանում, պետք է երրորդ երկրներին հասկացնենք, որ այս կեղծ «դատավարությունն» ադրբեջանա-թուրքական ավելի խոշոր ծրագրի, նպատակի մաս է: Եթե այս մասին չխոսենք, ոչ մի հարցում չենք հաջողի։ Կրկնում եմ՝ դիվանագիտական լուրջ աշխատանք պիտի լինի։ Հայաստանի իշխանությունը սա չի անում։ 
  • Դիվանագիտությունը սոսկ տեսական ելույթներ չեն․պետք են հարաբերություններ, շփումներ, կոնկրետ գործողություններ։ Արտաքին քաղաքականությունը վարելիս անդադար այստեղից այնտեղ ցատկելը լուրջ դիվանագիտության նշան չէ։ 
  • Միջազգային իրավունքում կանոն կա՝ գերության մեջ գտնվող անձի՝ ճնշման ներքո կորզված ցուցմունքները որպես ապացույց չե՛ն դիտարկվում։ Կա Լապշինի օրինակը, հասկանալու համար՝ ինչ ասել է Բաքվում լինել ազատազրկված անձ։ Մենք՝ իբրև հասարակություն, չպետք է քննադատենք մեր գերիներին, պատանդներին՝ նրանց տված ցուցմունքների համար, որովհետև պիտի հասկանանք՝ ինչ պայմաններում են դրանք ստացվել։ 
  • Իսրայելում գերիների հարցում իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ չունե՛նք բանակցելու բան, չկա՛ խոսելիք, քանի դեռ գերիներին չեք վերադարձրել։ Այդպես են Իսրայելի իշխանությունները նման դեպքերում գործում՝ մինչև չվերադարձնեն գերիներին, ոչ մի բանակցություն տեղի չի ունենա:
  • ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը լուրջ մտավախություն է առաջացրել Հայաստանի իշխանության մոտ։ Մենք տեսնում ենք Թրամփի ներկայիս քաղաքականությունը։ Նա զենք չի գործադրում, ցույց է տալիս դիվանագիտական ուժ ու հարգում է այն պետություններին, ովքեր դիվանագիտական հմտություններ են ցույց տալիս։ Ու այս ալիքը նաև Եվրոպայում է տարածվում։ Զիջումների գնացող Հայաստանին Վաշինգտոնում լավ աչքով չեն նայում։ Թրամփը տկար դիվանագիտություն չի սիրում։ Եթե Հայաստանը ցույց տա այդ դիվանագիտական ուժը, աջակցողներ կգտնվեն ոչ միայն Եվրոպայում, այլև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
  • Թրամփի համար հայկական Սփյուռքի քվեները շատ կարևոր են։ Եվ երբ Սպիտակ տանը տեսնում են՝ ՀՀ կառավարության ու Սփյուռքի արժեքների միջև տարբերություն կա, այնտեղ հետևություն են անում դրանից։ Ամերիկայում լիբերալների ժամանակաշրջանն ավարտվում է։ Հայաստանի դիվանագիտական կեցվածքը վտանգներ է ստեղծում մեր պետության համար։ Եթե Թրամփը, պետքարտուղար Ռուբիոն ու փոխնախագահ Վենսն այդպես էին խոսում Ուկրաինայի ղեկավարի հետ, որտեղ ահռելի միջոցներ՝ միլիարդավոր դոլարներ են ներդրել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպե՞ս կխոսեն Հայաստանի ղեկավարի հետ։ Աշխարհահռչակ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ, պրոֆեսոր Ջոն Միրշայմերը, ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանը, ռուս և միջազգային այլ հայտնի վերլուծաբաններ՝ Ֆյոդոր Լուկիանովը այլք, ասում են՝ պետք չէ Ամերիկայից սպասել անվտանգության երաշխիքներ․ չի՛ լինելու։ 
  • Պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ այս ձևով պարտված ղեկավարը մնա իշխանության։ Պետք է սրա մասին լրջորեն մտածել։

  • Թուրքիան նույնությամբ կրկնում է պատմությունը։ Հիշենք, որ պատերազմից հետո Բաքու գնացած Էրդողանը խոսում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Նուրի փաշայի մասին։ Գանք մեր օրեր․ ի՞նչ է անում այս օրերին Էրդողանը Սիրիայի Լաթաքիայում․այնտեղ ցեղասպանություն է։ Արևմուտքի երեսփոխանը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Սա չպետք է մոռանանք։ Թուրքիան միայն ՆԱՏՕ-ի 2-րդ զինական ուժը չէ․ նա արդեն սեփական զենք արտադրող երկիր է։

Հիշեցնենք, 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանն Ադրբեջանի պատմական հողեր են: Թուրքիայի նախագահ Էրդողանը փառաբանել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը  կազմակերպողներին ու կատարողներին:

Բաքվում «Լեռնային Ղարաբաղի համար հաղթանակի» շքերթի անցկացման ամսաթիվը բազմաթիվ խորհրդանիշներ էր պարունակում, օրը պատահական չէր ընտրված՝ 1991 թվականին Արցախի անկախության հանրաքվեի անցկացման օրը։

Պատահական չէ, որ 2020-ից Իլհամ Ալիևի հրամանով դեկտեմբերի 10-ն Ադրբեջանում նշվելու է որպես Հաղթանակի օր։

Բաքվի ռազմական շքերթին տրիբունայից հետևող Էրդողանը  հայտարարեց, որ այդ օրը թևածում էր երիտթուրք, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշայի հոգին, որը հարյուր տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին, «Կովկասի իսլամական բանակի» գլուխ դնելով իր եղբորը՝ Նուրի փաշային, նրան ուղարկել էր Ադրբեջան՝ ջախջախելու Արցախի հայ բնակչությանը։ Ալիևն այդ օրը նաև հայտարարեց. «Զանգեզուրը, Գյոյչան (Սևանա լիճը) և Երևանը մեր պատմական հողերն են», իսկ Էրդողանն էլ, թե՝ կիսատ գործեր ունեն: «Եթե հայ ժողովուրդը դասեր քաղի ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կմեկնարկի»,- ասել էր նա: 

  • Չի՛ կարելի թույլ տալ, որ արտաքին ուժերի կամքով փոխվի Հայաստանի Սահմանադրությունը․ դա պետք է արվի բացառապես մեր ժողովրդի կամքով։ Բայց անգամ դա չէ խնդիրը։ Մեր պետությունը մեր ազգից երիտասարդ է։ Մեր պետությունը մենք ստեղծել ենք՝ դրա հիմքում դնելով մեր ազգային նպատակներն ու իղձերը։ Անկախության հռչակագրի դուրսբերումը Սահմանադրությունից մեզ կհեռացնի մեր ազգային արժեքներից, մեր պատմությունից։ Սահմանադրություն փոխելու Ալիևի և Էրդողանի պահանջը մեր պետությունը թուլացնելու, ինքնիշխանությունից զրկելու համար է։ Եթե պետությունը չի պաշտպանում դե ֆակտո ինքնիշխանությունը, կորցնում է դե յուրե ինքնիշխանությունը։ Մենք Արցախում ունեինք դե ֆակտո ինքնիշխանություն։ Զիջումների արդյունքում միգուցե դե յուրե ինքնիշխանությունը մնա, այնքան, ինչքան որ կմնա, բայց կկորցնենք դե ֆակտո ինքնիշխանությունը, որը կհանգեցնի պետության կորստի։

  • Սփյուռքում կան կառույցներ, որ Հայաստանում իրենց գործերն առաջ տանելու համար որևէ ձայն չեն հանում այս կառավարության իրականացրած գործողությունների դեմ, ու դա շատ ցավալի է։
  • Ցեղասպանության ուրացումը մեր ծնողների արժանապատվությանն է առնչվում, բայց կա նաև այլ կարևոր բան։ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը ծառայում է Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական, Մեծ Թուրանի և այլ ծրագրերին։ Բացի դրանից, Ցեղասպանությունը կասկածի տակ դնելն աղավաղում է հայ ազգի դեմ գործած հանցանքների ողջ պատկերը։ Սումգայիթի, Բաքվի, Սիրիայի հայկական շրջանների, 1915թ․ Ցեղասպանության, Արցախի, Քեսաբի ջարդերն ու անգամ Պոլսի 1860-ականների ջարդերը ՄԵԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ։  Դրանք բոլորը Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերի մաս են: Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր անվտանգության երաշխիքն է։ Միջին Արևելքը մեզնից հեռու չէ, նայեք՝ ինչ ցեղասպանություն է Թուրքիան իրականացնում Սիրիայում… 
  • Երուսաղեմում լավ են հասկանում՝ ինչ կապ ուներ Արցախն իրենց խնդրի հետ. Երուսաղեմում ծագած խնդրում էլ է Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքը խառնված: Երբ գտնվում ես ճնշման տակ, արդեն հասկանում ես՝ ինչ եղավ, ու դա ինչ կապ ուներ քեզ հետ։ Մենք այսօր դեպքեր ունենք, որ, օրինակ, Նյու Յորքի թանգարանում Արշիլ Գորկու նկարի կողքը գրված է՝ «Թուրքիա»․ սա ողջ այս զիջումների հետևանքն է… սա քաղաքականություն է ողջ հայ ազգի դեմ:
  • Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի «հանդիպման» և լուսանկարի մասին. Վենսի համար անակնկալ էր այդ հանդիպումը:
  • Երբ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լուսանկարվում էր… Չգիտեմ՝ Փաշինյանը կարդացե՞լ է այդ գիրքը: Ես, օրինակ, կարդացել եմ Էրդողանի այդ գիրքը․ ինչպես արևմտահայերն են ասում՝ այդ գիրքը Էրդողանի փորի ցավն էր։ Այդ գրքում ասվում է, որ Թուրքիան աշխարհում պետք է լինի ինքնուրույն խաղացող։ Կարևոր չէ գրքի հետ նկարվելը, կարևորը գիրքը կարդալն է ու հասկանալը, թե Թուրքիան ինչ նպատակներ ունի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս