Փաշինյան-Վենս հանդիպման և մի լուսանկարի պատմության մասին

Միացյալ Նահանգներ քառօրյա աշխատանքային այց կատարած Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնում չորս օր մանր-մունր բազմաթիվ հանդիպումներ, Ատլանտյան խորհրդում, Ջորջթաունի համալսարանում և Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթներ ունենալով, որը, ըստ պաշտոնական վարկածի, այս այցի գլխավոր օրակարգն էր, Փաշինյանին հաջողվել է ունենալ հանդիպում Թրամփի կառավարության ներկայացուցչի՝ փոխնախագահ Վենսի հետ։

Սակայն մինչ հանդիպմանն անդրադառնալը նշենք, որ բոլորն էին հասկանում՝ Փաշինյանին ԱՄՆ-ում այդ գագաթնաժողովին մասնակցությունը չէ, որ հետաքրքրում էր, այլ Թրամփի վարչակազմի հետ շփման դուրս գալը նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ստորագրած ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումից և վարչակազմի փոփոխությունից հետո։

Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում, երբ ՀՀ-ն նախորդ՝ Բայդենի վարչակազմի օրոք և օգնությամբ էականորեն նվազեցրեց իր հարաբերությունների մակարդակը Ռուսաստանի Դաշնության հետ, սառեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների շեշտը դնելով տնտեսության վրա, փորձելով արտաքին քաղաքական շրջադարձ կատարել դեպի Արևմուտք, որն անվանում է բալանսավորման քաղաքականություն, Փաշինյանի իշխանությունը չէր ցանկանա, որպեսզի իրականանային փորձագիտական հանրության կանխատեսումներն այն մասին, որ Թրամփի վարչակազմին չի հետաքրքրելու Երևանը ու Երևանի հետ ստորագրված նոր փաստաթուղթն այնպես, ինչպես Բայդենի թիմին։ Ուստի Փաշինյանի գլխավոր խնդիրն ԱՄՆ նոր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումն էր ու ռեգիոնալ իրավիճակի, հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայի ու ապագայի քննարկումը։

Պատահական չէր, որ ամերիկյան իր վերջին ելույթների ընթացքում Փաշինյանը գովերգում էր Ամերիկան, հաճախ կիրառում Թրամփի անունը, որպես նախագահ, ինչպես նաև խոսում հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ իր ակնկալիքների ու ցանկությունների մասին։ Սա, իհարկե, բնականոն պրակտիկա է, սակայն այն տեղին է միայն, երբ արվում է չափի մեջ։ Փաշինյանի դեպքում դա բացակայում էր։

Կարդացեք նաև

Ակնհայտորեն, Փաշինյանի իշխանությանը հետաքրքրում էր հանդիպումը և լուսանկարը Սպիտակ տանը հայաստանյան ներքին լսարանին՝ որպես մեծ ձեռքբերում ներկայացնելու և փաշինյանական արտաքին քաղաքականության ճշմարտացիությունը ցույց տալու, «PR արշավ» կազմակերպելու համար։ Այս օրերի ընթացքում իսկապես փորձագիտական, քաղաքական շրջանակներին ու հասարակությանը հետաքրքրում էր, թե ՀՀ-ԱՄՆ նոր փաստաթղթի ստորագրումից հետո և կամ ընդհանրապես Թրամփի վարչակազմն ինչպես է վերաբերվելու հայկական կողմին, որն ակնհայտորեն հանդիպում է խնդրելու։

Եվ ժամեր առաջ Փաշինյանի մամուլի խոսնակը հաղորդեց, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Ըստ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Նման հանդիպումների մասին իմանալիս՝ սովորաբար ԶԼՄ-ները փորձում են ծանոթանալ նաև հակառակ կողմի տարածած պաշտոնական հաղորդագրություններին, որը մինչ այս պահը բացակայում է։

Ամերիկյան կողմը Փաշինյան-Վենս հանդիպման, շփման մասին որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդագրություն, նույնիսկ գրառում X հարթակում չի տեղադրել։

Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում և լավ խոսակցություն»։

Սակայն ամենաուշագրավը, իհարկե, հայկական կողմի տարածած լուսանկարն է, որում Փաշինյանն ու Վենսը կանգնած են կողք կողքի և պարզապես լուսանկարվել են Սպիտակ տան ինչ-որ աշխատասենյակում՝ գրասեղանի դիմաց կանգնած։

Չկա պաշտոնական արարողակարգի որևէ ատրիբուտ՝ ՀՀ դրոշ, ձեռքսեղմում, արարողակարգային նկարահանում, ողջույնի խոսք և այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել նման հանդիպումների ժամանակ։

Թերևս, ինչպես Փաշինյանն է գրել, սա «ճանաչողական շփում է»՝ ուղղված ծանոթությանը։ Դժվար չէ ենթադրել, թե ինչ հարցեր կարող էին քննարկվել նման շփման ժամանակ, ինչպես նաև դժվար չէ ենթադրել, թե նման շփումներն ինչին են ուղղված և ինչ արդյունավետություն կարող են ունենալ։

Օրերս ողջ աշխարհը տեսավ, թե Սպիտակ տունն ինչպես է պահպանում արարողակարգի բոլոր կանոնները, երբ Սպիտակ տունն ընդունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Այսինքն՝ նույնիսկ փոխնախագահ Վենսի հետ հանդիպումը պետք է լիներ տարրական արարողակարգային կանոնների պահպանմամբ՝ ընդունելությունների սրահում, դրոշով, նստելով և այլն, եթե ամերիկյան կողմը դրանում հետաքրքրված լիներ։ Սա կարծես հանդիպում էր, ժողովրդական լեզվով ասած, «ոտքի վրա», ոտքի վրա էլ պարզապես լուսանկարվել էին հայաստանյան հանրությանը ներկայացնելու համար։

Դժվար է ասել՝ արդյո՞ք ընդհանրապես քննարկվել են ռեգիոնալ կամ հայ-ամերիկյան օրակարգային հարցեր։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ դրանք կարճ քննարկվել են փոխնախագահ Վենսի հետ, դա փոխնախագահի գործունեության ոլորտն ու իրավասությունը չէ։

Այս դեպքում կարելի է հասկանալ, որ Թրամփի հետ հանդիպման կազմակերպումն այս փուլում խնդրահարույց կարող էր լինել, սակայն պետքարտուղար Ռուբիոն կամ փոխպետքարտուղարը կարող էին լավագույն տարբերակը լինել նման հանդիպման և ՀՀ-ին հետաքրքրող հարցերը քննարկելու համար։ Սակայն արդեն ակնհայտ է դառնում, որ հայկական կողմին, այս դեպքում՝ ՀՀ ԱԳ նախարարին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին չի հաջողվել նման հանդիպման հնարավորություն ստանալ։

Տեսանյութեր

Լրահոս