Ադրբեջանում տոնում են Շուշին «ազատագրելու» օրը. Ինչո՞ւ Շուշիի համար ճակատամարտն ավարտվեց Ադրբեջանի օգտին
Ադրբեջանում այսօր նշում են 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, հատկապես առանձնացվում է Շուշիի գրավումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել իր ժողովրդին, դրան ավելի ուշ կանդրադառնանք:
Իսկ Ադրբեջանին օրվա առիթով առաջին շնորհավորողներից, բնականաբար, եղել են Թուրքիան և Իսրայելը, որոնց ռազմական աջակցության շնորհիվ է նաև Ադրբեջանը կարողացել պատերազմում հաղթանակ ապահովել:
Ի դեպ, որ այս տարվա հունվարին Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի ուշագրավ հայտարարություն էր արել:
«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения)»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմական տեսանկյունից մինչև վերջ փորձ է արվել չթողնել Շուշին Ադրբեջանին, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի միջոցով, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ձեռնարկած գործողություններով, բայց հետո քաղաքական և ռազմավարական որոշում է կայացվել կամ ամեն ինչ դիտմամբ տարվել է նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի հաղթանակը լիակատար դարձվի այդ պահի դրությամբ:
Այս հարցերի պատասխանները մենք դեռ չունենք՝ ինչո՞ւ են ձախողվել Շուշին հետ վերցնելու՝ ԳՇ-ի գործողությունները, երբ նոյեմբերի 7-ին Շուշիի նկատմամբ գրեթե կորցրել էինք վերահսկողությունը: Այստեղ ասելիք ունի նաև գեներալ Օնիկ Գասպարյանը:
Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար 2022 թվականի օգոստոսի վերջին մեղադրանք էր առաջադրվել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին, այս դրվագով մեղադրանքը, այսպես ասած, ավարտվում է նոյեմբերի 7-ով:
Ավելի ուշ 168.am-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձել էր պարզել՝ Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր, որ Շուշին հետ վերցնելու գործողություններ են եղել նոյեմբերի 7-ից հետո, այս հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է:
Մայիսին ուղարկված մեր այս գրավոր հարցադրմանն ի պատասխան՝ հունիսին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին.
«44-օրյա պատերազմի ընթացքում ծավալված ռազմական գործողությունների բոլոր ուղղությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու, զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված առերևույթ այլ հանցագործությունների կատարման դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում»:
Որոշ ժամանակ անց մենք փորձել էինք ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների, այսպես ասած, քննությունն ինչ փուլում է, բայց մեզ պատասխանել էին, որ պահանջվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
Այս համատեքստում կարող ենք արձանագրել՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշին ամբողջությամբ կորցնելուց հետո փորձ է արվել այն հետ բերել, և, թերևս, ընթացող մարտերի մասին պաշտոնական տեղեկատվությունը և գրառումները հենց դրան են վերաբերել: Այսինքն, խնդիրն այն է, որ հանրությունից գաղտնի է պահվել Շուշին կորցնելու փաստը, և, որ այդ մարտերը կամ ռազմական փորձերը ոչ թե Շուշին պահելու համար էին, այլ հետ վերցնելու, և դեռ հարց է՝ ինչ է արվել դրա համար և ինչ չի արվել:
Ի վերջո, և՛ Սեյրան Օհանյանը Արգիշտի Քյարամյանի հետ, և՛ Սամվել Բաբայանը Երևան էին եկել Արցախի նախագահի խնդրով՝ ռազմական աջակցության հետ կապված, և այս թեմայով ևս ասելիքներ կան և պատասխաններ կան տալու:
Իսկ 168.am-ը դեռ երկու տարի առաջ առանձնացրել էր 2020 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձություններն ու պաշտոնական հայտարարությունները, նաև՝ ինչպես էր այդ օրը իշխանությունը հանրության ուշադրությունը շեղում մարտական գործողություններից և Շուշիի անկումից:
Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ադրբեջանական ֆեյք լուրեր էր տարածել, պնդելով, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասներ էր ներկայացրել:
Այդ օրը նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:
Փաշինյանի այդ ժամանակվա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ կերպով հերքել այդ ֆեյքային տեղեկությունը:
Աննա Հակոբյանն էլ, ով միայն նոյեմբերի 6-ին էր իր ջոկատով պատրաստ եղել «մարտական առաջադրանքի», և որը չի ընդգրկել Արցախը, նոյեմբերի 7-ին որոշել էր կողմնորոշման կոչ անել հանրությանը՝ «եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն, եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի»:
Իսկ նոյեմբերի 8-ին և 9-ին շարունակվել էին հայտարարությունները Հայաստանի և Արցախի իշխանությունների ու պատասխանատուների կողմից, և, չգիտես՝ ինչու, Արցախի նախագահը, ԱԳ նախարարը վստահ էին, որ դեռ հնարավոր է բեկում մտցնել: Եվ հանկարծ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է անում.
«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…»:
Վ. Պողոսյանի այս գրառումից հետո սկսվեց տեղեկությունների շրջանառումը, թե նրա ֆեյսբուքյան էջը կոտրել են: Սակայն 168.am-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանն անմիջապես հերքել էր դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ դաշտ նետված այդ լուրը՝ «իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»:
Իսկ դրանից առաջ Արծրուն Հովհաննիսյանը պնդել էր. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Սա է իրերի իրական դրությունը։ Այլ չհիմնավորված կարծիքներն ուղղակի մերժեք»:
Այսինքն, կոնկրետ դեպքում գործ ունեինք ոչ թե հայկական և ադրբեջանական կողմերի տեղեկությունների իրարամերժության, այլ ՀՀ-ի և Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև տեղեկատվական պայքարի հետ: Արդյոք սրանց մեջ չերևացող շղթայական կապ կա՞ր՝ չենք կարող ասել: Չնայած Նիկոլ Փաշինյանն ինքն էր Քննիչ հանձնաժողովում հայտարարել, որ Արցախից ստացված պաշտոնական ու ՀՀ ԶՈՒ ԳՇ ունեցած տեղեկությունների միջև տարբերություն կար, և, որ ինքն առավել վստահում էր Արցախի նախագահի տրամադրած տեղեկությանը, այդ դեպքում ինչո՞ւ էր թույլատրում Արցախում քարոզչական թեզեր համարվող տեղեկությունների տարածումը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից, և ինքն էլ նմանօրինակ տեղեկություններ տարածում, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 8-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հորդորել էր Շուշիի հետ կապված վաղաժամ ոչ լավատեսական, ոչ էլ, առավելևս, հոռետեսական գնահատականներ տալ և պնդել. «Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»:
Ինչի՞ հիման վրա էր նոյեմբերի 8-ին նման հայտարարություն անում Արծրուն Հովհաննիսյանը, կամ վստահ, որ Շուշիի համար ճակատամարտը հենց նոյեմբերի 9-ին է ավարտվելու՝ ռազմաճակատից ստացվող լուրերի՞, հայկական զինված ուժերի ռեսուրսների մասին ներքին տեղեկությունների՞, թե՞ տեղյակ էր կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրման նախապատրաստության մասին, ինչը ժամեր հետո տեղի ունեցավ:
Իսկ իրականում Շուշիի ճակատագիրն արդեն նոյեմբերի 8-ի երեկոյան էր պարզ առնվազն, եթե հաշվի առնենք քաղաքը հետ վերցնելու փորձերը միայն, այլ ոչ թե՝ երբ այն կորցրեցինք: Իսկ դեպի Շուշի ճանապարհ են բացել Ջաբրայիլի, Ֆիզուլիի օպերացիաները, ինչպես հոկտեմբերին մանրամասնել էր Ալիևը: Եվ այստեղ լուրջ դերակատարում են ունեցել ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, ուստի պատահական չէր, որ այս տարվա հունվարին 44-օրյայի ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները ղեկավարած գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը Հատուկ նշանակության ուժերի հրամանատարից նշանակվել էր Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար:
168.am-ը գրել էր, որ հենց Միրզոևն է կանգնած կադրային փոփոխությունների հետևում, և անգամ վերջերս ադրբեջանական հարթակներում հնարավոր էին համարում նրա՝ Ադրբեջանի հաջորդ պաշտպանության նախարար լինելը: Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը Հիքմեթ Միրզոևին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել, Ալիևը զինվորական բարձր կոչումների է արժանացրել նաև 2020 թ. պատերազմի ադրբեջանական այլ հերոսների, այդ թվում՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գործող հրամանատարին։
Սա հերթական անգամ հաստատում է հատուկ նշանակության ուժերի հզորացման՝ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը: Իսկ նոր պատերազմի հավանականությունը ոչ ոք չի չեղարկել, հատկապես, երբ իր ժողովրդին ուղղված ուղերձում Ալիևը դարձյալ հնարավոր սադրանքների պատասխանատվությունը դրել է Հայաստանի և արևմտյան երկրների վրա՝ շեշտելով, որ իրենք պետք է «պատրաստ լինեն սադրանքներին»:
Մյուս կողմից, Ալիևն իրեն իրավունք է վերապահել Հայաստանին սպառնալ՝ Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու կամ ռազմականացման քաղաքականությունից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է զինվել ժամանակակից սպառազինությամբ և զգալի ավելացրել է ռազմական բյուջեն:
Վերադառնանք բուն թեմային՝ Շուշին կորցնելուն և 44-օրյա պատերազմում պարտվելուն, և հավելենք, որ մինչ նոյեմբերի 8-ին, ըստ էության, Ադրբեջանում տոնում էին Շուշին վերցնելը, ՀՀ-ում նույն օրն Արմեն Աբազյանն ընտրվեց ԱԱԾ տնօրեն, հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո, Միքայել Համբարձումյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սամվել Մովսիսյանը 2020 թվականի նոյեմբերի 3-ին նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, հետո երկար ժամանակ կառույցի պետի պաշտոնակատարն էր, երբ պետին ազատել էին, իսկ հետո արդեն ինքը դարձավ նշված կառույցի հիմնական ղեկավարը:
Ինչ վերաբերում է Շուշին կորցնելուն, ապա պատերազմի ավարտից 4 տարի հետո շատ բան պարզ է, շատ բան էլ դեռ պարզ չէ: ՀՀ իշխանությունները ցանկություն չհայտնեցին Միքայել Արզումանյանին լսել Քննիչ հանձնաժողովում, իսկ այս գործով դատաքննությունն էլ դռնփակ է:
Եվ գուցե և՛սրանից ելնելով, և՛ Միքայել Արզումանյանին լրացուցիչ թիրախավորումից հետ պահելու նպատակով ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանական թիմն առհասարակ տեղեկություն չի հայտնում դատաքննության մասին, թե ինչ փուլում է այն, քանի վկա է հարցաքննվել և այլն: Եվ մենք դետալներով դեռ չգիտենք՝ ով ինչ չի արել, որ Շուշիի համար ճակատամարտն Արցախի օգտին ավարտվի: