2025-ին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցության փոփոխություններ կլինեն․ Լուկիանով
«2025-ին շարունակվելու է նախկին աշխարհակարգի փլուզման վերջնական փուլը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ ներկայացնելով աշխարհաքաղաքական իր կանխատեսումները 2025 թվականի վերաբերյալ։
Վերլուծաբանը գտնում է, որ Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է բեկումնային փուլի. հակամարտության այն ձևը, տեսակը, որի ականատեսն ենք եղել գրեթե երեք տարի, սպառել է իրեն և պետք է տեղափոխվի մեկ այլ փուլ։
«Հնարավոր մի քանի ճանապարհ կա՝ գուցե սկսվի դիվանագիտական գործընթաց, կամ գնա է՛լ ավելի սրման, ինչի ականատեսը եղանք տարեվերջին, երբ Ուկրաինան ՌԴ-ի խորքում թիրախներին հարվածելու թույլտվություն ստացավ, որից հետո ՌԴ-ն գործի դրեց նոր՝ «Օրեշնիկ» անունով սպառազինությունը։
Քիչ հավանական եմ համարում ստատուս-քվոյի շարունակությունը՝ հաշվի առնելով միտումներն ու զարգացումները, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի առկայությունը»,- ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով, աշխարհաքաղաքական միջավայրում տեղի ունեցող զարգացումներին կարելի է տալ «ամերիկյան առաջնորդության վրա հիմնված աշխարհակարգի տապալում» անվանումը։ Լուկիանովը համոզված է՝ սա նախկին աշխարհակարգի վերջնական փլուզման պահն է, որի շրջանակում հարմար տեղավորվել է Թրամփի վարչակազմը, որը գալով իշխանության՝ փորձելու է խաղի որոշ կանոններ փոխել։
«Թրամփը և նրա հնարավոր թիմն ամերիկյան քաղաքական դաշտը, քաղաքականությունը վերանայելու, վերափոխելու հայտ է ներկայացրել: Սա ենթադրում է ուշագրավ զարգացումներ ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, այլև ներքին քաղաքականությունում և հատկապես հավաքական Արևմուտքի քաղաքականությունում։ Այն սկզբունքները, արժեքները, այն հիմքը, որով գոյություն է ունեցել ԵՄ-ն, սպառել է իրեն, Եվրոպան ցնցվում է, ԵՄ ընդլայնման քաղաքականությունն արևելյան Եվրոպայում չի ստացվում, և 2025-ը եվրոպական քաղաքականության տեսանկյունից ևս շրջադարձային է լինելու»,- ասաց նա։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար ավելի հեշտ է լինելու այս միջավայրում ծավալել իր քաղաքականությունը։
«Ռուսաստանն Ուկրաինայի հարցում իր հայտարարած սկզբունքներից չի հրաժարվելու, սակայն տեսնում ենք, որ ուկրաինական կողմն իր հանրությանը փորձում է պատրաստել որոշ մեղմացումներ՝ հասկանալով, որ Թրամփի օրոք չի ունենալու այն աջակցությունը, ինչ ուներ Բայդենի օրոք, և սա խիստ առանցքային հանգամանք է։ Չի բացառվում, որ սկսվեն բանակցություններ, բնականաբար, դա ավելի դրական սցենար կլինի բոլորի համար»,- ասաց Լուկիանովը։
Նա գտնում է, որ աշխարհակարգի փլուզման գործընթացը զգալի է նաև Հարավային Կովկասում, որտեղ փոխվել է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի քաղաքականությունը։
«Կարծում եմ՝ 2025 թվականին ևս փոփոխություններ են լինելու, աշխարհաքաղաքական նույն իրավիճակը չի պահպանվելու, Ռուսաստանը գուցե ակտիվանա, իսկ Արևմուտքը՝ մի փոքր նահանջի։ Կողմերի միջև հակամարտային իրավիճակը պահպանվում է և ցանկացած հարավկովկասյան ազդեցիկ ուժի խնդիրը կրկին լինելու է այս հակամարտությունը, խնդիրների մի մասն առկա է և մոտ ապագայում դրանց լուծման ուղիներ չեն երևակվում»,- ասաց Լուկիանովը։
Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, ապա, Լուկիանովի կարծիքով, տրամաբանորեն այն ևս պետք է փոփոխություններ կրի՝ հարմարվելով աշխարհաքաղաքական զարգացումներին։
«Վստահաբար ԱՄՆ քաղաքականությունում ՀՀ-ի հարցում որոշակի փոփոխություններ են գրանցվելու, ԵՄ-ն է ընդհանուր առմամբ ավելի շատ խնդիրներ ունենալու, ինչպես է այս ամենի հետ վարվելու ՀՀ-ն, եթե որոշել է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնել և այդ թևում լրացնել որոշ դեֆիցիտներ՝ թե քաղաքական, թե անվտանգային»,- ասաց Լուկիանովը։ Նրա կարծիքով, Հայաստանի շուրջ Վրաստանում լուրջ իրադարձություններ են զարգանում երկրի արևմտյան վեկտորի շուրջ։
«Ըստ իս, սա ևս Հայաստանի ուսումնասիրման համար ուշագրավ նյութ է։ Եվրոպական ապագան Վրաստանի քաղաքացիների շրջանում ցանկալի է, և «Վրացական երազանքի» կողմնակիցների մեծ մասը կիսում է այդ ձգտումը: Կուսակցությունը նույնպես հայտարարում է եվրաինտեգրմանը նվիրվածության մասին, սակայն, հաշվի առնելով սեփական պայմանները, քանի որ եվրոպական նախկին արժեհամակարգը չկա, այլ կա չոր քաղաքականություն, սա ևս ավարտվող նախկին աշխարհակարգի մի մաս է։
Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ևս նոր աշխարհակարգի դրսևորում է, նոր քաղաքականության, որն Արևմուտքը չի ընդունում։ Սակայն ամեն բան այստեղ էլ կախված է հետագա ներքին իրադարձություններից»,- նկատեց Լուկիանովը։