Վրաստանում աճել է ադրբեջանական դիզելային վառելիքի մասնաբաժինը
Վրաստանում ադրբեջանական դիզելային վառելիքի մասնաբաժինն աճել է. 2025 թվականի վերջին 2 ամսվա տվյալներով՝ դրա խոշորագույն ներմուծողը SOCAR Georgia Petroleum-ն է: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ադրբեջանական ընկերությունը Վրաստան է ներմուծում դիզելային վառելիքի ավելի քան 40 տոկոսը։
TBC Capital Retail Fuel Market Review-ի համաձայն, որը հրապարակվել է 2025 թվականի նոյեմբերին, 2024 թվականին դիզելային վառելիքի Վրաստան ներմուծման 74%-ը կատարվել է Ռուսաստանից, իսկ 14%-ը՝ Ադրբեջանից:
2025 թվականին իրավիճակը կտրուկ փոխվել է, և ռուսական դիզելային վառելիքի ներմուծումը գրեթե կիսով չափ կրճատվել է: Արտադրանքի խոշորագույն մատակարարի դիրքն արդեն զբաղեցնում է SOCAR-ը:
Դիզելային վառելիքի պահանջարկը Վրաստանում աճում է. TBC Capital-ի տվյալներով՝ նավթամթերքի ներմուծումը 2024 թվականին աճել է և կազմել 770 միլիոն լիտր: Ընկերության կանխատեսմամբ՝ դիզելային վառելիքի ներմուծումը, ենթադրաբար, կշարունակի աճել 2025 թվականին:

