1919 թվականին ադրբեջանցիները ծրագրում էին գրավել Գորիսն ու Երևանը

Ինչպես են սյունեցիները ջարդում թուրք-ադրբեջանական բանակին և տապալում Գորիսի գրավման ծրագիրը

1919 թվականի աշնանը մուսաֆաթական Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել հավաքագրել մեծ ուժեր, հարձակվել Սյունիքի վրա և գրավել այն: Բնականաբար, ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հաջորդելու էին հայ բնակչության կոտորածները: Ծրագիրը հստակ էր՝ պետք էր Սյունիքը ևս միացնել Ադրբեջանին: Այդ առիթով թուրք-ադրբեջանական դաշինքը գործում էր միասնական:

Հոկտեմբեր ամսին Շուշի է այցելում թուրք զինվորական գործիչ Նուրի փաշան, ում հետ միասին գալիս են նաև թուրք բարձրաստիճան զինվորականներ, ովքեր սկսում են մարզել ադրբեջանական-քրդական զորքերին: Նպատակ էր դրված, որպեսզի ռազմական գործողությունները հիմնականում ծավալվեին Գորիս քաղաքում: Այդ առիթով ադրբեջանական բանակը սկսում է լավ պատրաստվել, հավաքագրել զինվորականներ, կամավորականներ, վարձկաններ, և արդյունքում նրանց զորքերի թիվը հասնում է 12 հազարի: Հարկ է նշել, որ այդ ընթացքում տեղի են ունենում նաև հայ-ադրբեջանական դիվանագիտական շփումներ, նամակագրություններ, հայտարարություններ և բանակցություններ: Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններից զատ, խնդրի մասին օտարերկրյա բարձրաստիճան այլ պաշտոնյաների միջև շփումներ ևս լինում են: Սակայն ակնհայտ է դառնում, որ պատերազմն անխուսափելի է: Ադրբեջանցիների առաջխաղացման մասին գրում է նաև մամուլը:

Կարդացեք նաև

«Հաւաստի աղբիւրներից մեզ հաղորդում են, որ Ադրբէջանի զօրքերը արդէն շարժւում են դէպի Զանգեզուր: Առաջապահ գունդը արդէն երևացել է Զաբուխի մօտ: Բացի կանոնաւոր զօրքից, կան և քրդական բանակներ»: («Ժողովուրդ», 1919, N 124):

1919 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական զորքերը սկսում են իրենց հարձակումը.

«Նոյեմբերի 5-ին՝ լույսը դեռ չբացված, ադրբեջանական բազմահազարանոց բանակը՝ 12000 զինվորներով և 30 թնդանոթներով, Գորիսի շրջանի ուղղությամբ ընդհանուր հարձակում սկսեց Զանգեզուրի վրա: Միաժամանակ թուրք հրոսակախմբերը Նախիջևանի կողմից հարձակում գործեցին Վայոց ձորի վրա՝ նպատակ ունենալով այդտեղ կոտրել հայերի դիմադրությունը, Սիսիանի կողմից դուրս գալ գավառի արևմտյան սահմանները և Զաբուղի կողմից հարձակվող ադրբեջանական զորքերի հետ աքցանի մեջ առնել Գորիսի ու Սիսիանի շրջանները»: (Սիմոնյան Ա., «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.», 2017, էջ 502):

Հարձակման առաջին հարվածը ստացավ Սյունիքի Տեղ գյուղը, սակայն այդ կետում հայկական զորքերը ամուր դիմադրություն են ցույց տալիս ադրբեջանական զորքերին, ինչից հետո այդ կետում նրանց առաջխաղացումը դադարում է: Ռազմական գործողությունների ընթացքում պարզ են դառնում նաև ռազմական իրողություններ: Մասնավորապես այդ մասին պատմում են գերի ընկածները.

«Չնայած հակառակորդի գերակշիռ ուժերին, նրա գնդացրային և ռմբային ուժգին հարվածներին, մերոնք համառ դիմադրում են թշնամու ճնշմանը: Խոզնավարի ուղղությամբ թաթարները նահանջելով Ճաղատ սարից, թողել են յոթ գնդացիր: Գերի ընկած ասկյարի պատմելով՝ հակառակորդն ունի վիթխարի ուժեր»: (Նույն տեղում՝ էջ 506):

Թերթերն իրենց հերթին՝ հայտնում էին տեղեկություններ, թե ինչ ծրագրեր ու նպատակներ են ունեցել ադրբեջանական զորքերը Գորիսի վրա հարձակվելիս: Հայտնի է դառնում, որ նրանք ծրագրում էին հասնել մինչև Երևան.

«Ստացւած լուրերի համաձայն Ադրբէջանեան զօրքեր են կենտրոնանում Ղազախում և Զանգեզուրում, թւով մօտ 15 000: Մի վիրաւոր թուրք սպայի մօտ բռնւած են թղթեր, որոնցից պարզւում է այն սպառնալիքը, որը եղել է Ադրբէջանի կողմից: Այն է շուտով լինել Գորիսում և Երևանում»: («Ժողովուրդ», 1919, N 130):

Հստակ տեսնում ենք, որ Սյունիքում տեղի ունեցող գործողությունների ֆոնին ադրբեջանական զորքերը մտադիր էին հաջողության դեպքում արագ վերջնականապես տապալել Հայաստանն ամբողջությամբ, այդ իսկ պատճառով զորքեր էին կուտակվում նաև Ղազախում: Սակայն Սյունիքում հայկական ուժերը կարողանում են ուժգին դիմադրություն ցույց տալ և տապալել ադրբեջանական բանակի ծրագրերը.

«Առավոտյան կողմ Ճաղատ սարի և Հովվի բլրի տարածքների ադրբեջանական ուժերը, չդիմանալով հայկական ուժերի հզոր հարվածներին, թողեցին մարտադաշտը և սկսեցին անկանոն նահանջել դեպի Գառնակ լճի տարածք, բայց այստեղ նրանք ամրանալ չկարողացան: Սեպաձև խրվելով հակառակորդի դասավորության մեջ՝ հայկական ուժերը դիպուկ հարվածով նրան դուրս քշեցին դիրքերից: Թուրքերը խուճապով սկսեցին իջնել նախօրյակին իրենց գրաված Խոզնավար և Բայանդուր գյուղերի հատվածը: Այստեղ ևս հանդիպելով հայկական վաշտերի փոթորկալի կրակին՝ թուրք ծեծված զորամասերը փախան Զաբուղի ձորերը: Ադրբեջանական զորքերը ջարդվեցին նաև Տեղի և Կոռնիձորի մոտ, որտեղ ամբողջովին ոչնչացավ 2-րդ ձիավոր գունդը»:  (Սիմոնյան Ա., նշվ., աշխ., էջ 507):

Այդ շրջանի պատմագրական ու փաստագրական տեղեկությունները, վկայություններն ու գրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանաքրդական զորքերը ընդհանուր առմամբ ունեցան 500-ից ավելի զոհ, 2000-ից ավելի վիրավոր և մոտ 150 հոգի գերի ընկավ: Նրանք մարտի դաշտում թողեցին նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

1919 թվականի նոյեմբերին Սյունիքի ռազմական բախումները կարևոր հաղթանակ էին հայկական ուժերի համար, քանի որ ադրբեջանական ռազմական ծրագիրը հստակ էր՝ գրավել Հայաստանն ամբողջությամբ: Սյունիքում հաջողելու դեպքում կոտրվելու էր պետության ողնաշարը, ու գործի էին անցնելու Ղազախում գտնվող մի քանի հազարանոց զորքերը, որոնց առաջադրանքն էր՝ գրավել Երևանը: Սյունիքում և ռազմաճակատի այլ ուղղություններում հայկական զորքերը կարողացան կանխել թուրք-ադրբեջանական ծրագիրը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս