340 միլիոն դոլար կվճարեն բյուջեից՝ պաշտոնյաների բարեկեցությունն ավելի բարեկեցիկ դարձնելու համար
Հիփոթեքի շրջանակներում եկամտային հարկի վերադարձի արտոնությունը ծանր բեռ է դարձել պետական բյուջեի համար։ Այդ արտոնությունը, որը նախորդ իշխանությունների կողմից ներդրվել էր որպես ժամանակավոր սոցիալական աջակցության ծրագիր՝ ուղղված միջին խավի բնակարանային խնդիրների լուծմանն ու շինարարության ոլորտի խթանմանը, մուտացիայի ենթարկելով՝ ՔՊ-ականները ոչ միայն վերացրեցին դրա սոցիալական նշանակությունը, այլև այդպիսով ահռելի բեռ դրեցին պետական բյուջեի վրա։ Այն բյուջեի, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է բոլորիս գրպանի փողը։
Բոլորիս գրպանի հաշվին՝ լուծեցին իրենց բնակարանային խնդիրները ու հիմա հպարտանում են, որ 2027թ. վերադարձվող եկամտային հարկի գումարները 4895 տոկոսով կամ 61,5 անգամով ավել են, քան 2017թ.։
«2025-ին մենք եկամտային հարկի վերադարձի հոդվածով ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք 95 մլրդ դրամ կամ 263 մլն դոլար: Այս տարի արդեն այդ ցուցանիշը 78,6 մլրդ դրամի է հասնում, այսինքն՝ մենք քաղաքացիներին վերադարձրել ենք 95 մլրդ դրամ՝ 2025 թվականին, և 78 մլրդ դրամ՝ այս տարի:
Այս գումարը ՀՀ քաղաքացիների, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար է, որովհետև մարդիկ այդ գումարներով ձեռք են բերում բնակարաններ»,- Ազգային ժողովում 2027թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այո՛, այդ գումարները կառավարությունը տալիս է, որպեսզի որոշ մարդկանց ու ընտանիքների բարեկեցությունն ավելի բարեկեցիկ դառնա։ Բայց դա շարքային քաղաքացիներին ու սոցիալապես անապահովներին չի վերաբերում։ Վերաբերում է պետական պաշտոնյաներին, իշխանության ներկայացուցիչներին ու այն առավելապես ապահովված խավերին, որոնք բարձր եկամուտներ են ստանում, կարողանում են իրենց թույլ տալ հիփոթեքով բնակարան գնել ու հետ ստանալ վճարած եկամտային հարկը։
Այս մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար պետական բյուջեն տարեկան հարյուրավոր-միլիոն դոլարներ է վճարում նրանց հաշվին, ովքեր այդպիսի հնարավորություն չունեն, որովհետև նրանց եկամուտները չեն բավարարում հիփոթեքով բնակարան գնել ու, առանց այն էլ բարձր եկամուտներ ունեցողների նման, հետ վերադարձնել վճարած եկամտային հարկը։
Հաջորդ տարի հիփոթեքային վարկերի տոկոսները փոխհատուցելու համար կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից վճարել 122.6 մրդ դրամ։ Այսօրվա փոխարժեքով սա համարժեք է շուրջ 340 մլն դոլարի։
Այդքան գումար պետական բյուջեն կվճարի, որպեսզի հասարակության առավել ապահովված խավը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, բարեկեցիկ կյանքով ապրեն։
340 միլիոն դոլարն ահռելի բեռ է բյուջեի համար ու հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի մյուսները վճարեն, որպեսզի պետական պաշտոնյաներն ու հասարակության առավել ապահովված խավն իրեն ավելի բարեկեցիկ զգա։
Վերջին 6-7 տարիներին այդ մարդիկ եկամտային հարկի վերադարձի միջոցով պետական բյուջեից արդեն հասցրել են ստանալ 1 մլրդ դոլարից ավելի գումար։ Հաջորդ տարի կստանան ևս 340 մլն դոլար։
Տարեկան 1-1.5 մլրդ դոլարով պարտք են ավելացնում, որպեսզի փակեն պետական բյուջեի ճեղքերը, իսկ 340 միլիոն դոլար պատրաստվում են միայն եկամտային հարկի վերադարձի միջոցով բաժանել իրար մեջ։
Սա բյուջեի՝ օրենքով ամրագրված թալան է, որից օգտվում են գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։
Այսօրվա իշխանության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների մեջ գրեթե չկան այնպիսիք, որոնք այս ընթացքում չեն հասցրել օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։ Այդ պաշտոնյաներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է, որը վաճառեց իր նախկին բնակարանն ու նորը գնեց, որպեսզի ինքն էլ օգտվի եկամտային հարկի վերադարձից ու պետական բյուջեից տարեկան միլիոնավոր դրամներ հետ ստանա՝ վճարած եկամտային հարկի միջոցով։
Բարձրացրեք ցանկացած ՔՊ-ականի եկամուտների հայտարարագիրը, պարտադիր առնվազն մեկ բնակարան ունի ձեռք բերված հիփոթեքով։ Այն հսկայական գումարները, որոնք այսօր պետական բյուջեն վճարում է եկամտային հարկը վերադարձնելու համար, այս բնակարանների հիփոթեքի տոկոսները փակելու համար են։ Քիչ է, բարձր աշխատավարձեր են ստանում, իրենց աշխատավարձերը կրկնապատկում են, պարգևավճար են ստանում, մի բան էլ պետությունից հետ են ստանում վճարած եկամտային հարկի գումարները։
Այսքանից հետո բոլորովին զարմանալի չէ, թե ինչո՞ւ են իշխանություններն այդքան առատաձեռն, ինչո՞ւ են պետական բյուջեից այդքան գումարներ շռայլում այս ծրագրի շահառուների համար։ Ծրագիր, որից օգտվում են բացառապես նրանք, ովքեր բարձր եկամուտներ են ստանում։ Իսկ ցածր եկամուտներ ունեցողները, որոնք հիմնականում սոցիալական խոցելի խմբերն են, շարունակում են զրկված լինել այդ հնարավորությունից։
Ու դեռ Նիկոլ Փաշինյանն արդարանում է, թե ինչո՞ւ գյուղացին չի կարողանում հիփոթեքից օգտվել։ Իբր նրան խանգարում է այն, որ հարկ չի վճարում։ Մինչդեռ խնդիրը ոչ թե հարկ վճարելու, այլ եկամուտների մեջ է։ Այսօր էլ հարյուր-հազարավոր քաղաքացիներ կան, որոնք աշխատում են, հարկ են վճարում, բայց եկամտային հարկի վերադարձի արտոնությունից չեն կարողանում օգտվել, որովհետև նրանց եկամուտները բավարար չեն հիփոթեք ստանալու համար։
Եկամտային հարկի վերադարձի ծրագիր իրականացնելու նպատակը՝ ի սկզբանե, այս մարդկանց գտնելն էր։ Այնինչ՝ ՔՊ-ն եկավ ու հարամեց։ Այն հարմարեցրեց իրեն՝ պետությանը դնելով ահռելի ֆինանսական բեռի տակ, որը դեռ տասնյակ տարիներ պիտի վճարի պետական բյուջեն։ Ու ինչպես տեսնում ենք, այդ բեռը տարեցտարի դեռ շարունակում է ավելանալ։
Տարիների ընթացքում, թե այս ծրագրի շրջանակներում ինչքան գումար կվերադարձնի պետությունը՝ հանուն նրա, որ որոշ մարդիկ պետության հաշվին իրենց բարեկեցությունն ավելի բարեկեցիկ դարձնեն, ժամանակը ցույց կտա։ Բայց փաստ է, որ խոսքը լինելու է միլիարդավոր դոլարների մասին։
Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են այսքան վարկեր ու պարտքեր վերցնում։
Արդեն հաջորդ տարվա վերջին ՔՊ-ի վերցրած պարտքերը կհասնեն 10 մլրդ դոլարի։
Նաև այդ պարտքերի հաշվին է, որ իրենց այսպիսի շռայություններ են թույլ տալիս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

