Թուրքիան Եվրոպայում եկամուտների անհավասարության մակարդակով 1-ինն է
Եվրոպական երկրներում եկամուտների բաշխման անհավասարությունը նվազում է, մինչդեռ Թուրքիայում հակառակ պատկերն է արձանագրվել։ Եվրոպական վիճակագրական ծառայության (Eurostat) 2025 թվականի տվյալների համաձայն՝ Թուրքիան ուսումնասիրված եվրոպական 34 երկրների շարքում եկամուտների անհավասարության ամենաբարձր մակարդակն ունեցող երկիրն է։
Ջինիի գործակիցը (վիճակագրական ցուցանիշ է, որը չափում է տնտեսական անհավասարության մակարդակը) Թուրքիայում կազմել է 43.9՝ առաջ անցնելով Բուլղարիայից (37.7), Լատվիայից (35.6), Լիտվայից (35.5) և Սերբիայից (32)։ Եվրամիության միջին ցուցանիշը կազմել է 29.2։
Ջինիի գործակիցը Թուրքիայում 2010 թվականից ի վեր էական բարելավում չի արձանագրել։ 2025 թվականի 43.9 ցուցանիշը գերազանցում է նաև 2010-2024 թվականների միջին մակարդակը՝ 43-ը։
Թուրքիայի և Եվրամիության միջին ցուցանիշների տարբերությունը 2025 թվականին հասել է 14.7 կետի։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում եկամուտների բարձր անհավասարության հիմնական պատճառներից են կրթության մակարդակի, հմտությունների և վաստակելու կարողությունների միջև առկա զգալի տարբերությունները։
Զեկույցում նշվում է նաև, որ հարկային և սոցիալական աջակցության համակարգի՝ եկամուտների բաշխման անհավասարությունը նվազեցնելու կարողությունը ՏՀԶԿ երկրների շարքում ամենացածր մակարդակներից է։ Կազմակերպությունը դա կապում է սոցիալական աջակցության համակարգի սահմանափակ ընդգրկման հետ։
Ermenihaber

