Անդրանիկ Քոչարյանը հերքում է Ալեն Սիմոնյանին, կամ՝ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու Փաշինյանի «ռուսական պատճառները»
Նոյեմբերի 16-ին «ԼուրջCast» հաղորդման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, հայտարարել է, որ իրենք չեն իմացել պատերազմի սկսման մասին:
«Ես չեմ իմացել, ինձ արթնացրել են և ասել՝ վեր կաց, պատերազմը սկսվել է։ Այո, մենք չենք իմացել։ Ես չեմ կարող վարչապետի տեղը հիմա պատասխանեմ, որովհետև չգիտեմ՝ ինքը դրանից մեկ ժամ առաջ կամ մեկ օր առաջ իմացե՞լ է, թե՞ ոչ, բայց ես էլ կիմանայի։ Չեմ ուզում 100 տոկոս բան ասեմ, առնվազն ես դրա մասին կլսեի, կամ վարչության նիստում կքննարկեինք»,- մասնավորապես, ասել է նա:
168.am–ը «Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրե՞լ է պատերազմի սկսվելու փաստը» վերտառությամբ հոդվածում մանրամասն անդրադարձել է այս թեմային:
Իսկ ԱԺ նախագահի այս հարցազրույցից և դրա ընթացքում արած հայտարարությունից օրեր հետո Factor TV-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով պատերազմը սկսելու մասին իմանալ-չիմանալու մասին, նշել է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջոցով Ռուսաստանն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, պատերազմ չի լինի:
«Արշակ Կարապետյանն ունեցել է շատ մտերմիկ կապեր ՌԴ զինված ուժերում, և այնտեղից հավաստիացրել են իրեն, իր միջոցով: Բայց ՀՀ հետախուզական կառույցները և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, հետախուզական այլ աղբյուրներից կարողացել է հստակ ճշտել հակառակորդի գործողությունների օրվա մասին»,- շարունակել է Քոչարյանը՝ շեշտելով, որ այս հարցը ներառված է քննիչ հանձնաժողովի զեկույցում:
Մի կողմ թողնենք, թե իրականում ՌԴ աղբյուրներից ինչ տեղեկություն է ստացվել պատերազմի մասին: Այստեղ հարցն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հերքում է Ալեն Սիմոնյանի հավաստիացումները և հաստատում այն պնդումները, որ պատերազմից առաջ Հայաստանի ղեկավարությունը պատերազմի սկսվելու մասին տեղեկություն ունեցել է, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հստակ փաստեր ենք ներկայացրել:
Հավելենք, որ 2023թ. հունիսի 27-ին 44-օրյայի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ էլ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ՝ «ՀՀ ԶՈւ-ն 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ–որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:
Ի դեպ, 2021 թվականի սեպտեմբերին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և բնականաբար տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար, այն երբևէ չի էլ դադարել հակամարտության օրերի ընթացքում: Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մի պատճառով, քանի որ պատերազմը սկսվեց: Այդ հարցազրույցը արվել է 2020թ. սեպտեմբերի 24-ին կամ 25-ին»:
Այլ հարց է, որ 2021-ին Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:
«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- մասնավորապես, 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում հայտարարել էր նա՝ հավելելով, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:
Կարո՞ղ ենք ասել, որ եթե անգամ Անդրանիկ Քոչարյանը խոսում է 44-օրյա պատերազմից օրեր առաջ ստացված հետախուզական տվյալների մասին, այնուամենայնիվ, ինչ-որ առումով նաև հակադրվում է Փաշինյանի հետ:
Վերադառնալով Արշակ Կարապետյանին՝ հավելենք, որ մի առիթով նա հայտարարել էր, որ 2020 թվականի օգոստոսի կեսերին Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու:
«2020 թվականի օգոստոսի 14-ին, փաստը մոտս կա, ես քեզ (Նիկոլ Փաշինյանին։- Մ.Պ.) գրավոր գրեցի, որ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու: Առաջարկում եմ ուժեղացնես դիվանագիտությունդ, ուղարկես արտգործնախարարին Մոսկվա, այլ երկրներ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պատերազմ չսկսի: Փաստացի կարող եմ ապացուցել: Դուք ոչինչ չարեցիք: Հիմա նստել կռուտիտ ես անում»,- մանրամասնել էր նա:
168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, ում, ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել:
Երբ սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին ավելի հստակ տեղեկություն էր ստացել Փաշինյանը, արդյո՞ք իր գեներալ խորհրդականին հետ է կանչել արձակուրդից, հայտնի չէ:
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի միջոցով ՌԴ փոխանցած մոլորեցուցիչ տեղեկատվությանը, ապա ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին 2021 թվականի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարար է նշանակում՝ հաշվի է առել հենց նրա ռուսական կապերը:
Այս մասին 2024 թվականի մարտին լրագրողների հետ հանդիպմանն անձամբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ ասելով, թե անտեսված չի եղել Արշակ Կարապետյանի «հատուկ ու մոտ» հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ:
Հիմա, եթե ընդունենք, որ Անդրանիկ Քոչարյանը ճիշտ է ասում, ապա ստացվում է, որ ՌԴ ուժային շրջանակներից Արշակ Կարապետյանի միջոցով վստահեցրել են, որ պատերազմ չի լինի, ապա այստեղ որոշակի հարցեր են առաջանում Փաշինյանի հետ կապված, ով պնդում է, թե մինչև 2022-ը ներառյալ՝ բանակում ազդեցության գործակալներ են եղել:

