Այս Նոր տարին, ժողովո՛ւրդ, կարող է վերջինը լինել Երևանում, հասկացե՛ք, եթե այսպես շարունակվի, մի օր ինչ-որ Մամեդով կարող է գալ ու ասել՝ սա իմ տունն է. Փաշինյանն Ասադի պես կնստի ինքնաթիռն ու կփախչի, բա մե՞նք. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սիրիայի անկումն ահռելի իրադարձություն է, որն ամեն ինչ կփոխի Միջին Արևելքում։ Դրանից պետք է դաս քաղել։ ՀՀ այս իշխանությունները մեր ժողովրդին ասում էին՝ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելով՝ ամեն ինչ կկարգավորվի, բայց տեսանք, որ Աստանայի պայմանագիրը ոչինչ չտվեց։ Հիշեցնենք, Աստանայի ձևաչափով (ՌԴ, Իրան, Թուրքիա) Սիրիայի իրադրության կարգավորման, խաղաղության միջազգային պայմանագիրը կնքվել է 2017թ. հունվարին: Թուրքիան խախտեց Աստանայի ձևաչափով խաղաղության այդ պայմանագիրը: Սիրիայի անկումը ահռելի պարտություն էր Իրանի և Ռուսաստանի համար։ Տուժեց նրանց հեղինակությունը։ Ռուսական ռազմական ներկայությունը հավանաբար երկար չի մնա Սիրիայում։ Սա ահռելի հաղթանակ էր Իսրայելի և Թուրքիայի համար։ Շահեց ԱՄՆ-ն, քանի որ Ռուսաստանին դուրս են բերում այս ռեգիոնից։
- Քաղաքականության մեջ մենք այս օրերին նոր երևույթի ականատես եղանք՝ դեմոկրատական ահաբեկիչների կուսակցություն առաջացավ։ 10.000 մարդ սպանած ահաբեկիչը դարձավ դեմոկրատ, ապստամբների լիդեր։ Այսինքն՝ մի օր դու կարող ես լինել ահաբեկիչ, Ալ-Քաիդայի ներկայացուցիչ, որի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնելու համար ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար գումար էր խոստանում մարդկանց, մի օր էլ նույն ԱՄՆ-ի կողմից հռչակվել ապստամբ դեմոկրատ։ Զավեշտալի է, բայց ստացվում է՝ տեռորիստի մազերը ֆենեցին, մորուքը ուղղեցին, սանրեցին, դարձավ դեմոկրատ։
Հիշեցնենք, 2017թ. մայիսին Միացյալ Նահանգները՝ Պետդեպը, 10 միլիոն դոլար էր խոստանում Սիրիայից և Իրաքից հայտնի և Ալ-Քաիդայի թևը համարվող Ջաբհաթ Ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մուհամադ Ալ-Ջավլանի մասին տեղեկության համար: Ալ-Ջավլանը հուլիսին փոխել էր խմբավորման անունը՝ դարձնելով Յաբհաթ Ֆաթհ Ալ-Շամ: Նրա մասին հայտնի էին Իրաքի ռազմական կառույցների հավաքագրած որոշ տվյալներ: Ըստ դրանցից մեկի՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդը դասական արաբերենի ուսուցիչ էր եղել:
Միացյալ նահանգները նրան ահաբեկիչ էր համարում 2013-ից՝ հայտարարելով, որ Ալ-Ջավլանի առաջնորդությամբ խմբավորումն ահաբեկչական գործողություններ է իրականացրել Սիրիայի տարբեր հատվածներում, որոնց արդյունքում զոհվել էին նաև անմեղ սիրիացիներ:
- Մեր հարավային շրջաններից լուրեր են գալիս, որ ադրբեջանցիներն անընդհատ զենք են բերում, իսկ մենք զբաղված ենք Նոր տարվա բդով, տոնածառով…
- Ադրբեջանն Իսրայելի հետ պասերով է խաղում։ Պետք է հասկանալ, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան 200%-ով աջակցում է Իսրայելին։ Հիմա Իսրայելը պետք է Իրանին ներքաշի պատերազմի մեջ, դեստաբիլիզացնի իրավիճակը, Ադրբեջանը պետք է օգնի, իսկ հաշիվը կփակի Հայաստանը։ Հայաստանը կզոհաբերեն…
- Սիրիայում կարող է լինել ապակայունացում, քաղաքացիական պատերազմ, ու ահաբեկիչները կարող են քրդերի հետ պատերազմ սկսել։ Իսրայելն ու Թուրքիան կիսելու են այս ռեգիոնը։
- Թուրքիան ավելացնում է իր ռազմական բյուջեն, բայց մեր ժողովրդին դա չի հետաքրքրում… տոնածառ են զարդարում։ Երևի Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համար են զինվում…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «2025թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը։ Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ վերոնշյալ ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերից (2024-ին նախատեսված էր 40 մլրդ դոլար)։ Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի՝ նշված գումարից շուրջ 26.8 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ-ը տրամադրվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։ Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մ. Շիմսեքի՝ ներկա դրությամբ Թուրքիայում իրականացվում են ավելի քան 1000 ռազմաարդյունաբերական նախագծեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա»:
- Ալիևը Փաշինյանին ասում է՝ դուք պետք է բանակցեք «Արևմտյան Ադրբեջանի» հետ, դա նշանակում է, որ մենք արդեն պետություն չենք։ Ալիևն Արևմտյան Ադրբեջան ասելով՝ նկատի ունի ողջ Հայաստանի ինքնիշխան տարածքը: Հայ ժողովուրդը սա չգիտի՞, չի՞ պատկերացնում հետևանքները:
- Փաշինյանն ու նրա շրջապատն ատում են արցախցիներին ու մեր մեջ սերմանում նույնը։
- Թրամփը շատ ագրեսիվ պրոիսրայելական դիրքորոշում ունի։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցներն են։ Փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից ու լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան իր պետական TRT հեռուստառադիոընկերության, մեդիահոլդինգի եթերում անդրադառնալով Սիրիայի պատերազմական գործողություններին, բացեիբաց հայտարարել է. «Շուտով մենք Հալեպը, Դամասկոսը, Դարաան ու Հոմսը կվերադարձնենք իր իսկական տիրոջը և կուղևորվենք դեպի Զանգեզուրի միջանցք»:
Սիրիայի հարցերը լուծեցին, կշարժվեն դեպի Զանգեզուրի միջանցք, Սյունիք:
- Թուրքիան գնալու է էքսպանսիայի, քանի որ տեսավ, որ ինչ անում է՝ անպատիժ է մնում Արևմուտքի կողմից։ Իսրայելն անելու է նույնը։ Միջազգային իրավունքի գիրքը պետք է փակել։ Այլևս ամեն ինչ որոշվում է ուժով։
- Իրանը զրկվում է Հըզբոլլահի հետ կապից, ինչը նրան կարող է ստիպել ստեղծել միջուկային զենք։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում միջուկային զենք կլինի։ Սա կատաստրոֆա է ու կարող է բերել շատ լուրջ հետևանքների՝ արհավիրքի։
- Ոչ ոք չի ասում, որ Ասադը լավ մարդ էր։ Այո՛, նա բռնապետ էր, բայց ի՞նչ է, բռնապետին տեռորիստով փոխարինելն ավելի լա՞վ է։
- Արևմուտքի երկերեսանիությունն անտանելի է:
- Պետդեպի ներկայացուցիչը, որ եկել Սյունիքում սրտաճմլիկ տեսքով նայում էր՝ ինչպես են արցախցիները թողնում իրենց հայրենիքը, երբ հարցրեցին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, պատասխանե՞ց… Ո՛չ։ Իսկ Ֆրանսիայի արտգործնախարարին որ հարցրեցին՝ կօգնե՞ք Հայաստանին, ռազմական օգնություն կցուցաբերե՞ք, ի՞նչ ասաց, ասաց՝ Ո՛Չ։ Նրանք մեզ ոչինչ չեն խոստացել, բայց ասում են՝ Ռուսաստանին տարածաշրջանից պետք է հանեք, ՀԱՊԿ-ից պետք է դուրս գաք։
- Ըստ Արևմուտքի՝ Վրաստանում կարելի է վառել Պառլամենտի շենքը, իսկ մեզ մոտ կարելի է վառել ցուցարարներին… Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցների վրա ռումբեր գցեցին, կարելի էր, իսկ Վրաստանում վառեցին Պառլամենտի շենքը, դեմոկրատիա էր։
Հիշեցնենք, հունիսի 12-ին ՀՀ ոստիկանությունը Փաշինյանի հրահանգով
Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի հանրահավաքի մասնակիցների դեմ լուսաձայնային նռնակներ կիրառեց, այդ թվում՝ բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ բեկորային վնասվածքներ էին ստացել, մի քաղաքացու ձեռքն էր կտրվել:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, արձագանքելով դեպքերին, հորդոր հղեց ցուցարարներին, ոչ թե ՀՀ իշխանություներին, ում հրահանգով և մասնակցությամբ տեղի ունեցան այդ դեպքերը: Ավելին, նրանք խրախուսում էին իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր միջադեպերով.
«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։
- Ադրբեջանը մեզնից հարցնո՞ւմ է, որ ամեն շաբաթ Իսրայելից զենք է գնում։ Ինչո՞ւ է Փաշինյանը հաշվետվություն ներկայացնում Ալիևին, թե ինչ զենք ենք ձեռք բերում: Ադրբեջանը զինվում է մեր դեմ, մենք առնվազն պաշտպանվելու համար միջոցներ չպե՞տք է ձեռք բերենք։ Մենք հակադրոնային պաշտպանության միջոցներ ունե՞նք։ Մենք թրեյնինգներ անցե՞լ ենք։ Էրդողանը բաց ասել է՝ մեր հաջորդ թիրախը Զանգեզուրն է։ Մենք դրա պատասխանը տվե՞լ ենք։ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան… Սա հզոր դաշինք է՝ մեր դեմ, իսկ ի՞նչ ենք անում մենք։
- Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները լուրջ ղեկավարներ են, գործ են անում: Նրանք տրիկոյով հեծանիվ չեն քշում, գործո՛ւմ են։
- Այս իշխանությունների գործողությունների հետևանքով ադրբեջանցիները լցվելու են Հայաստան: Ես իմ տան վերանորոգումը չեմ ավարտում, որովհետև վախենում եմ՝ ինչ-որ Մամեդով մի օր կգա ու կասի՝ սա իմ տունն է։ Ի՞նչ եմ անելու։ Սրանք՝ Փաշինյանը և նրա թիմը, Բաշար Ասադի պես կնստեն ինքնաթիռն ու կփախչեն։ Մենք հզոր թշնամիներ ունենք, որոնց բաց են խաղում ու ասում են՝ ինչ են անելու մեր երկրի հետ։
- Սա շատ վտանգավոր աշխարհ է, և այս իրավիճակում մեզ պետք են կոմպետենտ ղեկավարներ։
- Փաշինյանը ժամանակին, որպես լրագրող, շանտաժներով կլյաուզա գրող էր. նրա գործը բանակցություն վարելը, երկիր ղեկավարելը չէ, թող գնա, շարունակի կլյաուզա գրի։ Դա նրա մոտ ավելի լավ է ստացվում։
- Մինչև 2018թ․ չարաբաստիկ հեղափոխություն կոչվածը մենք ուժային պոտենցիալ ունեինք, զսպում էինք մեր հակառակորդներին ու կարող էինք նրանց հետ գնալ արժանապատիվ փոխզիջումների, մեզ հարգում էին, հաշվի էին առնում՝ որպես երկիր: Իսկ Փաշինյանին ուղղակի չեն հարգում ու նրա հետ չեն խոսում։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս Նոր տարին կարող է վերջինը լինել Երևանում, եթե այսպես շարունակվի։
Մանրամասները՝ տեսանյութում։